
Տարածաշրջանը չի կարող թույլ տալ ևս մեկ պատերազմ. Իրանի արտգործնախարարը՝ Բայրամովին

Թեհրանում շարունակում են համակ ուշադրությամբ հետևել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը սեպտեմբերի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ շեշտելով հայ-իրանական միջպետական սահմանի որևէ փոփոխության անընդունելիությունը:
«Իրանի և Հայաստանի սահմանը պետք է մնա առանց փոփոխությունների», – ասել է Իրանի արտգործնախարարը:
Ըստ Fars լրատվական գործակալության՝ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ: Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը խիստ մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր զինված հակամարտության բռնկման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Իրանը պատրաստ է օժանդակել Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի լուծմանը քաղաքական խաղաղ ճանապարհով:
«Մենք միշտ առանձնահատուկ կարևորություն ենք տալիս երկրների տարածքային ամբողջականության պահպանմանը, այդ թվում՝ Ադրբեջանական Հանրապետության և Հայաստանի, և կարծում ենք, որ Իրանի ու Հայաստանի միջև սահմանը հաղորդակցության պատմական ճանապարհ է, որը պետք է պահպանվի առանց փոփոխությունների», – ասել է Աբդոլլահիանը:
Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ տարածաշրջանը չի կարող թույլ տալ ևս մեկ պատերազմ:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը կողմերին կոչ է անում զսպվածություն դրսևորել», – հավելել է Ամիր Աբդոլլահիանը: