Հայաստանի ղեկավարության համար՝ ի դեմս Փաշինյանի, հսկայական խնդիր կա՝ ՀԱՊԿ-ը կարող է մտնել ՀՀ տարածք՝ ոչ միայն երկրի պաշտպանության համար. Տրոֆիմչուկ

«Ադրբեջանը նույնպես փորձարկում է Մոսկվայի՝ միաժամանակ երկու ճակատով գործելու կարողությունը։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ Վաշինգտոնը չի թողնի Հայաստանին՝ արդեն երկու ոտքով տարածաշրջան մտնելու հույսով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանային և անվտանգության հարցերով ռուսաստանցի քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին բռնված իրավիճակին ու Ադրբեջանի հարձակողական գործողություններին:

Վերլուծաբանն ընդգծեց, որ հայ-ադրբեջանական սահմանին, մեծ հաշվով, իր համար էական փոփոխություն չկա այն առումով, որ իրավիճակի իրական կայունացումը դեռ շատ ու շատ հեռու է։

Նրա կարծիքով, նկատելի է, որ այսօրվա սրացումն արդեն իսկ տեղի է ունենում ուղիղ սահմանին, կարծես թե Ղարաբաղի հարցից դուրս։

Տրոֆիմչուկը վստահեցնում է՝ Ադրբեջանը հասնելու է 2020 թվականի նոյեմբերի պայմանավորվածությունների բառացի իրականացմանը, և մասնավորապես՝ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքների ճեղքմանը։

«Եվ եթե հարցը որևէ կերպ չլուծվի առանց ռազմական ուժի, ադրբեջանական բանակը ստիպված կլինի նորից ու նորից քայլեր ձեռնարկել, քանի որ Բաքուն ոչ մեկին հարյուր անգամ չի զգուշացնում։ Եվ առավել ևս, երբ նրա ձեռքում եռակողմ փաստաթուղթ է։ Ի թիվս այլ հարցերի, շոշափվում է հայկական բանակի պատրաստակամությունը՝ պաշտպանելու սեփական երկրի տարածքը, որպես այդպիսին՝ Ղարաբաղից դուրս։ Իսկ հնարավոր կլինի՞ ծայրահեղ դեպքում հասնել Երևանի պատերի տակ։

Հարցի նման ձևակերպման մեջ գերբնական բան չկա, քանի որ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում այսօրվա աշխարհում և աշխարհաքաղաքականության մեջ, որտեղ, կարծես թե, արդեն տաբու թեմաներ չկան։ Սակայն Հայաստանը կարող է նոր պաշտպաններ ունենալ։ Իսկ ԱՄՆ-ը արդեն բացահայտորեն փորձում է դերակատարում ունենալ՝ հույս ունենալով դուրս մղել Ռուսաստանին։ Բայց մինչ այժմ նրանց կանգնեցրել են մի շարք չլուծված խնդիրներ, և մասնավորապես՝ նույն Ադրբեջանի հետ, որին վերապահված է ռեսուրսները ԵՄ փոխադրողի դերը։

Ինքը՝ Ադրբեջանը, նույնպես փորձարկում է Մոսկվայի՝ միաժամանակ երկու ճակատով գործելու կարողությունը։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ Վաշինգտոնը չի թողնի Հայաստանին՝ արդեն երկու ոտքով տարածաշրջան մտնելու հույսով»,- նման տեսակետ հայտնեց Տրոֆիմչուկը:

Բայց, նրա խոսքով, Հայաստանի համար, որը կրկին դիմում է ՀԱՊԿ-ին, կա մեկ այլ հսկայական խնդիր:

«Ավելի ճիշտ՝ Հայաստանի ղեկավարության համար՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, քանի որ, հիպոթետիկ ասած, ՀԱՊԿ-ը կարող է մտնել Հայաստանի տարածք ոչ միայն երկրի ընդհանուր պաշտպանության, այլ, առաջին հերթին, այստեղ տեղակայված ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների ոչնչացման համար։

Փաշինյանը վերջին տարիներին ասում էր, թե իբր այդ օբյեկտները բացարձակ թափանցիկ են թե՛ լրագրողների, թե՛ Ռուսաստանի համար, բայց իրականում դա այդպես չէ։ Հենց այս ամառ՝ հունիսից օգոստոս, լաբորատորիաները ստուգել է ամերիկացի մասնագետների մի ամբողջ խումբ՝ DTRA-ի աշխատակից Ռայան Արների գլխավորությամբ։

Այցի նպատակն էր վերահսկել աշխատանքը տարբեր վիրուսների հետ։ Հայ հանրության համար այս թեման գործնականում անտեսանելի է, քանի որ Հայաստանի ղեկավարությունը, համաձայնության գալով ԱՄՆ-ի հետ, որոշել է նման տեղեկատվության անհասանելիության առավելագույն աստիճանը։

Երևանին պարտադրված է նաև Կենտրոնական Ասիայի և Կովկասի կենսաանվտանգության ասոցիացիային մասնակցությունը, որն անմիջականորեն առնչվում է պրոֆիլային տարածաշրջանի գործերին։

Այսպիսով, Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանին օգնության հարցն ավելի ծավալուն է թվում, քան թվում է հայ ակտիվիստներին ու դիտորդներին։ Եվ սա նաև աշխարհաքաղաքականության հարց է, որը տարածաշրջանային թեմայի մաս է կազմում»,- նշեց Տրոֆիմչուկը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ճնշումներին, ապա, ըստ Տրոֆիմչուկի, դրանք կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ միջանցքները չեն ճեղքվել։

«Ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ էլ Ռուսաստանի Դաշնությունն այստեղ չեն օգնի Հայաստանին, քանի որ Մոսկվան ինքն է թույլատրել հաղորդակցությունները։ Էլ չենք խոսում Երևանի մասին, որը փորձում է հրաժարվել գրեթե երկու տարի առաջվա սեփական պայմանավորվածություններից:

Հարցը, իհարկե, վերաբերում է նաև հայերի կողմից պատերազմի գնալու պատրաստակամությանը։ Բայց Ադրբեջանն առայժմ տեսնում է, որ սրանից չպետք է վախենա։ Եթե ​​Երևանը պաշտպանության հարցում սեփական քայլեր ձեռնարկի, սա լուրջ ազդանշան կլինի։ Բայց մինչ այժմ Երևանը շարունակական կոչեր է անում աշխարհի բոլոր հասցեներով, այդ թվում՝ ՄԱԿ-ին, որն Ադրբեջանի համար միայն մեկ բան է ասում՝ հայկական թուլության մասին։ Իսկ Բաքվին դժվար կլինի հակառակում համոզել»,- ասաց Տրոֆիմչուկը:

Նա նաև ասաց, որ անհնար է անտեսել մեկ այլ խնդիր՝ Հայաստանի խաղադրույքը Ռուսաստանի այն հասարակական-քաղաքական գործիչների, այդ թվում՝ պատգամավորների վրա, որոնք ունակ չեն օգնել նրան։

«Ըստ ամենայնի, Հայաստանը սխալ է հաշվարկել, քանի որ խաղադրույքը կատարել է սխալ ֆիգուրների վրա։ Նրանցից շատերը նույնիսկ հենց Ռուսաստանում բոլորին հոգնեցրել են։ Ռուսաստանում ավելի շատ փորձագետներ կան, քան նրանց նեղ շրջանակը, ում հետ Հայաստանը մշտապես գործ է ունենում։

Ժամանակին հայտնաբերված ճիշտ խոսքերը, այլ ոչ թե պատերազմը, ուժ ունեն կասեցնելու որոշակի ռազմական գործողություններ: Բայց դրանք դեռ չեն հայտնաբերվել»,- նշեց ռուսաստանցի քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:

Տեսանյութեր

Լրահոս