«Գլխավոր խնդիրը սրանց բոլոր ճանապարհներով վտարելն է, կանգ չառնել օրինականության-անօրինականության վրա. ապստամբություն է պետք, ապստամբություն է արվելու». Սերժ Սրապիոնյան
«Հայաստանի իրական օրակարգը» խորագրով հանրային քննարկման ժամանակ ԵՊՀ դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանը նշեց՝ մեզ սպասվում են շատ ծանր օրեր: Դրված է մեր լինել-չլինելիության հարցը:
«Եթե մենք գնում ենք այս իշխանությունների խաղաղության դարաշրջանով, հայտնվում ենք առանց կոյուղագիծ ունենալու գյուղական զուգարանում և ստիպված ենք ապրելու այդպես: Այդպես իմ և ձեր տեսակը պատրաստ չէ ապրել: Մյուս տարբերակը բախման գնալն է: Մենք պարտվել ենք մեր ներսի թշնամուն, որը բախվել է հայոց նաիրական գահին և ամեն ինչ անում է մեզ ոչնչացնելու համար»,- ասաց ԵՊՀ դասախոսը՝ հավելելով, որ քանի դեռ այս իշխանության ձեռքում են իշխանական լծակները, մենք գնում ենք դեպի անկասելի կործանում:
Խոսելով արտաքին մարտահրավերների մասին՝ Սերժ Սրապիոնյանը նկատեց՝ եթե տեղի ունենա այն, ինչ ուզում են ՆԱՏՕ-ականները, ապա մենք հայտնվում ենք ճիշտ ոչնչացման կիզակետում:
«Այս մարդիկ պատերազմից հետո երկու տարվա ընթացքում մի փամփուշտի գնում չեն կատարել: Միտումը շատ պարզ է՝ չունենալ բանակ, չկարողանալ պաշտպանվել: Եվ ակնհայտ է. բանակը ստեղծվում է մեր մշակութային մտածողության շնորհիվ, քանդում են մշակույթը, կրթության շնորհիվ, քանդում են կրթությունը: Գիտեք՝ ինչ վերաբերմունք կա եկեղեցու դեմ, առհասարակ այն կառույցների դեմ, որոնք մտածում են հայրենասիրաբար»,- ասաց Սերժ Սրապիոնյանը:
Անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների՝ Խորհրդարան վերադառնալ-չվերադառնալու հարցին՝ ԵՊՀ դասախոսն ասաց՝ դա իրենք պիտի որոշեն:
«Ես իմ ձայնը տվել եմ, ընտրել եմ նրանց, ուրեմն պիտի վստահեմ: Կգնան՝ ճիշտ է, չեն գնա, ուրեմն դա է ճիշտ: Իրենք ավելի լավ գիտեն: Գլխավոր խնդիրը սրանց վտարելն է, վտարել բոլոր ճանապարհներով, կանգ չառնել օրինականության-անօրինականության վրա: Կարող են ինձ մեղադրել, ձերբակալել. ապստամբություն է պետք, ապստամբություն է արվելու: Մեր միակ փրկությունը՝ հաղթել ներքին ադրբեջանցուն, որը հնարավորություն կտա մեզ հաղթել արտաքին ադրբեջանցուն»,- ասաց Սերժ Սրապիոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում