«Ես խնդրում եմ ձեզ գործի դնել ողջ գործիքակազմը, վերադառնալ Պառլամենտ՝ Նիկոլ Փաշինյանին ցանկացած գնով վռնդելու համար». Էդգար Ղազարյան

«Մեր անվտանգային խնդիրների օրակարգն անցել է ամենօրյա փոփոխությունների ռեժիմի, որովհետև եթե մեկ տարի առաջ մեզ համար անվտանգային սպառնալիք էր Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի՝ ադրբեջանական շահերից բխող իրագործումը, մեկ ամիս առաջ մեզ համար անվտանգային խնդիր էր Բերձորի պահպանումը, ապա այսօր, երբ կրակոցներ են հնչում Կարմիր Շուկայի ուղղությամբ, երբ Ադրբեջանը բավարար կոնտինգենտ է կուտակել Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններում, երբ օգոստոսի 31-ից առաջ Իլհամ Ալիևը պահանջեց հստակեցնել Զանգեզուրի միջանցքի կոնկրետ կոորդինատները, երբ օգոստոսի 31-ից հետո ԱԳՆ-ն տարակարծություն հայտնեց ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ, արդեն նշանակում է, որ առաջիկայում պատերազմ է սկսվելու Սյունիքում: Եվ եթե նկատի ունենանք կլիմայական պայմանները և երկու տարի առաջվա պատերազմի օրացույցը, ապա չի բացառվում, որ դա տեղի ունենա հենց առաջիկա օրերին»,- «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ ասաց ընդդիմադիր գործիչ, Լեհաստանում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպանորդ, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ պատերազմի թիրախ է դառնալու նաև Վարդենիսը:

Նա նշեց, որ Ալիևը հայտարարել է՝ եթե իր համար ցանկալի միջանցքը նա չստանա բանակցությունների միջոցով, ապա կստանա ռազմական գործողությունների ճանապարհով, և չի եղել որևէ հակադարձում ոչ հայկական կողմից, և ոչ էլ միջազգային հանրության, որը նրան կստիպի հետ կանգնել այդ արկածախնդրությունից:

«Սրան դիմակայելու համար, կարծում եմ, որ մեր քննարկումներն այլևս բավարար չեն: Հայ ժողովրդի ամենամեծ թշնամին խաբեությամբ զավթել է մեր ժողովրդի իշխանությունը և այն ծառայեցնում է թշնամու շահերին: Նրա դեմ պայքարն այլևս քաղաքական պայքար չի կարող լինել: Դա պետք է լինի ազգային-ազատագրական պայքար: Այստեղ միայն պատգամավորների, որոշակի ֆորմալ կարգավիճակ ունեցող գործիչների ուժերը բավարար չեն մեր պետության ամենամեծ անվտանգային սպառնալիքը չեզոքացնելու համար»,- ասաց Էդգար Ղազարյանը:

Դիմելով ԱԺ պատգամավորներին՝ նա նկատեց, որ նրանց կարգավիճակը տարբերվում է սովորական քաղաքացիների կարգավիճակից, և կառավարող խմբակցությանը մենակ թողնելն ԱԺ նիստերի դահլիճում ու նրանց համար կոմֆորտ միջավայր ստեղծելը շռայլություն է:

«Ես խնդրում եմ ձեզ գործի դնել ողջ գործիքակազմը, վերադառնալ այս պահին Պառլամենտ: Դա ամբողջությամբ համապատասխանում է ձեր նախանշած բոլոր հայտարարություններին և այսօրվա օրակարգի պահանջներին: Նիկոլ Փաշինյանին վռնդելու օրակարգով այսօր ձեր Խորհրդարան վերադառնալը համապատասխանում է մանդատներ ստանալուց սկսած և ձեր օրակարգով Պառլամենտ վերադառնալու բոլոր խոստումներին: Մեկ օր շուտ պետք է դա տեղի ունենա: Հասարակությունը կանգնելու է ձեր կողքին՝ ձեր օրակարգով ձեր ֆունկցիաները կատարելու համար»,- ասաց Էդգար Ղազարյանը:

Նախկին դեսպանի դիտարկմամբ՝ Վլադիվոստոկում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած միտքը, թե միջանցք չի տալու Ադրբեջանին, համարժեք է 2020թ. պատերազմից առաջ Արցախում հնչեցրած «Արցախը Հայաստան է, և վերջ» վերջնագրին, և դա նշանակում է, որ Փաշինյանն ի վիճակի չէ բանակցել:

«Մեկ օր շուտ նա պետք է վռնդվի իշխանությունից, ցանկացած գնով, ցանկացած տարբերակով: Դրա լավագույն տարբերակը Պառլամենտ վերադառնալն է հենց այսօր, հենց այս օրակարգով»,- եզրափակեց Էդգար Ղազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս