«Հարկ վճարողների համար ՊԵԿ ծառայությունները մատուցվեն բջջային հավելվածներով»․ ՊԵԿ փոխնախագահ

Այսօր ԱԺ–ում քննարկվում է 2022 թվականի մարտի 15-ին և մարտի 18-ին ՀՀ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված՝ «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հայտարարեց, որ լրացուցիչ նորարարությունների ներդրմամբ պետական կառավարման համակարգի արդիականացման նպատակով ՀՀ կառավարությունը նպատակահարմար է համարել Համաշխարհային բանկի աջակցությամբ նախագծել և իրականացնել «Պետական հատվածի արդիականացման 4-րդ ծրագիրը»․ խոսքը 30 միլիոն ԱՄՆ դոլար գումարով ծրագրի մասին է։

«Այս ծրագրի նպատակն է՝ քաղաքացիական ծառայության շարունակական բարեփոխումների, պետության եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման եւ էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման միջոցով աջակցել պետական կառավարման համակարգի արդիականացմանը: Ծրագիրը համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրին»,- հայտարարեց Աշոտ Մուրադյանը։

Ըստ ՊԵԿ փոխնախագահի՝ այս ծրագիրը հնարավորություն կտա՝

-աջակցել քաղաքացիական ծառայության արդիականացմանը՝ ավագ գործադիր կորպուսի/ծառայության ներդրմամբ,

-ընդլայնել պետության կողմից մատուցվող թվային ծառայությունները՝ դրանց թիվը հասցնելով 350-400-ի,

-արդիականացնել հարկային վարչարարության համակարգերը՝ ապահովելով բջջային հավելվածում հարկային ծառայությունների իրականացումը,

-ներդնել կիբեռանվտանգության եւ հարակից ինստիտուցիոնալ մեխանիզմները,

-հիմնել պետական տվյալների կառավարման միասնական կենտրոն՝ G-Cloud ամպային հիբրիդային մոդելի շրջանակում։

ՊԵԿ փոխնախագահը նաև հայտարարեց, թե այս ծրագրի իրականացմամբ ակնկալվում է բարձրացնել պետական ծառայությունների արդյունավետությունը ու բարելավել դրանց հասանելիությունը բիզնեսի և քաղաքացիների համար:

«ՊԵԿ ծառայությունների մեծ մասը մատուցվում է էլեկտրոնային տարբերակով, բայց չկան բջջային հավելվածներ, ինչը խնդիրներ է ստեղծում»,– հայարարեց նա՝ ավելացնելով, թե տարիներ շարունակ հարկ վճարողներից ստացել են առաջարկներ, որ ծառայությունները մատուցվեն բջջային հավելվածներով։

Ըստ նրա՝ մյուս ուղղությունը ֆիզիկական անձանց համար բջջային հավելվածներով գրասենյակների ձևավորումն է, որի շնորհիվ էլեկտրոնային ծառայություններ կմատուցվեն։

Նա նաև նշեց, որ նախատեսվում է դատական գործընթացի փաստաթղթերի թվայնացում, իրականացվելու է էլեկտրոնային արխիվների ստեղծում և ինտեգրում։

Տեսանյութեր

Լրահոս