Ադրբեջանի գլխավոր խնդիրը Հայաստանի ռազմավարական և կոմունիկացիաների և օբյեկտների նկատմամբ վերահսկողության ապահովումն է. Տիգրան Աբրահամյան
Հայաստանի անվտանգության առաջին սպառնալիքը շատ-շատերիս և այստեղ հավաքված մարդկանց համար Հայաստանի իշխանություններն են:
Նման նկատառում արեց «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով Ազգային ժողովի (ԱԺ) ընդդիմադիր խմբակցությունների հրավերով անցկացվող հանրային քննարկման ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Այն գործընթացը, որը Հայաստանի իշխանություններն այսօր սկսել են՝ սկսած երկրի պետական կառավարման համակարգի կազմալուծումից և նրա առանցքային ինստիտուտների ոչնչացումից, վերջացրած՝ այն պետական քաղաքականությամբ, որն այսօր վարվում է, բնականաբար, ասածիս ամենավառ օրինակն է»,- ասաց ԱԺ պատգամավորը:
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանին և Արցախին պատուհասող բոլոր սպառնալիքները հիմնականում նույն ամբողջության մեջ են վտանգ ներկայացնում: Գլխավոր գործընթացն այսօր, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրն է», որը միայն առաջին հայացքից է խաղաղության մասին:
«Իրականում այն կարող է կոչվել կապիտուլյացիոն, հանձնման, հայրենիքի կորստի, անկման պայմանագիր: Այն սկզբունքները, որոնք այսօր քննարկվում են այդ պայմանագրի շրջանակներում, ակնհայտ է, որ այդտեղ որևէ բան չկա խաղաղության, Հայաստանի և Արցախի շահերի մասին»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Պատգամավորը շեշտեց՝ սահմանագծման և սահմանազատման գործընթացին նախորդել է Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքների բռնազավթման գործընթաց: Այսինքն՝ Ադրբեջանն ինքն իր ձևով արդեն իրականացրել է դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց և փորձում է դրանց տալ իրավական ամրագրումներ:
«Ադրբեջանի գլխավոր խնդիրը շատ դեպքերում Հայաստանի ռազմավարական և կոմունիկացիաների և օբյեկտների նկատմամբ վերահսկողության ապահովումն է: Սա երկարաժամկետ կտրվածքով Ադրբեջանի համար երկու գլխավոր խնդիր է լուծելու. 1-ին՝ հնարավոր լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում ապահովել Ադրբեջանի մեկնարկային առավելությունը, և 2-րդ՝ հնարավոր հարաբերական խաղաղ գործընթացների պարագայում կրկին Ադրբեջանին մի քանի աստիճանում առավելություն ապահովելու համար»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում