«Հարկավոր է ՔՊ-ին մենակ թողնել թշնամու օրակարգը սպասարկելու՝ իրենց ընտրության մեջ». Իշխան Սաղաթելյան
Այսօր իր աշխատանքներն է սկսել 8-րդ գումարման Ազգային ժողովը (ԱԺ): Այս ԱԺ-ն ձևավորվել է 2020թ. պատերազմից հետո ստեղծված իրականությունում: Թվում էր՝ այս ԱԺ-ն բոլոր ԱԺ-ներից պետք է տարբերվեր իր բացառիկ պետականությամբ և ամեն ջանք գործադրեր երկիրն այս վիճակից դուրս բերելու ուղղությամբ: Սակայն այս ԱԺ-ն դարձավ և, վստահ եմ՝ պատմության մեջ կմնա՝ որպես նորանկախ Հայաստանի ամենախայտառակ գումարման Ազգային ժողովը, ԱԺ, որտեղ իշխող մեծամասնության պատճառով բացակայում է պետական և ազգային շահը:
Այս մասին «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով հանրային քննարկման ժամանակ ասաց Խորհրդարանի փոխխոսնակ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Վերջինս ևս մեկ անգամ անդրադարձ կատարեց ԱԺ աշխատանքները բոյկոտելու՝ իրենց որոշմանը: Ըստ նրա՝ Հայաստանի առաջնային և իրական օրակարգը Հայաստանի և Արցախի անվտանգության պաշտպանությունն է:
«Մենք մեր հարյուր-հազարավոր քաղաքացիներից մանդատ ենք ստացել հենց այս օրակարգը պաշտպանելու համար: Հայաստանի իշխանությունները և նրա կցորդ ԱԺ մեծամասնությունը ոչ միայն չեն սպասարկում այդ օրակարգը, այլև աշխատում են դրա դեմ՝ նոր սպառնալիքներ ստեղծելով մեզ համար: Այսօր ԱԺ-ում կա ամեն ինչ, բացի Հայաստանի ժողովրդի, Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանությունից: Հադրութի և Շուշիի դեօկուպացիա խոստացած ու նաև դրա համար քվե ստացած քաղաքական մեծամասնությունը հրաժարվում է ԱԺ-ում դեմ արտահայտվել օկուպացված Շուշիում ստորագրված թուրք-ադրբեջանական հռչակագրին: Այսօրվա ԱԺ, այսպես կոչված, մեծամասնությունը հրաժարվում է մասնակցել ընդդիմության կողմից հրավիրված արտահերթ նիստին, որտեղ պետք է ընդունվեր հայտարարություն Հայաստանի կարմիր գծերի մասին, մասնավորապես՝ հայտարարվեր, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ուրեմն հարկավոր է նրանց մենակ թողնել թշնամու օրակարգը սպասարկելու՝ իրենց ընտրության մեջ: Հայաստանի թշնամիները, միջազգային հանրությունը պետք է հստակ տեսնեն և հասկանան, որ հայ ժողովուրդը, Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքական առողջ ուժերը տեր են իրենց հայրենիքին, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Արցախը զոհաբերելու կամ վաճառելու գործում գտնվում է միայնակ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Պատգամավորի խոսքով՝ ստեղծված իրավիճակից լուծումը մնում է նոր կառավարության ձևավորումը, հանրային ու քաղաքական առողջ ուժերի մեկտեղումը:
Մանրամասները՝ տեսանյութում