Պուտինն Էրդողանին ու Փաշինյանին հրավիրել է Ուզբեկստան. կլինե՞ն արդյոք Փաշինյան-Էրդողան, Փաշինյան-Ալիև հանդիպումներ
Նախօրեին Վլադիվոստոկում անցկացվող «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ելույթը ու Փաշինյան-Պուտին երկխոսությունները ստվերում թողեցին Փաշինյան-Պուտին հանդիպումը:
Փաշինյան-Պուտին բոլոր տեսակի շփումներն են ուշագրավ բովանդակային ու քարոզչական առումով, այս հանդիպումը ևս բացառություն չէր:
Անդրադառնանք հանդիպման բովանդակային մի դրվագի:
Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, ՌԴ նախագահ Պուտինն իր խոսքում նշել է, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Ուզբեկստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին:
«Մեր հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով: Մենք աշխատում ենք մեր կազմակերպություններում՝ և՛ տնտեսական կազմակերպությունում, և՛ ՀԱՊԿ-ում, նկատի ունեմ՝ անվտանգության և կայունության ապահովումը: Մոտ ապագայում Դուք պլանավորում եք լինել նաև Ուզբեկստանում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում նախատեսվող միջոցառումներին, որտեղ հնարավորություն կլինի ևս մեկ անգամ հանդիպել և գործընկերների հետ բանակցել»,- մանրամասնել է Պուտինը:
«Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով համաժողովի շրջանակում Չինաստանի Ազգային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահ Լի Չժանշուի հետ հանդիպմանը Պուտինը ողջույններ էր փոխանցել Չինաստանի նախագահ Սի Ցզինփինին, ապա նշել.
«Մենք շուտով կհանդիպենք նախագահ Սի Ցզինփինի հետ, հուսով եմ՝ Ուզբեկստանի Սամարկանդում»։
Օգոստոսի սկզբին Սոչիում Պուտին-Էրդողան բանակցություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն հրավիրել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հանդիպմանը։
Նա նշել էր, որ Պուտինի հրավերից հետո անհրաժեշտ է համարում մասնակցել Ուզբեկստանում կայանալիք ՇՀԿ հանդիպմանը` հավելելով, որ հանդիպմանը ներկա կլինեն նաև կազմակերպությանն անդամակցելու նպատակ ունեցող այլ պետություններ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան։
Օգոստոսի 24-ին Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոև-Իլհամ Ալիև հեռախոսազրույցի ընթացքում տեղի էր ունեցել նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային օրակարգի շուրջ, քննարկվել առաջիկա բազմակողմ հանդիպումների ժամանակացույցը և օրակարգը, այդ թվում՝ Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության և Թյուրքական պետությունների կազմակերպության առաջիկա գագաթնաժողովները, որից կարելի է հասկանալ, որ Իլհամ Ալիևը ևս կմասնակցի ՇՀԿ միջոցառումներին:
Նշենք, որ Թուրքիան ՇՀԿ-ի հետ ունի «երկխոսող գործընկերոջ» կարգավիճակ, ինչպես նաև ենթադրվում է, որ գագաթնաժողովում դիտորդի կարգավիճակ կարող է շնորհվել նաև Հայաստանին, Ադրբեջանին, Նեպալին և Կամբոջային։
Դատելով Պուտինի խոսքից, թե «կլինի հնարավորություն հանդիպել գործընկերներին ու բանակցել», կարելի է ենթադրել, որ Ուզբեկստանում ռուսական կողմը կարող է կազմակերպել՝ ինչպես Փաշինյան-Ալիև, այնպես էլ՝ տևական ժամանակ քննարկվող Փաշինյան-Էրդողան հանդիպումները:
Ի դեպ, այստեղ հարկ է հիշեցնել, որ նախօրեին Վլադիվոստոկում կայացած համաժողովի իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ ակնկալում է ՌԴ աջակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում:
«Հույս ունենք ՌԴ աջակցությամբ հարթել հարաբերությունները Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ ինտենսիվ խոսակցություն է ընթանում ԼՂ խնդրի կարգավորման հարցում, և այս կոնտեքստում ևս մենք հույս ունենք Ռուսաստանի Դաշնության աջակցության՝ ոչ միայն որպես ՀՀ ռազմավարական դաշնակից և Ադրբեջանի շատ մոտ գործընկերը, այլև՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր»,- նշել էր նա: Ուստի չի բացառվում, որ օրեր անց՝ սեպտեմբերի 15-16-ին, Ուզբեկստանում Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ հանդիպումներ կազմակերպվեն Էրդողանի ու Ալիևի հետ:
Նշենք, որ հայկական կողմը դեռ չի հաստատել իր մասնակցությունն այս գագաթնաժողովին: