Խեղճ գյուղացի. բոլոր հարցերը լուծել են, հիմա էլ նոր տուրք են դնում գյուղատնտեսության վրա
Էկոնոմիկայի նախարարությունը, որը պատասխանատու է նաև գյուղատնտեսության զարգացման համար, թվում է, թե պետք է մտածեր առաջին հերթին գյուղացուն օգնելու և օժանդակելու, ծախսերը հնարավորինս կրճատելու ու ֆինանսական բեռը թեթևացնելու մասին։ Բայց հակառակ ուղղությամբ է գնում. նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է լրացում կատարել պետտուրքի մասին օրենքում և վճարովի դարձնել սերմերի ու տնկանյութերի հավաստագրումը, այն էլ՝ բազային տուրքի 5-ապատիկի չափով։
Սերմերի ու տնկանյութերի հավաստագրում մինչև հիմա էլ մեր երկրում իրականացվել է, բայց անվճար։ Հիմա որոշել են, որ պիտի վճարովի դառնա։
«Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, սերմերի հավաստագրումն իրականացվում է 2005 թվականից, սակայն հավաստագրի տրամադրման համար պետական տուրք սահմանված չի եղել:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սերմերի և տնկանյութի հավաստագրի տրամադրումը, բացի դաշտային հետազոտություններից, ենթադրում է փաստաթղթային վերլուծություններ և սերմերի ու տնկանյութի լաբորատոր հետազոտություններ, ապա անհրաժեշտություն է առաջացել «Սերմերի և տնկանյութի մասին» ՀՀ օրենքի և մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի հետ միաժամանակ փոփոխություն և լրացում կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում՝ սերմերի և տնկանյութի հավաստագրի տրամադրման համար սահմանելով պետական տուրք, որի դրույքաչափերը չեն ներառում ծառայությունների կամ գործողությունների կատարման հետ կապված ծախսերը:
2022 թվականի մարտի 3-ի Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի նիստին «Սերմերի և տնկանյութի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին ՀՀ կառավարության կողմից տրվել է հավանություն՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ներկայացնելու պայմանով»։
Ահա այսպես է հիմնավորել իր նախաձեռնությունը էկոնոմիկայի նախարարությունը՝ համարելով, որ դա թելադրված է սերմնաբուծության և տնկարանային արտադրության զարգացման անհրաժեշտությամբ։ Թե ոլորտի վրա լրացուցիչ հարկային բեռ դնելը որքանո՞վ է նպաստում դրա զարգացմանը, հավանաբար միայն նախարարությունում գիտեն։
Եթե այնուամենայնիվ կար նման սուր անհրաժեշտություն, ապա դա կարելի էր անել ոչ թե ոլորտի վրա լրացուցիչ բեռ դնելով, այլ պետական միջոցների հաշվին։
Տեղի ու անտեղի հազար ու մի ծախս կարող են անել պետության հաշվին, պետության հաշվին կարող են իրենց ճոխ պարգևավճարներ տալ, բայց չեն ուզում գյուղացու ձեռքը բռնել։ Ավելին՝ սերմերի ու տնկանյութերի հավաստագրման համար պետտուրք սահմանելով, ուզում են բյուջե լրացուցիչ եկամուտներ ապահովել՝ հավանաբար նաև իրենց պարգևավճարներն ավելացնելու համար։
«Սույն օրենքով կկանոնակարգվի սերմերի և տնկանյութի հավաստագրի տրամադրման համար պետական տուրքի վճարումը, և կավելանան ՀՀ պետական բյուջեի մուտքերը»,- սա էլ այն «փայլուն» արդյունքն է, որն ակնկալում է ստանալ նախարարությունը։
Էլ փող հավաքելու տեղ չկա, հիմա էլ ուզում են սերմերի ու տնկանյութերի հավաստագրումից հավաքել։
Այսպիսի մոտեցումներով էլ, 4-5 տարի է՝ գյուղատնտեսություն են «զարգացնում», ու տեսնում ենք, թե ինչ արդյունքների ենք հասել մինչև հիմա: Գյուղատնտեսության ոլորտում Փաշինյանի կառավարությունը միայն հետընթաց է արձանագրել:
Ոլորտում միայն անկում է գրանցվել։ Չեն դադարում մեծ-մեծ ճառեր ասել գյուղատնտեսության զարգացումների մասին, բայց տարեցտարի ոլորտում արտադրության ծավալները միայն նվազում են։ Գումարներն էլ, որ ուղղում են իբր գյուղատնտեսության զարգացմանը, փոշիանում են և արդյունք չեն տալիս։
Որքան «զարգացնում են», այնքան գյուղատնտեսության անկումը խորանում է։ Այնինչ, ժամանակին հեղափոխական տեմպերից էին խոսում։
«Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը: Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաև գյուղատնտեսության ոլորտում՝ այս պարագայում էլ՝ որպես ռազմավարական նպատակ ունենալով չմշակվող գյուղատնտեսական հողերի թվի շեշտակի նվազումը և, ի վերջո, այդպիսի հողերի գոյության բացառումը»,- ասում էր Նիկոլ Փաշինյանը։
Սա՞ է այն «հեղափոխական» զարգացումը, երբ չի եղել տարի, որ գյուղատնտեսությունն աճ արձանագրի։
2018թ. գյուղատնտեսության ոլորտում արձանագրվեց արտադրության ծավալների 7,4 տոկոս նվազում։ Բուսաբուծության մեջ էլ անկումը 12,1 տոկոս էր։ Հաջորդ տարի անկումը 4,2 տոկոս էր, բուսաբուծության ոլորտում՝ 7,7 տոկոս։ 2020թ. էլ գյուղատնտեսության անկումը կազմեց 4 տոկոս։
Անցած տարվա համար էլ էկոնոմիկայի նախարարը, որի ղեկավարած գերատեսչությունը նախաձեռնել է սերմերի ու տնկանյութերի հավաստագրման համար պետտուրք կիրառել՝ ոլորտի զարգացման «անհրաժեշտությունից» ելնելով, հայտարարում էր, որ գյուղատնտեսության մեջ տպավորիչ աճեր են սպասվում։ Ու դրանք լինելու են նախկինում իրենց իրականացրած ծրագրերի արդյունքում. «Այս տարի այդ ոլորտում տպավորիչ աճ ենք ակնկալում, քանի որ 2019թ. մեկնարկած ծրագրերն արդեն «պտուղներ» են տալիս»։
«Տպավորիչ աճեր» կրկին չունեցանք, փոխարենը՝ անկում արձանագրվեց։ 2021թ. գյուղատնտեսության ոլորտում արտադրության ծավալները նվազեցին 1,4 տոկոսով։ Բուսաբուծության անկումն էլ կազմեց 3,1 տոկոս։
Նույնը շարունակվում է նաև այս տարի։ Տարվա առաջին կեսին ունենք գյուղատնտեսության 5,4 տոկոսանոց անկում։ Բուսաբուծության ճյուղի անկումն էլ 8,8 տոկոս է։
Այս իրավիճակը մի բացատրություն ունի. կառավարությունը չի տիրապետում ոլորտի խնդիրներին ու իր քայլերով ավելի է վատացնում վիճակը։ Վկա՝ ոլորտի անկումը, որը մեկ տարի չէ, երկու տարի չէ, որ արձանագրվում է, 4-5 տարի անընդմեջ միայն անկում ունենք ու հաճախ զարմանում ենք, թե ինչո՞ւ է գյուղմթերքի գնաճը մեր երկրում այդքան բարձր։ Բարձր է, որովհետև արտադրության ծավալները գնալով կրճատվում են։
Գյուղատնտեսական հողերի թվի շեշտակի նվազեցումից էին խոսում։ Ունենք այն, որ Հայաստանի վարելահողերի 50 և արոտավայրերի 70 տոկոսը չի օգտագործվում։
Այսպես են մինչև հիմա «զարգացրել» գյուղատնտեսությունը, հիմա էլ ուզում են սերմերի ու տնկանյութերի արտադրությունը փրկել՝ ավելացնելով հարկային բեռը։
Հարկային բեռի ավելացմամբ մինչև հիմա ոչ մի ոլորտ չի զարգացել։ Առավել ևս՝ չի զարգանա գյուղատնտեսությունը։ Գյուղատնտեսությունը զարգացնելու համար հարկավոր է ճիշտ ու ժամանակին օժանդակել գյուղացուն։ Թե չէ, ընդունվում են օրենքներ ու մշակվում ծրագրեր, որոնք այդպես էլ ոչինչ չեն տալիս, մի բան էլ դժվարացնում են գյուղացու կյանքը։ Զարմանալի չէ, որ արդյունքներն էլ այսպիսին են։ Իբր անկումը քիչ է, ուզում են, որ ավելի խորանա։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ