Նիկոլ Փաշինյանը տպավորված, գոհ ու շնորհակալ է Պուտինից. Վլադիվոստոկում Փաշինյանը գերազանցեց իրեն

ՀՀ իշխանությունների արևմտյան ռևերանսների կամ, ինչպես մի շարք վերլուծաբաններ են գտնում, դրանց իմիտացիայի ֆոնին Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում է, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մասնակցում է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին:

Հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ չնայած Փաշինյան-Պուտին անձնական հարաբերությունների, դրանցում անվստահության մթնոլորտի մասին տևական խոսակցություններին ու քննարկումներին, Փաշինյան-Պուտին բոլոր ուղիղ հրապարակային շփումներն անցնում են Պուտինին ուղղված անթիվ-անհամար շնորհակալությունների, գովեստի խոսքերի ու մի շարք ճգնաժամային իրավիճակների կարգավորման հարցում նրա առանձնահատուկ դերակատարությունը շեշտելու մթնոլորտում:

Սա ՀՀ արտաքին քաղաքական նորագույն պատմության ընթացքում բացառիկ փուլ է, երբ հայ-ռուսական ամենաբարձր մակարդակի հարաբերություններում նման որակի բառապաշարի ու քծնանքի գերդոզավորում է:

Սովորաբար երկկողմ բարձր մակարդակի հանդիպումների պաշտոնական տեքստերում ներառվում են միմյանց ուղղված որոշ «ջերմ» ձևակերպումներ, մեկ նախադասություն, որը բանակցությունների ու դրական դիվանագիտական տոնի նշան է, սակայն, երբ մի կողմի ողջ ելույթը համեմված է շնորհակալություններով, գովեստներով, քծնանքով, դա վատ ու մտահոգիչ հանգամանք է՝ ինչպես հայ-ռուսական հարաբերությունների որակի, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության վարկանիշի ու միջազգային ասպարեզում կշռի տեսանկյունից:

Կարդացեք նաև

Այժմ այնպիսի իրավիճակ է, երբ նույնիսկ այդ քծնանքն անկեղծ ու վստահելի չի դիտարկվում այն երկրում, որի ղեկավարին ուղղվում է այն:

Ի՞նչ ասաց Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանն իր ելույթը սկսեց Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհակալությամբ, ապա ասաց, որ դժվար ժամանակներ ենք ապրում: «Իսկ ե՞րբ են հեշտ ժամանակներ եղել։ Եթե անկեղծ լինենք` մարդկության պատմությունը դժվարին ժամանակներից բաղկացած շղթա է, դրա համար էլ մարդկությունը հորինել է մի բանաձև, որ ցանկացած ճգնաժամային իրավիճակ բերում է նոր մարտահրավերներ ու բացում նոր հնարավորություններ»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ աշխարհի երկրների ղեկավարների խնդիրն է՝ այսօր ճիշտ կառավարել ճգնաժամերն ու ճիշտ օգտագործել հնարավորությունները։ Ըստ նրա, մեր տարածաշրջանի համար էլ ժամանակները հեշտ չեն, քանի որ այն մարտահրավերները, որոնք վաղուց կան, և դրանք անվտանգության հետ կապված մարտահրավերներ են, գնալով սրվում են, ու մտավախություն կա, որ դա կարող է հանգեցնել մեր տարածաշրջանի ապակայունացմանը։

Նա հիշեցրեց, որ նմանատիպ իրավիճակ է ստեղծվել 2020 թվականին, երբ Ադրբեջանը՝ օգտվելով այն հանգամանքից, որ համաշխարհային հանրության և Ռուսաստանի ուշադրությունը սևեռված է կորոնավիրուսային համավարակի վրա, պատերազմ սկսեց։

«Մենք հուսով ենք, որ սերտ համագործակցելով միջազգային գործընկերների և Ռուսաստանի հետ՝ Հայաստանը կկարողանա կառավարել իրավիճակը տարածաշրջանում։ Սա կարևոր է նաև համաշխարհային անվտանգության համար»,- հավելեց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ ՀՀ տնտեսությունում լավ դինամիկա կա, ու այս տարի կա նպատակ՝ ունենալ տնտեսական աճ շուրջ 7 տոկոս: Այս կոնտեքստում նա ընդգծեց Եվրասիական տնտեսական միության բացառիկ դերը՝ նշելով, որ այդ միությունն իրեն արդարացրել է Հայաստանի Հանրապետության համար տվյալ իրավիճակում:

«Այն տնտեսական աճը, որը ներկայումս սպասվում է Հայաստանում, պայմանավորված է այն ազատություններով, որն ապահովում է Եվրասիական տնտեսական միությունը»,- նկատեց Փաշինյանը:

Անդրադառնալով այն հնարավորություններին, որոնք կարող են բացվել Հայաստանի համար՝ Նիկոլ Փաշինյանը խոսեց Հյուսիս-Հարավ պրոյեկտի, Սյունիքի նոր ճանապարհի մասին, որը նախատեսվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով, և հատուկ շեշտեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվեց Վլադիմիր Վլադիմիրովիչի անձնական ջանքերի շնորհիվ:

Նա նշեց, որ նոր տրանսպորտային ճանապարհների հարցը լուծելու համար ՌԴ աջակցությունը ստանալու հույս ունեն:

«Հույս ունենք ՌԴ աջակցությամբ հարթել հարաբերությունները Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ ինտենսիվ խոսակցություն է ընթանում ԼՂ խնդրի կարգավորման հարցում, և այս կոնտեքստում ևս մենք հույս ունենք Ռուսաստանի Դաշնության աջակցության՝ ոչ միայն որպես ՀՀ ռազմավարական դաշնակից և Ադրբեջանի շատ մոտ գործընկերը, այլև՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ կան ուժեր, որոնք մտածում են, թե Ռուսաստանը չափազանց զբաղված է ուկրաինական թեմատիկայով, և դա կարելի է օգտագործել՝ որպես հարմար պահ իրավիճակի ապակայունացման համար: Սակայն նա նաև ասաց, թե ՌԴ-ն հանդիսանում է առանցքային գործոն մեր տարածաշրջանում անվտանգության համար, կամ գոնե նման ընկալում կա հանրապետությունում, որ ՌԴ-ն գործոն է, դա հաստատվում է այն հարաբերություններով, համաձայնագրերով, որոնք կան ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև:

«Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ եղել են, մնում են ու պետք է մնան ռազմավարական գործընկերային, և հույս ունենք, որ այդ գործոնը կլինի առանցքային մեր ռեգիոնում կայունության ու խաղաղության համար»,- ասաց նա:

Հարցին՝ չի՞ վախենում, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների ինտենսիվացման ֆոնին հնարավոր է՝ սանկցիաների ենթարկվի Արևմուտքի կողմից, Փաշինյանը պատասխանեց, որ պետք է աշխատել, որպեսզի կառավարելի լինեն այդ վտանգները:

«Իհարկե, մենք ևս մեծապես անհանգստացած ենք պարենային, էներգետիկ անվտանգության համար։ Մեզ մոտ էլ բարձր գնաճ կա, որն ուղղակիորեն ազդում է սոցիալական վիճակի վրա։ Բայց ընդհանուր առմամբ իրավիճակը կառավարելի է։ Խնդիրը կա, բայց ճգնաժամային իրավիճակ չկա: Բայց ցանկանում եմ ընդգծել, որ դա նաև ՌԴ աջակցության շնորհիվ է: Հատկապես տարվա առաջին կեսին մտահոգություններ ունեին բոլորը»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ տպավորված է այն օպերատիվությունից, թե ինչպես է Վլադիմիր Պուտինն արձագանքել հայկական կողմի բարձրացրած խնդիրներին ու խնդրանքներին, ինչը շատ կարևոր է հայ-ռուսական գործընկերության համատեքստում։

Նա նշեց, որ ՌԴ նախագահի ու ՌԴ կառավարության կայացրած որոշումների շնորհիվ հաջողվեց սպառնալիքները կառավարել միասին, միայնակ Հայաստանին դա հաղթահարելը չափազանց բարդ կլիներ:

Ի՞նչ «չասաց» Փաշինյանը

Հայաստանի համար ճգնաժամային արտաքին քաղաքականության և գոյաբանական մարտահրավերների իրավիճակում Նիկոլ Փաշինյանի խոսքը հնարավորինս կտրված էր իրականությունից, տարածաշրջանային ու այն իրողություններից, որոնք կան հայ-ռուսական հարաբերություններում: Այս ելույթը լսելիս կարելի է մտածել, որ հայ-ռուսական հարաբերություններն իրենց լավագույն փուլն են ապրում, իսկ բոլոր հակամարտություններն ու խնդիրները լուծված են ՌԴ նախագահի անձնական ջանքերի շնորհիվ:

Որևէ խոսք չհնչեց ԼՂ հակամարտության և այդ հարցում ՀՀ մոտեցումների, վերջին շաբաթներին ակտիվորեն քննարկվող, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի, անվտանգային մարտահրավերների, գերիների, Հայաստանին պարտադրվող պրոյեկտների մասին, որոնք ներկայումս ՀՀ արտաքին քաղաքականության ամենածանր ու մտահոգիչ թեմաներն են:

Տարօրինակ է, որ ցանկացած առիթով Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ կոնտինգենտի լիազորություններից խոսող Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում որևէ խոսք չասաց խաղաղապահների մասին՝ այն դեպքում, երբ մոտավորապես մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 4-ին, ՀՀ կառավարության նիստում նա իր ելույթի մի հատվածը նվիրեց այս թեմային՝ ասելով, թե խիստ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը:

Նա նաև նշել էր՝ եթե ԼՂ շփման գծի անվտանգությունը չի ապահովվում, պետք է մտածել լրացուցիչ՝ միջազգային մեխանիզմների մասին:

Հիշեցնենք, թե ինչ էր ասել Փաշինյանն օգոստոսի 4-ին.

«2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022 թվականի մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի գրավումը՝ կրկին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, Լեռնային Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են: Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը»:

Նա նկատել էր, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթում հստակ արձանագրված է, որ Ղարաբաղում կա շփման գիծ, և հայկական կողմը այն պաշտպանելու մասով հստակ ակնկալիքներ ունի ռուսական զորախմբից. «Եվ մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն»:

Խոսելով ռուս խաղաղապահ կոնտինգենտի մանդատի մասին, Փաշինյանը նաև ասել էր. «Մեր կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի ստորագրությունը բավարար են այդ մանդատն ամբողջությամբ իրագործելու համար: Իսկ եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել` այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու, կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ»:

Հայ-ռուսական հարաբերությունների վերջին շրջանի դինամիկայի կոնտեքստում պետք է հիշեցնել նաև ՌԴ-ի կողմից Հայաստանին ուղարկված բողոքի նոտայի մասին, ինչը խայտառակ դրվագ էր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի Փաշինյանի ուղերձում դաշնակիցներին ուղղված հատվածը:

«Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ»,- նշել էր Փաշինյանը մի շարք քննարկումների առիթ տալով:

Փաշինյանի Վլադիվոստոկի ելույթից հետո մի շարք այլ հարցեր ևս առաջանում են, որոնք վերաբերում են ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշմանը:

Եթե ՀՀ-ն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ակնկալում է ՌԴ աջակցությունը, ապա ինչո՞ւ են հակամարտության կարգավորման հիմնական բանակցություններն ընթանում Բրյուսելում, եթե հայ-թուրքական, այսպես կոչված, կարգավորման հարցում ՀՀ-ն ակնկալիքներ ունի Մոսկվայից, ապա ինչո՞ւ էին Ռուբինյան-Քըլըչ հանդիպումները կազմակերպվում նաև Վիեննայում, ինչո՞ւ սահմանային հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպումը պետք է կայանա Բրյուսելում, ինչո՞ւ ՀՀ-ի ու Ադրբեջանի իշխանությունները Խաղաղության համաձայնագրի մշակման հարցում չեն նշում Մոսկվայի հնարավոր դերակատարության մասին:

Այս ամենի հարապատկերի մեջ ամենամտահոգիչը նույնիսկ այն չէ, թե իրականում ինչպիսին են հայ-ռուսական հարաբերությունները, կամ ինչ է թաքցնում, ինչ չի ասում կամ որտեղ ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, այլ այն, որ Հայաստանի Հանրապետությանը որևէ աշխարհաքաղաքական կենտրոնում լուրջ չեն վերաբերվում, լուրջ չեն վերաբերվում ո՛չ Նիկոլ Փաշինյանի քծնանքին, ո՛չ քննադատությանը, հետևաբար՝ ՀՀ դիրքորոշումներին՝ դրանով իսկ է՛լ ավելի խոցելի դարձնելով ՀՀ ազգային ու պետական շահը:

Տեսանյութեր

Լրահոս