Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահի այցը տարածաշրջան նպատակ ունի ամրապնդելու Արևմուտքի դերը Հարավային Կովկասում. Միաջազգայնագետ
Պետդեպի փոխխոսնակ Վեդանթ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ այս շաբաթ Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը կայցելի Հայաստան։
«Մենք ակնկալում ենք, որ սա տարածաշրջան կատարվելիք պարբերական այցերից առաջինը կլինի։ Նա այս երեկո մեկնում է ու կլինի Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում։ Բոլոր երեք երկրներում հանդիպելու է բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու տարածաշրջանին առնչվող հիմնական հարցերը, ինչպես նաև որոնելու է ուղիներ՝ աջակցելու գործընկերներին ու ուղղակիորեն և կառուցողական ներգրավվելու՝ հանուն հրատապ խնդիրների լուծման և տարածաշրջանային հետագա համագործակցության»,- ասել է Պատելը։
Ֆիլիպ Ռիքերի տարածաշրջան նախատեսվող այցն արդյո՞ք նպատակ ունի ակտիվացնելու Մինսկի խմբի ձևաչափը։
168.am-ի հետ զրույցում Սթենֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը պատասխանելով հարցին, ասաց, որ այսօր բացեիբաց պատերազմ է ընթանում Ռուսաստանի և Արևմուտքի միջև։
«Այս ամենը հաշվի առնելով՝ չեմ կարծում, որ Մինսկի խումբն այս կազմով կարող է արդյունավետ աշխատել։ Այդ ամենը կարող է լինել զուտ խորհրդանշական քայլ, նաև փորձ՝ ևս մեկ անգամ Արևմուտքի դերը վերահաստատել այս տարածաշրջանում։ Այսինքն՝ Ռիքերի այցը տարածաշրջան նպատակ ունի ամրապնդելու Արևմուտքի դերը Հարավային Կովկասում՝ թույլ չտալու, որպեսզի Ռուսաստանն այստեղ հարցեր լուծի։
Այժմ դժվար է պատկերացնել, թե Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան կարո՞ղ են նստել նույն սեղանի շուրջ և անդրադառնալ արցախյան հիմնախնդրին։ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները մասնակցում են Ռուսաստանի դեմ տարվող պատերազմին, հետևաբար՝ պարզ չէ, թե նրանք ինչպես կարող են համաձայնության գալ»,- նշեց Արթուր Խաչիկայնը։
Հարցին՝ միտում տեսնո՞ւմ է, որ Թուրքիան ցանկանում է Մինսկի խմբից դուրս մղել Ռուսաստանին և զբաղեցնել նրա տեղը, քանի որ լինելով Մինսկի խմբի անդամ երկիր, Թուրքիան մշտապես ձգտել է դառնալ համանախագահող երկիր, Արթուր Խաչիկյանը պատասխանեց, որ այս պահին Թուրքիան կարիք չունի դառնալու Մինսկի խմբի համանախագահող երկիր, քանի որ այսօր տարածաշրջանում բոլոր հարցերը լուծվում են Ռուսաստանի և Թուրքիայի միջև։
«Ռուսաստանն ու Թուրքիան ունեն բարյացակամ վերաբերմունք միմյանց նկատմամբ, գրեթե դաշնակցային հարաբերություններ ունեն և տարածաշրջանի բոլոր հարցերը լուծում են իրար հետ։ Եթե Թուրքիան այնուամենայնիվ դառնա Մինսկի խմբի համանախագահող երկիր, ապա դա իր համար կրելու է զուտ խորհրդանշական բնույթ, քանի որ նա իր բոլոր հարցերը՝ Արցախի հետ կապված, լուծեց և լուծում է ուժի միջոցով»,- հավելեց միջազգայանգետը։
Ինչ վերաբերում է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև եռակողմ ակտիվ հանդիպումներին, Արթուր Խաչիկյանը նկատեց՝ այդ քայլերով Արևմուտքը փորձեր է կատարում Ռուսաստանին դուրս մղել Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացից և իր ձեռքը վերցնել գործընթացը, որից հետո Ռուսաստանին դուրս կմղեն տարածաշրջանից։
«Արևմուտքը հայտարարում է, թե ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն լինի, սակայն նրանք դրան ոչ մի ձևով չեն ձգտում։ Արևմուտքը չի կարողանալու նաև արցախահայությանը պաշտպանել, նրա պաշտպանության ներքո Արցախը միայն դատարկվելու է, և Արևմուտքը որևէ ռեալ օգնություն չի կարողանալու ցուցաբերել։ Արցախը կհայաթափվի, իսկ Արևմուտքը կանի այն, ինչ արեց 1915 թվականին՝ միայն դատապարտելու է։ Օրինակ, երկու օր առաջ Էրդողանը բացահայտ սպառնաց Հունաստանին ցեղասպանությամբ, այդ ամենին Արևմուտքը որևէ կերպ չի արձագանքել»,- եզրափակեց Արթուր Խաչիկյանը։
Հիշեցնենք, որ Ֆիլիպ Ռիքերը պաշտոնը ստանձնել է օգոստոսի 25-ին։ Միացյալ Նահագների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նրան նշանակել էր որպես Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդական։ Այս պաշտոնում Ռիքերը կատարելու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի գործառույթներն ու հանդես է գալու՝ որպես Ժնևի միջազգային բանակցություններում ԱՄՆ պատվիրակության գլխավոր բանակցող։