
Ֆիլիպ Ռիքերը կկատարի ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի գործառույթները

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է որպես Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդական։ Այս պաշտոնում Ռիքերը կատարելու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի գործառույթներն ու հանդես գալու որպես Ժնևի միջազգային բանակցություններում ԱՄՆ պատվիրակության գլխավոր բանակցող։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը։
«Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին՝ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորում գտնելու հարցում։ Դեսպան Ռիքերը կներգրավվի ինչպես երկկողմ մակարդակներում, այնպես էլ համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, ինչպես նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ դյուրացնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը»,- նշանակման առթիվ ասել է Բլինկենը՝ ընդգծելով, որ Ռիքերի նշանակումը միևնույն ժամանակ ընդգծում է, թե որքան է ԱՄՆ-ն կարևորում Վրաստանի հարցով Ժնևի միջազգային բանակցությունները։
Մինչ այս նշանակումը դեսպան Ֆիլիպ Ռիքերն աշխատել է Միացյալ Թագավորությունում ԱՄՆ դեսպանատանը: 2019 թվականի մարտից մինչև 2021 թվականի օգոստոս եղել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար։ Դիվանագիտական ծառայության ընթացքում աշխատել է Գերմանիայում, Իտալիայում, 2008-2011 թվականներին եղել է Հյուսիսային Մակեդոնիայում ԱՄՆ դեսպանը։