Էրդողանը կրկին սպառնացել է Հունաստանին. «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բալկանյան երկրներ կատարելիք այցից առաջ ելույթ է ունեցել, որի ընթացքում անդրադարձել է արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային խնդիրներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էրդողանը մասնավորապես նշել է, որ Եվրոպան հնձում է այն, ինչ ցանում է: Ըստ նրա՝ Եվրոպայի վերաբերմունքն ու պատժամիջոցները Պուտինի նկատմամբ անխուսափելի դարձրին Պուտինի հակառակ ռեակցիան, որի արդյունքում Եվրոպան այս ձմռանը լուրջ փորձանքների միջով կարող է անցնել: Թուրքիայի նախագահը կարծում է, որ իրենց երկրին նման փորձանքներն չեն սպասում:
Հունաստանին ևս մեկ անգամ մեղադրելով Թուրքիայի նկատմամբ «ոտնձգությունների» մեջ՝ Էրդողանը իրեն հատուկ ոճով սպառնալիքներ է հնչեցրել ուղղված Հունաստանին:
Էրդողանն արտաբերել է թուրքական ազգայնականության և ծավալապաշտական քաղաքականության ամենահայտնի «թևավոր խոսքերից» մեկը դարձած՝ «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» նախադասությունը:
Թուրքիայի նախագահի այս սպառնալից հռետորաբանությունն արժանացել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի արձագանքին: Դենդիասը Թուրքիային մեղադրել է պրովակացիաների դիմելու մեջ և նշել, որ բարձրաձայնելու են, թե իրականում ով է խաթարում ՆԱՏՕ-ի ներդաշնակությունը: