Վրաց-թուրքական սպորտային սկանդալ

Վրաստանի բասկետբոլի ֆեդերացիան պաշտոնական հայտարարությամբ պատասխանել է Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Էրգին Աթամանի՝ Վրաստանի հավաքականի դեմ խաղից հետո արված մեկնաբանություններին։

aliq.ge-ի փոխանցմամբ՝ թուրք մասնագետը Բասկետբոլի միջազգային ասոցիացիայից պահանջում է ուսումնասիրել խաղի մեկ դրվագը և վերարտադրել այդ դրվագից մնացած չորսուկես րոպեն։

Աթամանը նաև դժգոհում է, որ մի քանի վրացի բասկետբոլիստ և անվտանգության աշխատակից հանդերձարան տանող միջանցքում հարձակվել են Թուրքիայի հավաքականի անդամ Կորքմազի վրա։ Մարզիչը խնդրում է ուսումնասիրել և պաշտոնապես արձանագրել տեսախցիկի արձանագրած խախտումները։ Հակառակ դեպքում նա չի բացառում, որ որպես բողոքի նշան կհայտարարի Եվրոպայի առաջնությունը բոյկոտելու մասին։

Վրաստանի բասկետբոլի ազգային ֆեդերացիան ՖԻԲԱ-ից պահանջում է խստորեն արձագանքել Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզչի դիտավորյալ սադրիչ պահվածքին։

«Վրաստանի բասկետբոլի ազգային ֆեդերացիան լիովին մերժում է բռնության բոլոր ձևերը։ Մեր դիրքորոշումն այն է, որ խաղացողների ու հանդիպման մասնակիցների միջև տեղի ունեցածը չպետք է դուրս գա դաշտի սահմաններից», — գրված է Վրաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հայտարարության մեջ:

Ի դեպ, Եվրոպայի առաջնության երրորդ տուրում Թբիլիսիի Օլիմպիական պալատում կայացավ Վրաստանի և Թուրքիայի հավաքականների հանդիպումը, և վրացի բասկետբոլիստներն առաջին հաղթանակը տարան ընթացիկ մրցումներում՝ 88:83։

Հանդիպման վերջին քառորդում կոնֆլիկտ է տեղի ունեցել Ֆուրկան Կորքմազի և Դուդա Սանաձեի միջև, ինչի պատճառով երկուսին էլ մրցավարը հեռացրել է խաղադաշտից։

Տեսանյութեր

Լրահոս