Ինչո՞ւ է Սուրեն Պապիկյանը վախենում ընդդիմադիր պատգամավորների այցերից
Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում փաստաթղթեր է տարածել՝ գրելով․ «Դեռ օգոստսի 18-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին դիմել էի, որ թույլտվություն ստանայի գործընկերոջս՝ Տիգրան Աբրահամյանի հետ այցելել 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների համար եռամսյա վարժական հավաքների անցկացման վայրեր։
Իբրեւ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի անդամներ, երկուսս էլ ակտիվ մասնակցել ենք հանձնաժողովում պաշտպանական ոլորտի, ցավոք, շատ քիչ ներկայացվող բոլոր նախագծերի քննարկմանը։
Շատ հաճախ դրանք եղել են նաեւ աշխատանքային բնույթի՝ լայն հանրությանը ոչ հասանելի։ Մեր այցի նպատակը բխում է նաեւ մեր խորհրդարանական պարտականությունների բուն շրջանակից։
Օգոստոսի 18-ին հղված գրությանը պաշտպանության նախարարը բարեհաճեց պատասխանել, օրենքը խախտելով, միայն երեք շաբաթ անց։
Երեկ ստացածս գրությամբ Սուրեն Պապիկյանը մտացածին ու կեղծ հիմնավորումներով մերժել է Ազգային Ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամներիս լինել եռամսյա հավաքների տեղակայման վայրերում, իբր հավաքներին ընդգրկված անձնակազմը գտնվում է ներդաշնակման, զինվորական կարգապահության պայմաններին ընտելանալու փուլում։
Խոսքը այն հավաքի մասին է, որի զորակոչվածների շրջանում արդեն եղել են դժբախտ դեպքեր, ցավոք նաեւ՝ մահվան ելքերով։ Այն հավաքի, որի մասնակիցներին արդեն տրվում է կարճաժամկետ արձակուրդ։
Արդեն տեւական ժամանակ է, որ պաշտպանության նախարարությունը խոչընդոտներ է ստեղծում հանձնաժողովի ընդդիմադիր անդամներիս այցելել մարտական հենակետեր, զորամասեր եւ առաջնագիծ։
Դրան հակառակ, իշխանական պատգամավորների ֆոտոսեսիաների համար զորմասերը միշտ բաց են ու հասանելի։ Ի դեպ, երկարամյա այս հավաքի հետ կապված պաշտպանության նախարարության ստորաբաժանումներից արդեն երկրորդ մերժումն եմ ստանում։ Ավելի վաղ, մինչեւ հավաքը, հաշվի առնելով, որ որդուս եւս ծանուցագիր էր եկել, իսկ նա գտնվում է անազատության մեջ, դիմել էի՝ ինձ զորակոչելու խնդրանքով։
Հատուկ շեշտել էի, որ պատգամավոր լինելուս հանգամանքը հաշվի չառնեն։ Բայց կրկին ստացել էի մերժում, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱԺ պատգամավոր լինելուս պատճառաբանությամբ։
Թերեւս Սուրեն Պապիկյանն իր մերժման համար ունի հիմնավոր վախ՝ այս եռամսյա հավաքը սովորական չէ, ունի քաղաքական պատճառներ ու հավաքի վայրերում կարելի է տեսնել հարյուրավոր մեր հայրենակիցների, որոնց ծանուցագիր էր ուղարկվել, քանի որ նրանք մասնակցում էին Դիմադրության շարժմանը, համոզված են, որ Նիկոլը պետք է հեռանա»։