«Մենակ մարզպետի օգնականն է նստած. դրան էլ ուզում են՝ 1/3-ով հանեն». 3 տարի առաջ ծեծի ենթարկված փոխգնդապետը դեռ կոմայի մեջ է
«Ոչ մի փոփոխություն: Մարտից տեղափոխել ենք Զինվորի տուն. այնտեղ անգիտակից պառկած է: Կարևորը՝ բժիշկների հսկողության տակ է: Մենք օրը մեջ գալիս ենք Երևան՝ իրեն այցելության»,- 168.am-ի հետ զրույցում որդու առողջական վիճակը ներկայացրեց շուրջ 3 տարի առաջ Եղեգնաձորում ծեծի ենթարկված և մինչ օրս կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը:
Նա տեղեկացրեց նաև՝ որդուն հերթական այցի օրը նաև գործով դատական հերթական նիստի օրն է, ապա հավելեց՝ արդար դատաքննության ակնկալիք չունի:
«Մենակ մարզպետի օգնականն է նստած, դրան էլ՝ իբրև թե շատ են տվել, ուզում են՝ 1/3-ով հանեն: Մեկին տարան պատգամավոր տվեցին, մեկին՝ աշխատակազմի ղեկավար տվեցին, որ անձեռնմխելի լինի…»,- պարզաբանեց Սամվել Մխիթարյանը:
Նկատենք՝ խոսքը Վայոց ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի պաշտպանի՝ Վերաքննիչ քրեական դատարանին ուղղված՝ պատժի 1/3-ը կրելու միջնորդությամբ դիմումի մասին է:
Հիշեցնենք՝ 2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի էր ունեցել ծեծկռտուք, ինչի հետևանքով փոխգնդապետ Արա Մխիթարյանը, շուրջ երկու տարի է՝ կոմայից դուրս չի եկել:
Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Դեպքին ականատես սպաները ցուցմունք էին տվել, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը ևս ներկա է եղել և անգործություն է դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաև առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն, սակայն, հայտնել էր, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։
2020 թվականի հուլիսին Տրդատ Սարգսյանը նշանակվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար, իսկ 2021 թվականի հուլիսից՝ իշխող քաղաքական ուժի քվեով ընտրվել պատգամավոր: