Չավուշօղլուն՝ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա գործընթացների մասին

Սեպտեմբերի 5-ին Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումը։ Մևլութ Չավուշօղլուն և Քեթրին Կոլոննան համատեղ մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում Չավուշօլուն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա գործընթացներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ աշխատանքային ընթրիքի ժամանակ պատրաստվում է իր ֆրանսիացի գործընկերոջը տեղեկացնել Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսության մասին։

Նա շեշտել է, որ ղարաբաղյան վերջին պատերազմից ու Ադրբեջանի հաղթանակից հետո կովկասյան տարածաշրջանում մնայուն խաղաղության և կայունության կարևոր հնարավորություն է ստեղծվել և դրա համար անհրաժեշտ է բոլորի աջակցությունը։

«Թե՛ Թուրքիայի ու Հայաստանի և թե՛ Ադրբեջանի ու Հայաստանի միջև երկխոսություն է ընթանում, աշխատանքները շարունակվում են։ Մասնավորապես համապարփակ խաղաղության պայմանագրի համար բանակցություններ են ընթանում։ Անհրաժեշտ է, որ այս ամենին աջակցենք»,- ասել է Չավուշօղլուն։

Ֆրանսիայի արտգործնախարարն էլ դրական է արձագանքել թուրք գործընկերոջ դիտարկումներին՝ ասելով. «Տարածաշրջանում շատ լավ, դրական միջավայր է ձևավորվում։ Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությունն ավելանում է։ Իսկ դա շատ դրական է»։

Տեսանյութեր

Լրահոս