Բաժիններ՝

Շրջապատի ազդեցությունը

Քրիստոսի առաքյալներից չորսը Բեթսայիդայից են: Այս քաղաքը հիշվում է մեղավոր քաղաքներին վերաբերող Քրիստոսի վայերի մեջ: Քրիստոս ասաց. «Վա՜յ քեզ, Քորազին, վա՜յ քեզ, Բեթսայիդա. որովհետև եթե Տյուրոսում և Սիդոնում տեղի ունեցած լինեին այն զորավոր գործերը, որ ձեր մեջ արվեցին, վաղուց արդեն քուրջով և մոխրով ապաշխարած կլինին» (Մատթ. 11.21, Ղուկ. 10.13): Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Բեթսայիդան մեղսալի տեղ էր, սակայն այս քաղաքից են ծագում հինգ մեծ առաքյալներ` Պետրոսը և նրա եղբայր Անդրեասը, Զեբեդեոսի որդիներ Հակոբոսն ու Հովհաննեսը և Փիլիպպոսը:

Այս փաստն ապացուցում է, որ շրջապատը առաջնայնորեն մեծ ազդեցություն չունի մարդու չար կամ բարի լինելու վրա, այլ մարդն ինքն է իր ազատ կամքով ընտրում գնալ դեպի բարին կամ չարը:

Սա կարող ենք տեսնել նաև Ղովտի օրինակով, ով ապրում էր Սոդոմում: Այդ քաղաքում ապրում էին մեղքերի մեջ ընկղմված մարդիկ: Սակայն նույնիսկ այդպիսի վայրում Ղովտը պահեց իր և իր ընտանիքի բարոյականությունը (Ծննդ. 13.12-13, 19.15): Հուդա առաքյալը, ընդհակառակը, իր կյանքի գլխավոր ժամանակաշրջանն ապրեց Քրիստոսի և տասնմեկ առաքյալների հետ, այսինքն` բարձր հատկանիշների և բարոյականության տեր անձանց շրջանում, բայց նա դարձավ Տիրոջ մատնիչը: Հետևաբար, մարդն իր ազատ ընտրությամբ է գնում դեպի չարն ու բարին:

Տեր Ադամ քհն․ Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

surbzoravor.am 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս