Կա՞ որևէ տրամաբանական հիմնավորում, թե ինչու Աշտարակում, և ոչ Վաղարշապատում. Գրականագետը՝ Աշտարակում ակադեմիական քաղաք հիմնելու մասին
Բարձրագույն կրթության բնագավառում ևս բարեփոխումների մեկնարկն այլևս չի կարելի հետաձգել: Կառավարության սեպտեմբերի 1-ի նիստում Գիտելիքի և դպրության օրվա առթիվ շնորհավորանքից հետո նշել է Նիկոլ Փաշինյանը:
«Մեր բուհերը թե՛ ֆիզիկական ենթակառուցվածքի, թե՛ կրթական պրոցեսի մակարդակով հաճախ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Երկրում կա՛մ չկան բուհական ստանդարտներ, կա՛մ չեն գործում: Բարձրագույն կրթությամբ դիպլոմով մարդիկ հաճախ անմրցունակ են աշխատաշուկայում, ինչպես արդեն նշեցի:
Այս ոլորտում մենք մտադիր ենք գնալ բուհերի խոշորացման և որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, այնպես, որ ունենանք առավելագույնը 8 կոնսոլիդացված պետական բուհ: Այդ բուհերը, ուշադրություն դարձրեք, լիարժեք պետական ֆինանսավորմամբ կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին՝ սկսած ֆիզիկական, այդ թվում՝ կրթական, հետազոտական, մարզական, հանրակացարանային ենթակառուցվածքներից՝ մինչև միջազգային կրթական ծրագրերը և որակավորված ու պատշաճ վճարվող պրոֆեսորադասախոսական կազմը:
Մենք արդեն կողմնորոշվել ենք ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցով: Այն կկառուցվի Արագածոտնի մարզում, ավելի կոնկրետ՝ Աշտարակում, և միավորվող, նորացվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ: Մեր բուհերը, ըստ այդմ, պետք է գրավիչ լինեն ոչ միայն հայաստանյան, այլև օտարերկրյա ուսանողների համար, և օտարերկրացի ուսանողների թվի շարունակական ավելացումը մեր բուհական համակարգի մրցունակության ամենավստահելի ցուցիչը պիտի դառնա»,- ասել է Փաշինյանը:
ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ակադեմիական քաղաք ստեղծելու մասին այս իշխանությունների արդեն երկար ժամանակ շրջանառության մեջ դրած գաղափարին՝ ասաց. «Քանի դեռ օրենսդրական ոչինչ չկա, ինչ ասեմ: Ես ավանդական ըմբռնումներ ունեցող մարդ եմ, այդ թվում՝ գիտության: Երբ հստակ որևէ բան լինի, այն ժամանակ հստակ իմ դիրքորոշումը կարտահայտեմ: Մինչև ծրագիր չլինի, «օդի մեջ» չեմ կարող խոսել»:
Ինչ վերաբերում է միավորման արդյունքում 8 բուհ ունենալուն, Վարդան Դևրիկյանը նշեց, որ իր կարծիքով՝ գիտությունը գնում է դեպի ավելի նեղ մասնագիտացում:
ԵՊՀ հայ գրականության և պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանն էլ նշեց. «Նախկինում նման մի հարց առաջադրեց Կարեն Կարապետյանը, և նպատակը ոչ թե բուհերը միավորելն էր, այլ մայրաքաղաքում հարմար տարածություն առանձնացնելն ու այդտեղ ուսանողական քաղաք կառուցելն էր: Կենտրոնացվելու էին մի քանի ինստիտուտներ, իսկ ԵՊՀ-ի մասին առհասարակ խոսք չկար, որովհետև այն ՀՀ-ի համար սիմվոլիկա էր: Ծրագիրն իրականացնելու համար բավականին լուրջ միջոցներ էին պետք: Եվ հետո, կա՞ որևէ տրամաբանական հիմնավորում, թե ինչու Աշտարակում, և ոչ Վաղարշապատում: Առանց դրա էլ Վանաձորն ունի մասնաճյուղ, Շիրակում, Գավառում ևս բուհեր կան: Այսինքն, տարակենտրոնացումը կա: Այստեղ նպատակը մեկն է՝ հնարավոր բոլոր ձևերով Հայաստանը զրկել իր ռազմավարական զենքերից մեկից, որը կրթությունն է»:
Գրականագետը մտավախություն ունի նաև բուհական շենքերն այլ նպատակով ծառայեցնելու հնարավոր մտադրությունների առնչությամբ:
«Կան ԵՊՀ մասնաշենքեր, որոնք շատ մեծ թիվ արժեն: Ժամանակին խոսակցություն էր տարածվել, որ այդ շենքերը կհանվեն աճուրդի: Գյուղինստիտուտի շենքի մասին բոլորովին վերջերս նման արտահայտություններ եղան: Ամեն ինչ վաճառվում է, որևէ մեկը չգիտի՝ քաղաքում այսինչ շինարարության թույլտվությունն ո՞վ է տվել, ինչո՞ւ է տվել: Այսինքն, համատարած քանդում են բոլոր ոլորտներում՝ կրթություն, մշակույթ, շինարարություն… :
Արդեն սխալը թույլ է տրվել, երբ եվրոպական, ամերիկյան, ուսական կասկածելի ծագում ունեցող բուհերին բերեցին և դրեցին մեր բուհերի կողքը, ու մեր շրջանավարտները հրապուրվելով միջազգային զրնգուն եզրույթով՝ սկսեցին դիմել այդ բուհեր, ու հայտնի չէ, թե այդ դիմածներն ինչ արդյունքի են հասել, ինչպիսի կրթություն ես ստանում: Վարկաբեկեցին մեր բարձրագույն կրթությունը, հիմա նույն գիծը շատ ավելի վայրենի, անընդունելի ձևով շարունակվում է»:
Դիտարկմանը, որ շատ է խոսվում, որ կրթության մակարդակը ցածր է, պետք է քայլեր անեն այն բարձրացնելու ուղղությամբ, Սերժ Սրապիոնյանը նկատեց. «Ո՞վ է մեղավոր, թող գնան տեսնեն իրենց նշանակած տնօրեններին, ուսուցիչներին: Քանի՞ մասնագետ են բերել դպրոց, որոնք նվիրված են իրենց մասնագիտությանը: Որտե՞ղ է քննարկվել բուհերը ապակենտրոնացնելու ծրագիրը: Այստեղ, ի դեպ, մեղք ունեն բուհերի դասախոսները, որոնց տակի աթոռն են քաշում, գոյության վերջին կռվանն են ոչնչացնում, բա դուրս չգա՞ն՝ իրենց հեղինակավոր խոսքն ասեն»:
Ի դեպ, քաղաքակիրթ աշխարհում ուսանողական քաղաքներ շատ կան, դա նորություն չէ, բայց դրանք աստիճանաբար ստեղծված, ուսանողական, այսպես ասենք, հանրակացարաններով, գրադարաններով, լաբորատորիաներով, այգիներով քաղաքներ են: Օրինակ՝ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Փրինսթոն քաղաքում է գտնվում Փրինսթոնի համալսարանը, որը երկրի ամենահին, ամենահայտնի և ամենահեղինակավոր մասնավոր հետազոտական համալսարաններից է:
Համալսարանը հիմնադրվել է Ամերիկյան հեղափոխությունից առաջ՝ 1746 թվականին, նախ՝ որպես քոլեջ, ապա ընդլայնվել է ու դարձել համալսարանային քաղաք, որտեղ բակալավրի և մագիստրոսի վկայականներ են ստանում բնագիտական, հումանիտար, հասարակական և տեխնիկական գիտությունների բնագավառներում։
1970-ականների վերջին էլ Խորհրդային Հայաստանի իշխանությունները ուսանողական քաղաք ստեղծելու մտադրություն ունեին, լուրջ խոսակցություններ տարածվեցին, եղան քննարկումներ, անգամ տեղն էին որոշել այսօրվա Ավան-Առինջի տարածքում, պետք է կառուցվեին բուհական շենքեր, լաբորատորիաներով, հանրակացարաններ, բայց ծրագիրը մնած անկատար, հավանաբար ծախսերը շատ էին, կամ գուցե այլ պատճառներ էլ կային, որոնց մասին այդ ժամանակ բուհերի ուսանողներին չէին հայտնել: Ինչպես ասում են՝ երազելը վատ բան չէ, մնում է երազանքն ու ցանկությունը կյանքի կոչելու հնարավորություն ունենան: