Բաժիններ՝

5 միլիոն դրամ՝ հոգեզավակ հիմնադրամին

Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը հերթական դրամաշորհն է հատկացրել իր հոգեզավակ հիմնադրամին։

Օրերս «Մշակույթի զարգացման» հիմնադրամի և ԿԳՄՍ նախարարության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ հիմնադրամը շուրջ 5 միլիոն դրամ (4 մլն 992 000 դրամ) դրամաշնորհով ստանձնել է  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բրենդավորման և հոբելյանական տարվա հանրահռչակման, գովազդային արշավների կազմակերպման ծառայությունների իրականացումը։

Ծրագրի անցկացման ժամկետ է նշվել 2025 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 1-ը։

Մենք պարբերաբար անդրադարձել ենք այս հիմնադրամի՝ նախարարությունից ստացած հարյուր-միլիոնավոր դրամաշնորհներին, որոնք, ի դեպ, ստեղծումից ի վեր՝ 2024 թվականից սկսած, 15-ն են, միայն այս տարի՝ 10 դրամաշնորհ։

Կարդացեք նաև

Օրինակ, նախորդ պայմանագիրը, որը կնքվել էր հունիս ամսին, շուրջ 8 միլիոն դրամ (7 մլն 926 հազար) դրամաշնորհի հատկացումն էր հիմնադրամին՝ «Հարություն Խաչատրյան-70» հոբելյանական միջոցառման կազմակերպման համար։

Մայիս ամսին էլ հիմնադրամը ԿԳՄՍ նախարարությունից ստացած 18 միլիոն 176 400 դրամով ստանձնել է ««Ատոմ Էգոյան 65» և հոբելյաններ» ծրագրի իրականացումը։

«Մշակույթի զարգացման» հիմնադրամի հարցը դեռ 2024 թվականի փետրվարի 29-ի նիստում զեկուցել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը. «Հիմնադրամի միջոցով բարելավելու ենք ոլորտում կառավարման համակարգը. նախատեսում ենք ունենալ միասնական վարչատնտեսական կառավարման մոդել, որն առաջին փուլում կիրականացնենք թանգարանների համար»,- ասել էր նա։

Ավելի ուշ արդեն ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրությամբ ընդգծել էր, թե «Մշակույթի զարգացման» հիմնադրամի հանգուցային գործառույթներից է մարքետինգային գործունեությունը, որը կնպաստի մշակութային կազմակերպությունների ճանաչելիության բարձրացմանը, մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացմանը:

Նշենք՝ հիմնադրամի նպատակներից մեկը նաև միասնական վարչատնտեսական կառավարման մոդելի ստեղծումն է, այդ թվում՝ միասնական տոմսային համակարգին անցումը։ Դեռ այդ օրերին մամուլում եղան հրապարակումներ, որ թանգարանային ոլորտի մասնագետները, փորձագետներն այդ առնչությամբ իրենց մտահոգություններն են բարձրաձայնել։ Նրանք նկատել էին, որ թանգարանները, որոնք պետք է կառավարվեն այդ հիմնադրամի կողմից, վարելու են մեկ հաշվապահություն, ունենալու են մեկ ղեկավար մարմին, ինչը նշանակում է՝ լինելու է կենտրոնաձիգ ու միահեծան կառավարում, որով թանգարանները զրկվելու են ինքնակառավարումից և ինքնուրույնությունից։

Ի դեպ, Մշակույթի զարգացման հիմնադրամը գործում է Հայաստանի ազգային պատկերասրահի տարածքում՝ 8-րդ հարկում։

Տեսանյութեր

Լրահոս