ՌԴ դպրոցներում շարունակում են փակվել հայերենի ուսուցման դասաժամերը. Հարցը միջպետական լուծում է պահանջում
«Տարեցտարի Ռուսաստանում պակասում է այն հանրակրթական դպրոցների թիվը, որտեղ դասավանդվում էր հայերեն։ Ամենացավալին այն է, որ դրանք հայաբնակ վայրերում են, մեծաքանակ հայ բնակչությամբ»,- ահազանգում է Կրասնոդարի պետական լրացուցիչ կրթության «Ցենտրալնի» ստեղծագործական զարգացման կենտրոնի հայրենագիտության ուսուցչուհի Կարինե Կատանյանը:
«2019 թվականին իմ հեղինակած «Սասունցի Դավիթ այբբենարան» և «Փոքրիկ Հայկ» ուսումնական ձեռնարկները դպրոցի տնօրինության պահանջով պատվիրեցինք ՌԴ Կրթության Նախարարությանը կից հրատարակչությանը՝ այդ պայմանով պահպանելով Ստավրոպոլի մարզի Եդեսիա ավանի, Ադիգեայի Պրոլետարսկի ավանի հայերենի դասաժամերը։ Ցավոք, վերջինը փակվեց անցած տարի, իսկ Եդեսիայի հայերենի դասաժամերը՝ այս տարի։ Պատճառը նույնն է՝ ՌԴ-ում երաշխավորված և հաստատված դասագրքերի ցուցակում չկան հայերենի դասագրքեր։ Այս խնդիրն արդեն երկար ժամանակ արդիական է և լուծում է պահանջում։ Վերջերս Հայաստանում անցկացվող 10-րդ համահայկական կրթական խորհրդաժողովում ևս բարձրացվեց այս հարցը, որը, իհարկե, միջպետական, կառավարական մակարդակով լուծում է պահանջում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Կատանյանը:
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ չնայած հայերենի դասաժամերը հանրակրթական դպրոցներից հանվում են, դրա փոխարեն ավելանում է լրացուցիչ կրթության, համայնքային կառույցներին, եկեղեցիներին կից հայկական կրթօջախների թիվը։
«Վերջերս տեղեկացա, որ այս տարի հեռավոր Սիբիրի Խանտի-Մանսիյսկ Ինքնավար Մարզում բացվելու է «Արմատ» հայկական մշակույթի և լեզվի զարգացման կենտրոն։ Օրինակ, կենտրոնում, որտեղ ես եմ աշխատում, հայերենի դասերի են հաճախում 70 երեխա։ Մասնագիտական առումով շփվում եմ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող կրթօջախների ներկայացուցիչների հետ ու համոզվում, որ հայը որտեղ ոտք է դնում՝ հիմնում է իր դպրոցը և կառուցում եկեղեցի»,- նշեց հայրենագիտության ուսուցչուհին:
Հետաքրքրվեցինք՝ «Սասունցի Դավիթ այբբենարանը» կիրառվո՞ւմ է ՌԴ-ում և նրա սահմաններից դուրս, Կարինե Կատանյանը պատասխանեց. «Սասունցի Դավիթ այբբենարանը» բավականին ճանաչում ստացավ ինքն իր ճանապարհը հարթելով։ Երբ առաջին անգամ 6-րդ համահայկական կրթական խորհրդաժողովին ներկայացրեցի դեռևս չտպագրված ֆայլերով հավաքած տարբերակը, շատերը անվստահությամբ ընդունեցին այն։
Չէ՞ որ «Սասունցի Դավիթը» թե՛ իր ձևաչափով, թե՛ գործածված մեթոդով տարբերվում է մեզ ծանոթ այբբենարաններից։ Այն ամբողջությամբ հեղինակային է և նորություն էր տառուսուցման ասպարեզում։ Դասագիրքն անմիջապես մտավ Սփյուռքի դպրոցների համար նախատեսված գրքերի ցանկ: Այն ժամանակ դրանով զբաղվում էր Սփյուռքի նախարարությունը: Եղան նաև շատ խոչընդոտներ, բայց դա էլ բնական էր, կարևորը, որ շատ մանկավարժներ վստահեցին, պարապեցին և միմյանց փոխանցելով իրենց տպավորությունները՝ ճանաչում բերեցին գրքին։ 2018 թվականին Լոնդոնի Գ. Թահթայան կիրակնօրյա ազգային վարժարանի տնօրինուհի Ռուզաննա Թաթուլյանի կողմից առաջարկություն ստացա գիրքը թարգմանել անգլերեն և փոխառել նաև արևմտահայերենի և դասական ուղղագրության։ Երկու տարվա միասնական ջանքերի և արևմտահայերենի մասնագետների օգնությամբ գրքերը պատրաստ էին։
Այսօր ես սիրով կարող եմ ասել, որ «Սասունցի Դավիթ այբբենարանը» առայժմ միակ համահայկական այբբենարանն է՝ ռուսերենի և անգլերենի հիմքի վրա։ Դրանով ուսուցանում են աշխարհի տարբեր երկրամասերում, ու ամենաբարձր գնահատականն այն շնորհակալական խոսքերն են, որոնք ստանում եմ աշխարհի տարբեր անկյուններից։ Վերջին երկու տարիներին ուշադրությունս ավելի կենտրոնացած է նախադպրոցական տարիքի երեխաների հայերենի ուսուցմանը Սփյուռքում։ Եկա այն համոզման, որ շատերը խուսափում են աշխատել այս տարիքի հետ, քանի որ չկան համապատասխան ձեռնարկներ, դիդակտիկ նյութեր և մշակված մեթոդներ։
«Փոքրիկ Հայկ»-ին կից ստեղծվեց եռալեզու նկարազարդ բառարան (360 բառ), նույն պատկերներով քարտեր, որոնցով կազմակերպված դիդակտիկ խաղերը նպաստում են հայերեն խոսքի զարգացմանը։ Վերջերս լույս տեսավ «Գունավորիր և սովորիր» աշխատանքային տետրը, որի գործնական նշանակությունն այն է, որ ոչ միայն ծանոթացնում է հայերենի տպատառերին և զարգացնում կարդալու ունակություններ, այլև երեխային պատրաստում է դպրոցին՝ զարգացնելով ձեռքի շարժունակությունը։ Այս ամբողջական փաթեթի հիման վրա մշակված մեթոդները դասը դարձնում են արդյունավետ և առավել հաճելի երեխաների համար, որն անչափ կարևոր պայման է Սփյուռքի համար»:
Հավելենք, որ Ռուսաստանը պահանջում է, որ դասագրքերը հրատարակված լինեն ՌԴ-ում, իսկ ՀՀ-ն՝ Հայաստանում: Մինչև օրս չկան դասագրքեր, որոնք ընդգրկված էին ՌԴ դասագրքերի ցանկում, իսկ դա այդ երկրի պայմանն է: