ԱՍՏՎԱԾ ԵՐԿԱՐ ԿՅԱՆՔ ՏԱ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ. ԳԱՐԵԳԻՆ 2-ՐԴԸ ՑԿԵՆԱՍ ԿԱԹՈՂԻԿՈՍ Է, ԱՆՀՆԱՐ Է ՉԵՂԱՐԿԵԼ ԱՍՏԾՈ ՕԾՈՒՄԸ. ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև:

  • Այն սադրանքը, ինչը նախապատրաստված էր այսօր Մայր Աթոռում, ամբողջությամբ տապալվեց: Ես չեմ խորշում ասել, որ այսօր ականատես ենք եղել հաղթանակի: Ինչպես Վեհափառն այսօր ասաց իր խոսքում՝ արթուն կացեք: Մենք այնքան շատ էինք, որ անգամ մեր մոլորյալ հայրենակիցների խումբը չէր հասկանում՝ ինչ անել, ինչ ասել:
  • Աստված երկար կյանք տա Հայրապետին. Գարեգին 2-րդը ցկենաս Կաթողիկոս է և ցկեանս եկեղեցու գլուխ, և ոչ ոք չի կարող չեղարկել Աստծո օծումը:
  • Իսկ ովքե՞ր են դատողները, ո՞վ կարող է մեղադրել Վեհափառին՝ մարդ, ով խաբել է բոլորիս Արցախի հարցո՞ւմ, ով ամեն վայրկյան սո՞ւտ է խոսում:
  • 2020թ. դեկտեմբերի նույն օրերին՝ պատերազմի ողբերգական ավարտի քառասունքին, նույն բանն էր տեղի ունենում, պղծում էին Եռաբլուրը: Այսօր էլ փորձեցին սադրել, Մայր տաճարում բղավել, բայց Վեհափառն իր հանդարտությամբ հաղթեց բոլորին: Հին արևելյան ասացվածք կա՝ շունը հաչում է, քարավանը գնում է: Ինչ ուզում են, ասեն՝ եթե մենք ամուր ենք մեր հավատի մեջ, եկեղեցու հիմքերը խարխլել անհնար է:
  • Սա չի արվում եկեղեցին մաքրելու համար, այլ եկեղեցին գրավելու համար, որ ինչպես բանակը, եկեղեցին էլ սարքեն դեկորատիվ:
  • 10 եպիսկոպոսները մարդիկ էին հրավիրել, բայց իրենք եկան 10 րոպեով, մի կերպ, խղճուկ կերպարանքով, աիեցին իրենց պերֆորմանսը ու տարան: Սա ինձ հիշեցնում է ադրբեջանական ավտոբուսային ընդդիմությունը:
  • Այն մարդիկ, ովքեր Մայր Տաճարում ապրել են, ուսանել են, հաց են կերել, հիմա թաքուն ու վախվորած են մտնում: Դուք ձեր տուն, ձեր վանք մտնում եք անեծքի, լուտանքի ներքո ուրիշի դրած անվտանգության աշխատակիցների հետ: Սրանից ավելի վատ ի՞նչ կարող է լինել: Վստահ եմ՝ եթե գան, մեղքերի թողություն խնդրեն, Վեհափառը մեծահոգի է, կների:
  • Վերջին 5 տարիներին շատ քիչ է եղել, որ ես ինձ շատ վստահ եմ զգացել իմ հավատի մեջ: Այսօր այդ օրերից էր, երբ Վեհափառը հանդարտ ասաց՝ Եկեղեցում տեղ գտած աղմուկը չի կարող խաթարել մեր առաքելությունը: Բոլոր իմաստներով ոգևորիչ հաղթանակ ենք տոնելու:
  • Ամենայն հայոց կաթողիկոսը չի ենթարկվում ոչ մեկի, բացի Աստծուց: Աշխարհում նման ցանցային կառույց, ինչպիսին մեր եկեղեցին է, չկա: Սինգապուրից մինչև Հարավային Ամերիկա կա հայ եկեղեցի…
  • Հայոց հայրապետները այլ պետությունների թիրախում եղել են մշտապես, որովհետև Հայ եկեղեցուն ու Հայրապետին ընկալել են հայկական իինքնիշխանության սիմվոլ: Դրա համար հայկական պետականությունը թուլացնել ցանկացողները փորձում են թուլացնել Հայոց Հայրապետին: Նույնն արեցին Արցախի հետ: Մենք էինք թելադրում իրավիճակը: Դրանից ինքնիշխան բան պատկերացնել հնարավոր չէր: Դրա համար էլ արեցին այն, ինչ արեցին:
  • Իշխանություններ, բա ազատագրական շարժում արեք, մեր գրավված տարածքներն ազատագրեք… Դրանք ինքնիշխանության մաս չե՞ն: Այսինքն՝ Գարեգին 2-րդ Վեհափառի դեմ արշավանքն ավելի կարևոր է, քան սեփական տարածքներն ազատագրե՞լը: 5 տարի է, մեր եղբայրները Բաքվի կողմից գերեվարված են, դուք տեսե՞լ եք, որ երկրի ղեկավարն ամեն օր այդ մասին գրառում անի: Էս հարցրեը թողած իշխանությունը խոսում է եկեղեցու մաքրագործման մասի՞ն: Ո՛չ, սա Թուրքիայի և Ադրբեջանի պահանջի անուղղակի կատարում է:
  • Սյունիքով անցնող ճանապարհը թուրքերի ու ադրբեջանցիների ընկալման մեջ Միջանցք է: Նրանց ընկալման մեջ Սյունիք-Նախիջևան-Արցախը ընկալվում է որպես մեկ միասնական գոտի, որը պետք է չեզոքացնել:
  • Դե ֆակտո իշխանությունները ունակ չեն և չեն լինելու իրականացնել մի նախագիծ, որը կամրապնդի մեր անվտանգությունը, մեր ֆինանսական բարեկեցությունը: Իրենք իրականացնում են Սյունիքի աստիճանական թուրքականացումը: Այդ ծրագիրը իրականություն չի դառնալու: Հակառակը, սկսելու են մեզ սիրաշահել, լավ խոսքեր ասել, շողոքորթել արևելյան քաղցրախոսությամբ… 100 տարի առաջ էլ Քյազըմ Կարաբեքիրի նամակում գրած էր՝ ոչնչացնել Հայաստանը, բայց այդ ամենն անել այնպես, որ հայերի աչքում մենք մշտապես երևանք խաղաղասեր: Դա 1920թ. նոյեմբերի 6-ն էր:
  • Ամեն շաբաթ Ադրբեջանը Բուլղարիայից, Իսրայելից, Սլովակիայից, Ռուսաստանից, Չինաստանից ու այլ երկրներից ինքնաթիռներով զենք է բերում: Հաստատ խաղաղության համար չէ: Անգամ Ֆրանսիան Ադրբեջանին վաճառում է մի քանի հարյուր միլիոնի երկակի նշանակության զենքեր, բայց մենք թող բավարարվենք Մակրոնի հայերեն գրառումներով: Այս տարածաշրջանը պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ փաստացի պատերազմի: Իսկ Հայաստանը չի մասնակցում միակ ռազմական կառույցի՝ ՀԱՊԿ-ի աշխատանքներին, որին անդամակցում է: Իսկ կարո՞ղ է դա էլ է Թուրքիայի և Ադրբեջանի պահանջը:
  • Մեզ պետք է ազգային իշխանություն, որի համար պետք է այնպիսի համընդհանուր համախմբում, ինչպիսին այսօր եղել է Մայր Աթոռում: Այնտեղ էին բոլորը, բո-լո-րը՝ անկախ նրանից, թե ով ում է հավատում:
  • Մեզ ներքաշում են տարածաշրջանային բախման մեջ, որն առանց այն էլ եռում է: Հակամարտությունները ստանում են հիբրիդային բնույթ, բոլորը ռազմականանում են, ու էդ ֆոնին թիթեռ նկարելը մեզ դարձնում է պատեազմի թիրախ: Դե ֆակտո իշխանությունը մեզ տանում է նոր պատերազմի:
  • Եթե Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ասում է՝ Արցախը կա ու կմնա, երբ այստեղ իշխանւթյունը Արցախ բառն արգելել է օգտագործել, նա ցույց է տալիս, որ սա է ճիշտը, մահը ոչինչ է: Ամեն օր գլուխը բարձին դնելուց առաջ հիշենք՝ մարդիկ մեզ համար են զոհողության գնում:
  • Ցանկացած հայ, ով ասի՝ ես համաձայն չեմ, որ Հայաստանը դառնա Թուրքիայի և Ադրբեջանի կցորդ երկիր, թիրախավորվելու է այս իշխանությունների կողմից:
  • Վեհափառ Հայրապետը պաշտպանված է Աստծո օրհնությամբ, մենք ունենք իր պաշտպանության կարիքը, նա վստահ է ու հանդարտ իր քահանաների հետ միասին: Մենք պետք է ամուր ու զգոն լինենք ու արթուն: Եկեղեցու կողքին պետք է լինենք միշտ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս