Երեսպաշտության շքահանդես և կրկնակի պարգևավճարներ՝ ԱԺ-ում
Նախօրեին Ազգային ժողովում քննարկվում էր հերթական խոշոր վարկային համաձայնագիրը, որով Հայաստանը պատրաստվում է Ասիական զարգացման բանկից 250 մլն դոլար վարկ վերցնել, ինչպես փաստաթուղթը ներկայացնող պաշտոնյան է ասել՝ «Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար»:
Իրականում այս փաստաթղթի անվանումը պետք է լիներ ոչ թե «վարկային համաձայնագիր», այլ «Երեսպաշտության ու ցինիզմի մանիֆեստ»։ Հայաստանի արտաքին պարտքը վերջին 7 տարում մոտ 8 միլիարդ դոլարով ավելացրած իշխանությունն ընտրություններից առաջ դիմում է ամենակեղտոտ քայլին։ Արտաքին պարտքը քառորդ միլիարդ դոլարով ավելացվում է, բայց ավելացվում է այնպես, որ դրա ցանկացած քննադատության ի պատասխան՝ հայտարարվի՝ արցախահայերի համար ենք պարտքն ավելացնում։
Դրա նախերգանքն արդեն հնչել է վերջերս, երբ ԱԺ-ում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով արտաքին պարտքի անթույլատրելի չափի մասին մեղադրանքներին, կեղծիք տարածեց՝ հայտարարելով, թե այդ պարտքի միջոցով օգնել են «Ղարաբաղից տեղահանվածներին»։
Այսպիսով Արցախն Ադրբեջանին հանձնած, նրանց տնավեր դարձրած Փաշինյանն արցախահայերին օգնելու քաղաքականությունը փորձելու է վաճառել նույն արցախահայերին, որոնց բոլոր հնարավոր միջոցներով ստիպում են ընդունել ՀՀ քաղաքացիություն, այդ թվում և առաջին հերթին՝ ԱԺ ընտրություններում նրանց ձայները ստանալու հաշվարկով։
Իսկ ընտրություններից առաջ 250 մլն դոլար վարկն իշխանությունը հեշտությամբ կարող է այնպես բաշխել, որ օրվա հացի խնդիր ունեցող տասնյակ-հազարավոր արցախահայերն անգամ պարզ երախտագիտությունից ելնելով՝ իրենց ձայնը տան իրենց հայրենազրկած, այդքան կորուստներ պատճառած ՔՊ-ին։ Քարոզչությունն այդ հարցում կաշխատի՝ ինչպես պետք է։
Արդյունքում՝ իշխանությունն իր վերարտադրության հարցը կլուծի ՀՀ բոլոր քաղաքացիների հաշվին՝ նրանց սերունդներին թողնելով արտաքին պարտքի ևս մեկ մեծ կտոր։
Եվ հենց այդտեղ էլ թաքնված է իշխանության ամենակեղտոտ հաշվարկը, որն անգամ երեսպաշտություն չէ, այլ կոչվում է Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածին ենթակա անվանմամբ։ Արտաքին պարտքի թեման քաղաքական օրակարգի անբաժանելի մաս է և իշխանությանն ուղղվող քննադատության ամենահիմնավոր բաղադրիչներից մեկը։
Այդ պայմաններում, իշխանական քարոզչությունն արտաքին պարտքի աննպատակ օգտագործումն ու «փաստաթղթավորված թալանը» կարող է ուղղել արցախահայերի դեմ ատելության հերթական ալիքի գեներացմանը՝ իրենց լեզվով ասած՝ «հայաստանցիներին» տրամադրելով արցախահայերի դեմ՝ այն փաթեթավորմամբ, որ՝ «ձեր բերանից կտրում ենք ղարաբաղցիներին օգնելու համար»։
Իշխանությունն այսպիսով լուծում է միանգամից մի քանի խնդիր՝ հարկատուների, այսինքն՝ բոլորի հաշվին աջակցում է արցախահայերին, ստանալով նրանց մի մասի քվեն, այդ աջակցության գործընթացում ներգրավված պաշտոնյաների մեծ բանակ ստանում է իր մասնաբաժինը՝ «փաստաթղթավորված թալանի» շրջանակներում, իսկ վերջնարդյունքում ամրապնդվում է գործող իշխանությանը սնող ամենամեծ գործոնը՝ հանրային պառակտումը:
Հ․Գ․ Նույն Ազգային ժողովում, որտեղ ներկայացվում էր այս փաստաթուղթը, տեղի է ունեցել մի աննշան իրադարձություն։ Մեկ ամսվա ընթացքում պատգամավորները, ԱԺ աշխատակազմը և պետական ծառայողները 2 անգամ պարգևատրում են ստացել։ Ի թիվս այլ ծառայությունների՝ նման օրինագծեր ընդունելու համար։
Դրան հավելենք, որ կառավարությունը տոներին ընդառաջ պատրաստվում է վճարվող պարգևավճարներից դուրս, տարեվերջին հարկատուների գրպանից շուրջ 9.5 մլն դոլար էլ բաժանել պետական պաշտոնյաներին։ 2026-ի ընտրություններին ընդառաջ:
Հարություն Ավետիսյան
