Ինչու Վրաստանը «երկրորդ ճակատ» չբացեց Ռուսաստանի դեմ. փորձագետը՝ ռեգիոնալ գործընթացների մասին
Տարածաշրջանում ուժային հավասարակշռության փոփոխությունից հետո Վրաստանում մտավախություններ կան երկրի տարանցիկ դերի նվազման վերաբերյալ։ TRIPP-ի՝ «Թրամփի ուղու» ծրագրի մասին Փաշինյանի և Ալիևի վաշինգտոնյան համաձայնությունը վրացական ընդդիմությունն ընդունել է որպես «աշխարհաքաղաքական աղետ» Վրաստանի համար։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանը՝ խոսելով հայ-վրացական հարաբերությունների ներկա վիճակի, տարածաշրջանում Վրաստանի տարանցիկ դերակատարության և տարածաշրջանային գործընթացների նկատմամբ Վրաստանի հետաքրքրությունների թեմայի շուրջ։

«Օգոստոսի 8-ից հետո, երբ Վաշինգտոնում նախաստորագրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը և ստորագրվեց TRIPP-ի մասին համաձայնությունը, Վրաստանում ակտիվացան այդ մտահոգություններն ու անհանգստություններն ընդհանրապես տարածաշրջանում կապուղիների ապաշրջափակման և Վրաստանի տարանցիկ դերակատարության նվազման վերաբերյալ։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ Վրաստանը տարանցիկ հանգույց է տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստան-Ռուսաստան բեռնափոխադրումների համար և ընդհանրապես՝ որպես Հայաստանն արտաքին աշխարհին կապող երկիր, նաև Թուրքիան Ադրբեջանին, արևմուտքն արևելքին կապող օղակ, և տարիներ շարունակ Վրաստանն ունեցել է այդ մենաշնորհը, և ամեն ինչ կախված է եղել Վրաստանի հետ հարաբերություններից։
Այժմ իրավիճակը մի փոքր փոխվել է, և տարածաշրջանում ի հայտ է եկել մեկ այլ հնարավորություն՝ կապուղիների ապաշրջափակում, և հարց է՝ ինչ վիճակում կլինի տարիներ անց, եթե այդ ապաշրջափակումը տեղի ունենա։
Քաղաքական առումով բավական զուսպ էր Վրաստանի արձագանքը սկզբնական փուլում։ Վրաստանը պաշտոնապես շնորհավորեց հայկական և ադրբեջանական կողմերին, ինչպես նաև՝ Միացյալ Նահանգներին, բայց ընդդիմադիր դաշտում շատ մեծ էր այդ անհանգստությունը, և ընդդիմադիր գործիչները սա դիտարկում էին որպես աշխարհաքաղաքական աղետ Վրաստանի համար։ Ես որևէ բառ չեմ չափազանցնում»,- մեկնաբանեց Հասմիկ Մելիքսեթյանը։
Այս համատեքստում անդրադառնալով այն տեղեկությանը, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ադրբեջանական նավթի ու նավթամթերքի տարանցման հարցը, փորձագետը պարզաբանեց, որ մեծ հաշվով՝ ապատեղեկատվություն են ադրբեջանական մամուլում հրապարակվող այն հայտարարությունները, որ Վրաստանը փորձում է խոչընդոտել դրան։ Փորձագետի խոսքով՝ խնդիրը կապված է բեռնափոխադրումներն ապահովող «Վրացական երկաթուղի» ընկերության հետ, որն ունի դուստր ձեռնարկություններ, որոնք շատ հաճախ սահմանված սակագներից մի քանի անգամ ավելի բարձր սակագներ են սահմանում բեռնափոխադրումների համար։
«Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Ադրբեջանի պարագայում։ Երբ ադրբեջանական կողմը դիմել է այդ ընկերություններին սակագինը հասկանալու համար, նշվել է բավական բարձր սակագին, որին հետո նաև Վրաստանն է պաշտոնապես արձագանքել՝ հայտարարելով, որ Վրաստանի վարչապետի հանձնարարությամբ կարողացել են խնդիրը կարգավորել, և մեկանգամյա այդ փոխադրումն Ադրբեջանից Հայաստան կլինի լիովին անվճար, այսինքն՝ մաքսատուրք չի գանձվի։
Բայց կա այդ խնդիրը և այն ավելի շատ հենց Վրաստանի ներսում լուծելու խնդիր է, որը կվերաբերի պետության և «Վրացական երկաթուղիների» միջև սակագների հարցը լուծելուն, և ոչ թե Հայաստան-Ադրբեջան կամ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան հարցին»,- նշեց փորձագետը։

Հայկական դիտանկյունից Վրաստանի թեմային առնչվող ամենաարդիական և ամենաշատ քննարկվող հարցերից մեկն, անշուշտ, Եվրամիության հետ Վրաստանի և Հայաստանի հարաբերությունների միջև զուգահեռներն են և Եվրամիության միջամտությունը թե՛ Վրաստանի, և թե՛ Հայաստանի ներքին գործերին՝ «ռուսական ազդեցությանը», «ռուսական ապատեղեկատվությանը» կամ, այսպես կոչված, «հիբրիդային հարձակումներին» դիմակայելու հարցում օգնություն տրամադրելու կամ ընտրական և քաղաքական գործընթացներին Ռուսաստանի հնարավոր միջամտությունը թույլ չտալու անվան տակ։ Վրաստանի ներկա իշխանությունները պարբերաբար մեղադրում են Եվրամիությանը Վրաստանի ներքին գործերին միջամտելու համար, իսկ հոկտեմբերի 4-ի ՏԻՄ ընտրություններին հաջորդած բախումներից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԵՄ դեսպանին մեղադրեց իշխանության տապալման փորձին աջակցելու մեջ, Վրաստանի խորհրդարանի խոսնակն էլ ներողություն էր ակնկալում ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասից և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսից՝ նրանց մամուլի խոսնակի կողմից Վրաստանի կառավարությունը տապալելու հանրահավաքին ցուցաբերած աջակցության համար։
Այս հետնապատկերին առավել ուշագրավ էր նույն Կայա Կալասի դեկտեմբերի 15-ի հայտարարությունը, որ Հայաստանի իշխանությունները դիմել են ԵՄ-ին՝ «արտաքին միջամտության» դեմ պայքարում օգնության խնդրանքով, ինչպես նաև Մարթա Կոսի՝ ավելի վաղ հայտնած տեղեկությունը, որ ԵՄ-ն 12 մլն եվրո է հատկացնելու ՀՀ կառավարությանը՝ «հիբրիդային սպառնալիքներին» դիմակայելու համար։
Հարցին, թե հակասական չե՞ն արդյոք այս երկու դեպքերը և կարո՞ղ է արդյոք Վրաստանի պարագայում ներքին գործերին միջամտող ԵՄ-ն օգնել Հայաստանին «արտաքին միջամտության» և «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարում, Վրաստանի հարցերի փորձագետը պատասխանեց, որ հայաստանյան քաղաքականության մասնագետ չլինելով՝ իհարկե, չի կարող գնահատական տալ Հայաստանի վերաբերյալ, սակայն Վրաստանի փորձն ասում է, որ տարիներ առաջ՝ 2020-ին և դրանից առաջ տեղի ունեցած ընտրությունների ժամանակ, իսկ այս թեման ակտիվանում է հիմնականում ընտրությունների շրջանում և հատկապես խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Վրաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգում կարևոր տեղ է զբաղեցրել արտաքին քարոզչության, կիբեռհարձակումների դեմ պայքարի շուրջ համագործակցությունը։
Փորձագետը փաստում է, որ Ռուսաստանի թեման մշտապես առկա է վրացական քաղաքական դաշտում և օգտագործվում է ընդդիմության և իշխանության միջև փոխադարձ մեղադրանքների ժամանակ.
«Կիբեռհարձակումների, կիբեռհանցագործությունների հետ կապված համագործակցությունը վերաբերում էր ԵՄ-Վրաստան երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում են եղել նմանատիպ համագործակցության մեխանիզմներ, և տարիներ առաջ դա ընդունելի էր նաև Վրաստանի իշխանությունների համար, որ կարող են ԵՄ-ի հետ քննարկել երրորդ երկրների միջամտությունը թույլ չտալու հարցը, և «երրորդ երկրներ» ասելով՝ նկատի ունեին հենց Ռուսաստանին։ Այստեղ հետաքրքիր մի բան կա, որ խորհրդարանական գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ Ռուսաստանի թեման այն հարցն է, որ, այսպես թե այնպես, կա, և Ռուսաստանի թեման կապվում է ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմության հետ, այսինքն՝ եթե կողմերից որևէ մեկը փորձում է մյուսին վարկաբեկել, սկսում է մեղադրել «ռուսամետ» լինելու մեջ։ Այս «ռուսամետության» հարցը Վրաստանում շատ տարածված է, և եթե ուզում են ինչ-որ մեկին պիտակավորել, նրան մեղադրում են «ռուսամետ» լինելու մեջ՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները։
Թե ինչպիսի մեխանիզմներ կընդունեն Հայաստանի պարագայում՝ հարցի մեկ այլ կողմն է, բայց ինչ վերաբերում է Վրաստանին՝ ժամանակին այդ մեխանիզմները նաև Վրաստանի հետ են եղել՝ ապատեղեկատվության, կիբեռհարձակումների, երրորդ երկրների միջամտության դեմ պայքար և այլն»։

Այս համատեքստում փորձագետը մեկնաբանեց նաև այն հարցը, թե ինչու է Եվրամիությունը տարբեր կերպ արձագանքում Վրաստանում և Հայաստանում ընդիմության ճնշումներին՝ Վրաստանի դեպքում՝ խիստ քննադատելով իշխանություններին, իսկ Հայաստանի դեպքում՝ լռելով և որևէ գնահատական չտալով քաղաքական ընդդիմախոսների հետապնդումներին, մարդու իրավունքների խախտումներին և քաղբանտարկյալների առկայությանը։
Մելիքսեթյանի խոսքով՝ Հայաստանի պարագայում ԵՄ պաշտոնյաները պիտի մեկնաբանեն՝ ինչու են լռում, սակայն Վրաստանի դեպքում շրջադարձային եղավ 2022 թվականը, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, և Վրաստանը հրաժարվեց միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին կամ, ավելի պատկերավոր ասած՝ «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի դեմ։
Դեկտեմբերի 15-ին ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել էր, որ 2026-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի իշխանություններն օգնություն են խնդրել Եվրամիությունից. «Դուք գիտեք, որ Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, և մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ՝ խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային»։
Ավելի վաղ ԵՄ ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը հայտնել էր, որ ԵՄ-ն 12 մլն եվրո է հատկացնելու ՀՀ կառավարությանը՝ 2026-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև կիբեռանվտանգությունն ամրապնդելու հարցում։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։
