Թումոն գործարկում է Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտը և բաց հարթակը

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը պաշտոնապես հայտարարում է Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտի մեկնարկի մասին, ինչը կարևոր քայլ է հայկական ժառանգության փաստագրման, պահպանման և ստեղծագործական ակտիվացման համար։

Ինստիտուտը հիմնադրել է Թումոյի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը` այն ձևավորվելով 2020 թվականին Թումոյի` Հայկական ժառանգության սկանավորման ծրագրից:

Ինստիտուտի նպատակն է հայկական ժառանգությունը վերածել ակտիվ և հասանելի ռեսուրսի ոչ միայն անցյալը պահպանելու, այլև մշակութային նոր արտահայտչաձևեր խրախուսելու համար։ Ինստիտուտը ղեկավարելու է Հյուլէ Քէշիշեանը։

Կարևոր ձեռքբերում է նաև նորաբաց Ինստիտուտի բաց հարթակը՝ armenianculturalheritageinstitute.org։

Հարթակը բաց է լայն հանրության առաջ։ Այստեղ հնարավոր է լիովին հասանելի եռաչափ մոդելների միջոցով ուսումնասիրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժառանգությունը, բացահայտել դրանց պատմությունները և մանրամասնորեն զննել յուրաքանչյուր դետալ՝ հետազոտության, կրթության և ստեղծագործական ոգեշնչման համար։

Ժառանգության թվայնացմանն ուղղված աշխատանքներին զուգահեռ ինստիտուտը ձևավորում է ժառանգության վերաբերյալ նախաձեռնությունների ընդգրկուն էկոհամակարգ. հավաքագրում է հուշարձանների և համայնքների հետ կապված բանավոր պատմությունները, գրանցում է ավանդույթները և պահպանում ձայնային և երաժշտական ժառանգությունը՝ միաժամանակ պատրաստելով ժառանգության հետ աշխատող հաջորդ սերնդին։

Ինստիտուտի առաքելությունն է ապահովել մշակութային հիշողության կենսունակությունը, արդիականությունը և հասանելիությունը արտահայտման նոր ձևերի համար։

Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտը նպատակ ունի վերամտածելու՝ ինչպես է ժառանգությունը պահպանվում և նոր շունչ ստանում և ապահովելու, որպեսզի ժառանգությունը հանդիսանա համընդհանուր ռեսուրս, մշակութային իրավունք և նոր ստեղծարարության հիմք:

Տեսանյութեր

Լրահոս