«Եթե Հայաստանը պետական մակարդակով ՄԻԵԴ դիմելու մտադրություն ունենար, չեմ կարծում, որ կամավոր սկզբունքով կդատարկեր այդ տարածքները». Ալվինա Գյուլումյանը
Օգոստոսի 25-ից հետո Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքում, Աղավնո և ներքին Սուս գյուղերում այլևս որևէ հայ չկա, նրանք բոլորը տեղահանվել էին։ Մինչև տեղահանվելը՝ օգոստոսի 5-ին, Արցախի տարածքային կառավարման նախարարն այցելել էր Բերձոր քաղաք, հանդիպել գյուղերի բնակիչների ու ղեկավարների հետ և հորդորել մինչև օգոստոսի 25-ը դուրս գալ այդ տարածքներից, քանի որ այն անցնելու է թշնամու հսկողության տակ։
Չնայած բազմաթիվ փորձագետներ բարձրաձայնում էին, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ կետ չկա, որ բնակիչները պետք է լքեն Աղավնոն կամ Բերձորը, Արցախի իշխանությունների ներկայացուցիչները տեղի բնակիչներին ամեն կերպ հորդորում էին թողնել իրենց տներն առանց վնասելու։ Այդուհանդերձ, ոմանք հեռանալուց առաջ այրեցին սեփական տները, որպեսզի թուրքի ոտքը չհայտնվի այնտեղ և չպղծեն։
Պատերազմից երկու տարի անց բազմաթիվ հայեր կրկին զրկվեցին իրենց հողից, տնից, նրանց մի մասը տեղափոխվել է Հայաստանի տարբեր վայրեր, մյուս հատվածն էլ հաստատվել է Արցախի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Ի վերջո, այս տարածքներից տեղահանված բնակիչները միջազգային ատյաններում ինչպե՞ս կարող են պաշտպանել իրենց իրավունքները, եթե Հայաստանը պետական մակարդակով դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ի՞նչ շանսեր ունեն։
168.am-ի հետ զրույցում Սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը պատասխանելով մեր հարցերին՝ ասաց.
«Եթե Հայաստանը պետական մակարդակով ՄԻԵԴ դիմելու մտադրություն ունենար, չեմ կարծում, որ կամավոր սկզբունքով կդատարկեր այդ տարածքները, որովհետև ստացվում է, որ իրենք դուրս են եկել։ Եղել է սպառնալիք, գուցե ուժի և այլնի։ Հարցը լրջորեն պետք է ուսումնասիրվի, որովհետև, եթե անգամ դիմեն միջազգային իրավական պաշտպանության, լավագույն դեպքում իրենք հատուցում են տրամադրելու, չեն վերադարձնելու այդ տարածքները, կամ էլ ասելու են՝ գնացեք Ադրբեջանի տիրապետության տակ ապրեք»,- նշեց Ալվինա Գյուլումյանը։
Շարունակելով՝ Ալվինա Գյուլումյանն ասաց, որ առհասարակ այս հարցն ու խնդիրը լուրջ ուսումնասիրության կարիք ունեն։
«Բայց դիմելու դեպքում էլ հնարավոր է ասեն՝ ահա դրամական փոխհատուցումը ստացեք ու լռեք՝ սա էլ չեմ բացառում»,- եզրափակեց Ալվինա Գյուլումյանը։