Բաժիններ՝

Եթե դուք բաց թողնեք STARMUS VI-ը, երբեք այն կրկին չեք տեսնի, ոչ միայն համերգներ, այլև դասախոսություններ. փառատոնի համահիմնադիր

Սեպտեմբերի 5-10-ը Երևանի համալսարանները և ՀՀ կրթական կենտրոնները կհյուրընկալեն STARMUS VI փառատոնի մասնակից բանախոսներին, որոնք կփոխանցեն իրենց գիտելիքն ու փորձը` տիեզերքի գաղտնիքների ու դրանց բացահայտման մասին։ Բացի դասախոսություններից, կլինեն նաև համերգներ: Աշխարհահռչակ երաժիշտները կնպաստեն գիտության հանրայնացմանը՝ արվեստի միջոցով, որոնց թվում են Ռիք Ուեյքմանը, Դերեք Շերինյանը, Սայմըն Ֆիլիպսը, Սերժ Թանկյանը, Տիգրան Համասյանը:

Ռիք Ուեյքմանն ասաց, որ դեռ 10 տարի առաջ են իր հետ կապ հաստատել, որ մասնակցի STARMUS-ին, և հպարտ է, որ այս ամենի մասն է կազմում: Նրա խոսքով՝ գիտությունն ու արվեստը համատեղ են, առանձին չեն:

Սայմըն Ֆիլիպսն էլ ասաց, որ առաջին անգամ է Հայաստանում և առաջին անգամ է նաև STARMUS-ին մասնակցում:

STARMUS VI փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանն էլ հավելեց, որ սպասվում է համերգ, որը երբեք որևէ տեղ չեն տեսնի:

Կարդացեք նաև

«Եթե դուք բաց թողնեք STARMUS VI-ը, երբեք այն կրկին չեք տեսնի: Խոսքը ոչ միայն համերգների, այլև դասախոսությունների մասին է: Հանդես կգան դասախոսություններով Թոնի Ֆադելը՝ ipod-ի գյուտարար, iPhone-ի համահեղինակ և Nest-ի հիմնադիր, հայազգի տիեզերագնաց Ջիմ Բաղյանը, ամերիկացի ֆիզիկոս և աստղագետ Քիփ Թորնը, Նոբելյան մրցանակակիրներ: 5 օրը ոչինչ է, կանցնի, կգնա, բայց այս ամենը երբեք չեք տեսնի»,- նշեց Գարիկ Իսրաելյանը:

Հարցին՝ փառատոնի անունն իր մեջ պարունակում է «սթար» բառը: Արդյո՞ք STARMUS անունով աստղ կա երկնքում, Գարիկ Իսրաելյանը պատասխանեց.

«Չգիտեմ, աստղ չէ, բայց աստերոիդ շուտով կլինի: Ինձ թվում է՝ աստերոիդներից մեկը STARMUS-ի անունով կանվանեն, կամ, գուցե, ինչ-որ խառնարան՝ Մարսում կամ այլ տեղ, որովհետև նոր խառնարանները որ գտնում են՝ միշտ անուններ են դնում: Վստահ եմ, որ STARMUS-ի անունով կդնեն, արդեն առաջարկներ եղել են, քննարկվում է, ինձ թվում է՝ կորոշենք նման մեծ բանը STARMUS-ի անունով կոչել: Չմոռանանք «Սթիվեն Հոքինգի» մեդալի մասին, որը STARMUS-ի ստեղծածն է, տրվում է այն կադրերին, ովքեր գիտությունը բերում են դեպի հասարակություն և գիտության ու հասարակության միջև անջրպետը կարողանում են լցնել: Իսկ թե այս տարի ովքեր են «Սթիվեն Հոքինգի» մեդալ ստանալու՝ հայտնի կլինի երկուշաբթի»:

Հավելենք, որ Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնն անցկացվելու է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։

STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Սթիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում է 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։

STARMUS փառատոնի հիմնադիրներն են աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը:

Տեսանյութեր

Լրահոս