Նպատակն է՝ վերցնել Երևանն ու փակել հարցը. Փաշինյանը հանձնում է պետությունը. Մանվելյան

Արցախը ծախած իշխանությունը՝ հերթական անգամ Շուշիի հանձնման մեղավորների փնտրտուքով ցանկանում է ընդամենը ինքնամաքրվել, ուստի Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար և Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալումը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում։

Այստեղ կարևոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ մենք գործ ունենք մեղավոր և հանցագործ մարդու վարքագծի հետ, որով այս իշխանությունն ապրում է արդեն երկու տարի։

168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի ձերբակալման մասին, նման դիրքորոշում հայտնեց պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանը:

Նրա կարծիքով՝ այս պարտության պատասխանատուն նաև գեներալներն են, սակայն նման տարբերակված մոտեցումն ու արդարադատությունը վկայում է այն մասին, որ գլխավոր պատասխանատուն մեղքն իր վրայից այլոց վրա բարդելու խնդիր է դրել։

Կարդացեք նաև

Ըստ Մանվելյանի՝ պատահական չէ, որ Միքայել Արզումանյանը ձերբակալվել է Նիկոլ Փաշինյան-Ալիև՝ այսօր Բրյուսելում կայացած հանդիպումից առաջ։

«Նայեք, թե ովքեր են ձերբակալված. մարդիկ, որոնք կապված են հայկական բանակի հետ, մասնակցել են 44-օրյա պատերազմին, ուստի տեղին է հիշել Ալիևի պահանջը, որ Հայաստանը չպետք է ունենա բանակ և ռազմարդյունաբերություն, ուստի համաձայն եմ այն դիտարկման հետ, որ Միքայել Արզումանյանի ձերբակալումը Փաշինյանի նվերն է Ալիևին»,- ասաց Մանվելյանը՝ Ալիևին արված նվեր համարելով նաև Հայաստանի և Արցախի բանակի արդիականացմամբ զբաղվող «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի կալանավորումը։

Պատմական գիտությունների թեկնածուի փոխանցմամբ՝ Հայաստանն ապրում է ռեալ սպառնալիքների շրջանում և իմիտացիոն պետություն է, որտեղ պարալիզացված են պետական ինստիտուտները, որոնք Փաշինյանը շատ հեշտությամբ ենթարկեցրեց իրեն։

«Փաշինյանը գնում է պետությունը հանձնելու, երկիրը քանդելու ճանապարհով. դա երևում էր նաև մինչև պատերազմը»,- ասաց Մանվելյանը։

Նա խորհուրդ տվեց՝ գործող իշխանության քաղաքականությունը վերլուծելուց առաջ հիշել այն մարդկանց, որոնք թուրքին նվեր տարան Մխիթար սպարապետի կտրած գլուխը՝ թուրքերի հետ հաշտ ապրելու սպասումով, բայց հետո նաև իրենք կոտորվեցին։

Ըստ Մանվելյանի՝ այս պատմական դրվագը հիշելը բավարար է հասկանալու համար, որ նույնը նաև հիմա է, և ամեն ինչ այս իշխանությունը պատրաստ է տալ՝ դարձյալ թուրքի հետ ապրելու ակնկալիքով, բայց ողբերգականն այն է, որ մեծ ուսուցիչ համարվող պատմությունից մենք՝ հայերս, դասեր չենք քաղում ու չենք հասկանում՝ թուրքի խնդիրն Արցախը չէր, խնդիրը Երևանն է, իսկ այդ ձգտումը չի կարող կանխել անգամ Եվրամիությունը, որն Ադրբեջանի հետ ունի էներգետիկ շահերի մեծ համընկնում և պաշտպանելու է ոչ թե հայկական շահը, այլ օգտագործելու է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանից ռուսական զորքի դուրսբերմանը հասնելու նպատակով։

«Ռուսական զորքի դուրսբերումն այստեղից հայության վերջնական վերացումն է լինելու։ Այն, ինչ այսօր կատարվում է, ցավոք սրտի, պատմության մեջ մի քանի անգամ կատարվել է ու փաստվել՝ երբ փոքր պետությունները փորձում են փոխել իրենց ռազմաքաղաքական վեկտորը, կորցնում են տարածքներ։ Վերջին 4 տարում Հայաստանի ինքնիշխանությունը զրոյացել է, ու հասել ենք մի վիճակի, որ Հայաստանի կախվածությունը Բաքվից ու Անկարայից և ավելի ստորացված վիճակ չէր էլ կարելի պատկերացնել, իսկ Նիկոլ Փաշինյանն Ալիևին ուրախությամբ է հանդիպում, որովհետև պետք է քաղի Արցախը ծախելու արդյունքները՝ պարզի՝ անձամբ ինչ է ստանում, իսկ Ալիևի նպատակը մեկն է՝ վերցնել Երևանն ու փակել հարցը, իսկ այս իշխանությունը հենց դրան է նպաստում»,- ասաց Մանվելյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս