Դա տեխնիկապես շատ պարզ է բացատրվում և հիմնականում կապ ունի լվացքի մեքենայի հետ. «Վեոլիա ջուր»-ի խոսնակը՝ ծորակից եկող կապույտ ջրի մասին
«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում օգոստոսի 29-ի ուշ երեկոյան տեսանյութ էր հրապարակել՝ կից գրելով. «Վեոլիա ջուր ջան, որոշել եք ջրի փոխարեն զովացուցիչ ըմպելիքներ տա՞լ։ Էս ի՞նչ ա։ Անտիֆրի՞զ»:
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը շտապել է բացատրել պատճառը՝ նշելով. «Ձեր շենքի բարձր հարկերում մեկը զուգարանի բաչոկում այն գունավոր տաբլետկեքից է գցել, ճնշումը զրոյանալուց հետո պապլավոկից հետ ա քաշել սիստեմի մեջ: Ջուրը կտրվելուց վակուում է առաջացնում (ֆիզիկա ա, ցած ա իջնում), ջուրը քաշելու պապլավոկն էլ նախատեսված է, որ գոնե մինիմալ ճնշում կլինի (հրող), հետ է քաշում համակարգի մեջ»:
168.am-ը նախ կապ հաստատեց Սուրեն Սահակյանի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք դիմել է «Վեոլիա ջուր» ընկերությանը. «Չեմ զանգել, ուշ երեկո էր, ինչպես նաև ստատուսի շրջանակներում բացատրեցին, էլ չզանգեցի: Փաստորեն դա պրակտիկա է. ամռանը մարդը դուրս է գալիս, ջուրը փակում է, բայց իրենց բաչոկ ջուր է լցվում, ու, եթե կապույտ բան է լինում, տեսնում են, եթե չէ՝ էդ մարդու բաչոկի ջուրն են խմում: Ֆիզիկա է»,- մեր հարցին պատասխանեց Սուրեն Սահակյանը:
Խնդիրը փորձեցինք պարզել նաև «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերությունից: Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանին հարցրեցինք՝ այսպիսի բան հնարավո՞ր է, որ ծորակից կապտավուն ջուր հոսի.
«Նման բան մեկ անգամ չէ, որ եղել է: Դա տեխնիկապես շատ պարզ է բացատրվում և հիմնականում կապ ունի լվացքի մեքենայի հետ: Այդ լվացքի մեքենաները երբ անսարք են լինում՝ այնտեղ մի հետադարձ փական կա, մի կողմից ջուրը ստանում է ջրագծից, մյուս կողմից՝ ուղղում դեպի կոյուղի, այդ փականը, որը դրվում է ջրագծի վրա, որպեսզի կեղտոտ ջուրը նորից չգնա ջրամատակարարման ցանց, երբեմն պատահում է, որ անսարք է լինում, տերն ուշադրություն չի դարձնում: Որպես կանոն, դա կապույտ գույնի ջուր է լինում՝ լվացքի ջուր:
Լվացքի մեքենայից նման բան լինում է: Այսինքն, եթե փականը լվացքի մեքենայի մեջ անսարք է, հնարավոր է, որ ջուրը նորից գնա այն ջրագծով, որով եկել է, այսինքն՝ ջրամատակարարման ցանց, և հարևանը բացի՝ տեսնի, որ կապույտ ջուր է գալիս: Այսինքն, այստեղ ոչ թե մեր մեղքն է, որովհետև պարզ է, չէ՞, որ ջրի որակի մասին չի խոսքը, այլ տեխնիկական խնդիր է: Բաչոկի մասին ոչինչ չեմ կարող ասել՝ չգիտեմ, սակայն, եթե լվացքի մեքենա է՝ հնարավոր է, հետևաբար՝ լվացքի մեքենան պետք է շտապ սարքել տա»,- ասաց «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետը՝ հորդորելով դիմել նաև համատիրությանը, քանի որ ընդհանուր ջրագիծը հանդիսանում է բոլորի սեփականությունը՝ բազմաբնակարան շենքերի դեպքում, և կառավարվում է համատիրության միջոցով: