«Մինչև այդ ճանապարհի կառուցումը չավարտվի՝ ռուս խաղաղապահները Բերձորի միջանցքից չեն տեղաշարժվի». Դավիթ Գալստյան
Օգոստոսի 19-ին Արցախի Հանրապետության ԱԺ երեք ընդդիմադիր՝ «Արդարություն»-ի, ՀՅԴ-ի, «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ներկայացուցիչները դիմել էին ռուս խաղաղապահների հրամանատարությանը՝ խնդրելով հանդիպել իրենց հետ, քանի որ ունեն բազմաթիվ հարցեր և ակնկալում են ստանալ հստակ պատասխաներ։
Մասնավորապես՝ Բերձորի միջանցքի վերաբերյալ, ՀՀ-ում ՌԴ դեսպանորդը հայտարարել էր, որ ռուս խաղաղապահները դուրս չեն գալու Բերձորի միջանցքից այնքան ժամանակ, մինչև վերջնական շահագործման չհանձնվի այլընտրանքային ճանապարհը և կստանա միջանցքի կարգավիճակ։ Հետևաբար, ինչո՞ւ են այսօր Արցախի իշխանությունները փորձում հապճեպ հայաթափել Աղավնոն ու Բերձորը։
168.am–ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց, որ հանդիպումը կայացել է օգոստոսի 23-ին, և այն հիմնական թեզերը, որոնք իրենց մտահոգում էին՝ ներկայացրել են։
«Մեզ վստահեցրել են, որ կապն անխափան գործելու է, այս պահին չկա որևէ փաստաթուղթ, բայց դա գործելու է միջանցքի տրամաբանության ներքո։ Ինչ վերաբերում է ժամկետներին, իրենք էլ չկարողացան հստակ ժամկետներ ասել, ասացին, որ ամեն ինչ կապված է ժամկետների հետ։ Եթե մինչև սեպտեմբերի 1-ն ավարտեն շինարարությունը, ապա այդ ժամանակ կտեղափոխվեն նոր մայրուղի, որը կունենա միջանցքի կարգավիճակ։
Սակայն, ոչ փաստաթղթային հարցերին չկարողացան պատասխանել, քանի որ դա ավելի շատ քաղաքական որոշում է, իսկ ռուս խաղաղապահները քաղաքականությամբ չեն զբաղվում, զբաղվում են միայն ազգաբնակչության անվտանգությամբ»,- նշեց Դավիթ Գալստյանը։
Ըստ պատգամավորի, ինչ վերաբերում է կոմունիկացիաներին, ապա Դավիթ Գալստյանն ասաց, որ էլեկտրաէներգիան և բջջային կապը տեղափոխվում է, այդ ուղղությամբ աշխատանքներն այսօր էլ իրականացվում են։ Սակայն գազիֆիկացման խողովակաշարի վերաբերյալ այլ աղբյուրներից տեղեկացել է, որ որևէ աշխատանք չի կատարվել, ինչը մտահոգություններ է առաջացնում՝ եթե այդ տարածքների վերահսկողությունն անցնում է Ադրբեջանին, ապա գազի մատակարարման առումով խնդիրներ կառաջանան։
«Այսօր իսկ Արցախի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ ճանապարհը երկկողմանի բաց է, և անխափան կապը գործում է։
Այլընտրանքային ճանապարհի պատրաստ լինելու ժամկետները 2-3 ամսվա մասին չէ, այլ օրերի մասին էին խոսում։ Այնտեղ 3-4 կմ հատված կար, շրջանցող ճանապարհ, մինչև Հայաստանն իր մասը կկառուցի, այդ շրջանցող ճանապարհի վրա հիմա Հայաստանն աշխատում է։ Մինչև այդ ճանապարհի կառուցումը չավարտվի, ռուս խաղաղապահները Բերձորի միջանցքից չեն տեղաշարժվի»,- շեշտեց Դավիթ Գալստյանը։
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ ռուս խաղաղապահներն իրենց անցակետերն արդեն հանել են Աղավնոյի հատվածից, Դավիթ Գալստյանն ասաց, որ վերջին անգամ Աղավնո այցելելիս այդ անցակետերը եղել են։
«Նման խոսակցություն մենք էլ ենք լսել, անցակետերի մասով ես չեմ կարող հստակ տեղեկություն տալ, իսկ թե ռուս խաղաղապահները գտնվում են այնտեղ՝ վրանային պայմաններում են, թե անցակետային, չեմ կարող ասել։ Խաղաղապահները գտնվում են միջանցքում»,- եզրափակեց Դավիթ Գալստյանը։