Բաժիններ՝

Ամեն ինչ թանկանում է, տաքսին ո՞նց չթանկանա. Օնլայն տաքսիների վարորդները՝ դժգոհող քաղաքացիներին

Երևանում գործող տաքսու գները շարունակում են բարձր մնալ, բնակիչների դժգոհություններն էլ՝ անարձագանք:

Քաղաքացիների պնդմամբ՝ եթե մի ժամանակ Հալաբյան  փողոցից Կոմիտաս հասնելու համար վճարում էին 700-900  դրամ, ապա հիմա 1100-12000 դրամ են տալիս: Կասկադից  Մալաթիա-Սեբաստիա գնալու համար՝ 1200 դրամի փոխարեն՝  2100 դրամ է պահանջվում, Մոնումենտից Կենտրոն հասնելու համար՝ 800 դրամի փոխարեն՝ 1600, Բաղրամյանից  Քոչար՝ 1000-1200 դրամ:

Քաղաքացիների դժգոհություններին ի պատասխան՝ օնլայն տաքսիենրի վարորդները շտապում են պարզաբանել՝ գների թռիչքային աճը պայմանավորված է և՛ պահանջարկով, և՛ դիզվառելիքի գնով:

«Օրինակ, ես բենզինով եմ քշում, գազի գնի բարձրացումն իմ դեպքում կապ չունի, կա պահանջարկ, և կա առաջարկ»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:

Կարդացեք նաև

Մյուսն էլ, թե՝ «Ամեն ինչ թանկանում է, տաքսին ո՞նց չթանկանա: Գազը 230 դրամից դարձավ 340-360 դրամ, 10.000 դրամանոց յուղը դարձավ 18.000 դրամ, գույքահարկը թանկացավ, բա սա չթանկանա՞ր: Մեքենայի («Կիա») տեխնիկական զննությունը տարեկան արժե 42.000 դրամ»:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից էլ հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք տաքսիների ոլորտում գների աճի հետ կապված ուսումնասիրություն կատարվում է,  լրատվական բաժնից հայտնեցին, որ Մրցակցության պաշտպանության hանձնաժողովն ուսումնասիրել է առցանց տաքսի ծառայությունների ոլորտը՝ 2020 թվականի հունվարից միչև 2021 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածի տվյալները։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առցանց տաքսի ծառայություններն ունեն նախնական սակագներ, որոնք առաջարկ/պահանջարկի փոփոխության դեպքում ենթակա են փոփոխման (ավելացման) նախապես մշակված ալգորիթմների միջոցով։ Առաջարկ/պահանջարկի հարաբերակցությունը փոփոխվում է եղանակային պայմանների, խցանումների և այլ պատճառներով, երբ տվյալ գոտիներում առաջանում է վարորդների պակաս։ Վարորդների պակասի դեպքում տվյալ գոտում նախնական սակագինը սկսում է ավելանալ` այդպիսով զսպելով աճող պահանջարկը։ Պարզաբանեցին նաև, որ ալգորիթմների աշխատանքը դեռևս գտնվում է ուսումնասիրության փուլում։

«Ի սկզբանե օնլայն տաքսիները դեմպինգի են գնացել: Բոլորն են հիշում՝ «Յանդեքսը» երբ եկավ, 100 դրամից էր պատվերը սկսվում: Շատերը ոգևորվեցին այդ ժամանակ, բայց ասացի, որ կյանքը ցույց է տալիս՝ ձրի պանիրը թակարդի մեջ է, իսկ նպատակը մյուս տաքսիները փակելն էր, հենց դա էլ եղավ՝ մինիմալ վճարը դարձավ 1000 դրամ և ավելի շատ: Ցավոք, սա իրականություն է դարձել»,- ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր «Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության» նախագահ Վահագն Սահակյանը:

Տեսանյութեր

Լրահոս