«Վստահ եմ՝ այստեղ կրկին պետք է պատարագ մատուցվի, և հայերը կրկին բնակվեն Քաշաթաղում». Քաշաթաղի շրջանի հոգևոր հովիվ
Ադրբեջանի «Հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությունն արդեն հրապարակել է Արցախի Հանրապետության Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծը։
Ըստ այդ նախագծի, ապամոնտաժվելու է եկեղեցու գմբեթի վեղարն ու զանգակատունը, կցակառուցվում է երկու մինարեթ։
Հայկական մշակույթի և առհասարակ հայկականության դեմ Ադրբեջանի վարած վայրագ գործողությունները նոր չեն, սակայն այս դեպքում նրանք չեն թաքցնում իրենց իրական նպատակները և ի լուր աշխարհի հայտարարում են, թե ինչպես են ոչնչացնելու հայկական եկեղեցին։
168.am-ի հետ զրույցում Քաշաթաղի շրջանի հոգևոր հովիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանն անդրադառնով Սուրբ համբարձման եկեղեցուն և Ադրբեջանի նպատակներին, նկատեց՝ միշտ էլ Ադրբեջանը չի թաքցրել իր վայրագությունները, հատկապես քրիստոնեության հանդեպ իր ունեցած ատելությունը։
«Ադրբեջանը տարբեր ժամանակներում միշտ էլ քանդել է հայկական եկեղեցիները, լինի Բաքվի հայկական եկեղեցիները, թե այլ տարածքներում եղած, որոնք անցել են իր հսկողության տակ, սրա վառ ապացույցն է Շուշիի «Կանաչ ժամը»՝ Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցին։ Այն եկեղեցիները, որոնք այս պահին Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում են, վստահ եմ, որ արժանանալու են նույն ճակատագրին։ Մեկ-երկու եկեղեցիներ պահել է, որպեսզի ցույց տա, թե Աղվանից եկեղեցիներ են, աշխարհին այդպես ներկայացնելու համար, սակայն բոլորս էլ գիտենք, դրանք մեր պատմական եկեղեցիներն են, և դրա վկայություններն էլ կան։
Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին Արցախյան առաջին պատերազմից հետո կառուցված եկեղեցի է, Ադրբեջանը մշտապես խոսել է այդ մասին, որ դրա փոխարեն պետք է մզկիթ լինի»,- նշեց Բենիամին քահանա Ծատուրյանը։
Քահանայի խոսքով՝ պատմությունը միշտ ցույց է տվել, երբ ազգն Աստծուց երես է թեքել, ապտակ է ստացել՝ այս կյանքում որևէ բան պատահական չէ։ Սակայն միանշանակ ասել, որ ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ մարդիկ շատ են հեռացել Աստծուց, այդպես չէ։
«Երբ օգոստոսի 18-ին պատարագ մատուցեցի Սուրբ Համբարձման եկեղեցում, իմ քարոզի մեջ էլ եմ նշել և միշտ եմ ասել՝ վստահ եմ, որ այստեղ կրկին պետք է պատարագ մատուցվի, և հայերը կրկին պետք է բնակվեն Քաշաթաղում։ Չգիտեմ, երբ կլինի, բայց ես հույս ու հավատ ունեմ և միշտ եմ աղոթում, որպեսզի շարունակեմ այնտեղ հոգևոր ծառայություն մատուցել։
Ինքս 44-օրյա պատերազմից հետո հոգևոր ծառայություն եմ մատուցում Ասկերանի շրջանի 8 գյուղերում՝ Բատարայից մինչև Խաչեն, դրա հետ մեկտեղ՝ նաև Բերձորի։ Ինքս Արցախից երբեք դուրս չեմ եկել՝ ես և իմ ընտանիքը։
Կան բնակիչներ, որոնք ցանկանում են Սուրբ Համբարձման եկեղեցում մկրտվեն, ամուսնանան»,- եզրափակեց Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը:
Հիշեցնենք, որ Բենիամին քահանա Ծատուրյանը այն հոգևորականներից է, ով 44-օրյա պատերազմից հետո մեկ ամիս անցկացրել է Դադիվանքում, մինչև 2021 թվականի դեկտեմբերի 13-ը Դադիվանքում է եղել զինվորականների հետ։