STARMUS V. Լուսնային փոշու, Երկիր մոլորակի այլընտրանքների և այն մասին, թե ինչպես փառատոնը եկավ Հայաստան

20-րդ դարի երկրորդ կեսին Միացյալ Նահանգների ու Խորհրդային Միության միջև սկսված տիեզերական մրցավազքի գագաթնակետը մարդու կողմից Լուսնի վրա վայրէջքն էր, որն իրականություն դարձավ ՆԱՍԱ-ի «Ապոլոն» ծրագրի շնորհիվ: 1972 թվականի «Ապոլոն-17»-ը, սակայն, դարձավ մարդու մասնակցությամբ լուսնային վերջին առաքելությունը, ինչից հետո մարդն անմիջականորեն ներկա էր միայն մերձուղեծրային հատվածում:

21-րդ դարում մարդկությունը կրկին հայացքն ուղղել է դեպի Լուսին ու Մարս՝ արթնացնելով դրանք գաղութացնելու և մարդկությունը միջմոլորակային տեսակ դարձնելու վաղեմի երազանքները։ Հենց այս երազանքների իրականացման ճանապարհին առկա հարցերն ու խոչընդոտները, դրանց լուծման տարբերակները քննարկելու նպատակով էլ գիտության ու երաժշտության STARMUS փառատոնն հինգերորդ անգամ գումարվեց շվեյցարական Ցյուրիխում։ Հայաստանում անցկացվելիք STARMUS-ի վեցերորդ փառատոնին ընդառաջ «Արմենպրես»-ը ներկայացնում է STARMUS V-ի կարևորագույն դրվագներն ու հետաքրքիր ելույթները և ամենակարևորը՝ պատմում, թե ինչպես ստացվեց, որ փառատոնը եկավ Հայաստան։

STARMUS V. «Հսկայական թռիչք. Հարգանքի տուրք «Ապոլոն» առաքելությանը»

STARMUS-ի հինգերորդ փառատոնը տեղի ունեցավ 2019 թվականի հունիսին Շվեյցարիայում՝ Ցյուրիխում: Փառատոնն այս տարի նվիրված էր Լուսնի վրա մարդկության առաջին քայլերին ու Երկիր մոլորակի արբանյակի ուսումնասիրմանն ուղղված «Ապոլոն» առաքելություններին: STARMUS V-ի խորագիրը հատված էր Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդու՝ Նիլ Արմսթրոնգի՝ Լուսնի վրա ասված առաջին խոսքերից. «Հսկայական թռիչք»: Փառատոնի մասնակիցների շարքում կրկին անվանի լուսնագնացներ ու աստրոնավտներ էին, ավելի քան 50 նշանավոր գիտնական, Նոբելյան մրցանակակիրներ, ինժեներներ ու արտիստներ:

Կարդացեք նաև

STARMUS V-ի մեկնարկը տրվեց օսկարակիր կոմպոզիտոր Հանս Ցիմերի՝ «Ապոլոն» առաքելություններին նվիրված ֆանտաստիկ համերգային կատարմամբ: STARMUS-ի հինգերորդ փառատոնն աչքի ընկավ նաև նրանով, որ դրա աշխատանքներին մասնակցեց նաև Հայաստանի նախագահը։

Հայաստանի ֆիզիկոս նախագահը՝ STARMUS V-ի բեմում

Ցյուրիխում կազմակերպված STARMUS-ին մասնակցեց Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը: Ուշագրավ է, որ նա աշխարհում առաջին նախագահն էր, ով ներկա գտնվեց գիտության հանրահռչակմանն ուղղված այս փառատոնի աշխատանքներին ու հանդես եկավ ելույթներով։

STARMUS V-ի բացմանը փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը բեմ հրավիրեց նախագահին, ով իր ողջույնի խոսքը հղեց ներկաներին:

Խոսելով պատճառների մասին, թե ինչու է նա STARMUS-ի բեմում, Արմեն Սարգսյանն ասաց. «Առաջինը երազանքն է: Գարիկը երազող է: Նա խենթ բաներ է մտածում ու դրանք իրականություն դարձնում: Մեզնից յուրաքանչյուրն ունի երազանք: Ես ձեզ կպատմեմ Խորհրդային Միությունում՝ Հայաստանում ծնված փոքրիկ տղայի մասին, ով երազում էր դառնալ տիեզերագնաց: Երբ 10 տարեկան էր, նա անգամ մրցանակ շահեց Լուսնի վրա աստրոնավտի գեղեցիկ նկարի համար: Դա հեռավոր 1963 թվականն էր: Այդ երազանքը մինչև հիմա ինձ հետ է…»:

Երկրորդ պատճառը նախագահն անվանեց «STARMUS և Հայաստան». «Ես հրավիրում եմ մյուս՝ վեցերորդ STARMUS փառատոնը գալ և անցկացնել Հայաստանում: Ուրախ կլինեմ բոլորիդ՝ գիտնականներին, Նոբելյան մրցանակակիրներին, աստրոնավտներին, տիեզերագնացներին, արտիստների ու երաժիշտների տեսնել Հայաստանում: Ինչո՞ւ Հայաստան, քանի որ սա աշխարհի հնագույն քաղաքակրթություններից է: Շատ ուրախ կլինեմ բոլորիդ ցույց տալ 2800-ամյա Երևանը, Մեծամորը, որտեղ Ուրարտուի թագավորության ժամանակ կառուցվել էր աստղադիտարան… Հայերը գնահատում են կրթությունն ու գիտությունը»:

Արմեն Սարգսյանի առաջարկն ամիսներ անց պաշտոնապես հաստատվեց. փառատոնի տնօրենների խորհրդի անդամների որոշմամբ՝ STARMUS VI-ը տեղափոխվեց Հայաստան:

Մարս հասնելու համար պետք է գաղութացնել Լուսինը

Փառատոնի կենտրոնական բանախոսներից մեկն, անկասկած, Լուսնի վրա ոտք դրած երկրորդ մարդը՝ «Ապոլոն-11»-ի աստրոնավտ Բազ Օլդրինն էր, ում ելույթը վերնագրված էր «Դեպի Լուսին»/Forward to the Moon: Իր ելույթը 89-ամյա աստրոնավտը նվիրել էր ՆԱՍԱ-ի «Արտեմիս» լուսնային ծրագրին, որով նախատեսվում է մինչև 2024 թվականն աստրոնավտ, այդ թվում և առաջին կին աստրոնավտին ուղարկել Լուսին: Ծրագրի իրականացման պարագայում «Արտեմիս»-ի աստրոնավտները ոտք կդնեն այնտեղ, որտեղ մարդկությունը դեռևս չի եղել՝ Լուսնի հարավային բևեռում: Օլդրինը նշեց, որ ծրագրի հեռահար նպատակը Մարս ուղևորությունն է:

Օլդրինը խոսում է Լուսին մարդու մասնակցությամբ թռիչքները վերսկսելու հեռանկարների մասին

Աստրոնավտը պատմեց, որ ժամանակին տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը` STARMUS-ի նախորդ փառատոնների մասնակիցը, ով մահացել էր 2018 թվականին, իրեն ասել էր, որ մարդիկ մինչև Մարս ուղևորվելը պետք է հաստատվեն Լուսնի վրա:

«Ես նրա գրասենյակում էի և ասում էի, որ շատ եմ ցանկանում, որ Երկրի ու Մարսի միջև շարունակական թռիչք իրականացնենք: Նա իր համակարգչային ձայնով ասաց. «սկզբում գաղութացրեք Մարսը», և ես հասկացա, որ մենք այնքան շատ բան ունենք անելու՝ նախքան մարդկանց Մարս ուղարկելը: Իսկ Լուսինը լավագույն վայրն է դա անելու համար: Հուսով եմ՝ մենք կկարողանանք անել դա միջազգային գործընկերների հետ»,- ասաց Օլդրինը:

Զգուշացեք լուսնային փոշուց

Լուսնի ապագա «այցելուներին» հարկավոր է զգուշանալ լուսնային փոշուց, որը ալերգիկ ռեակցիա կարող է առաջացնել: Այս մասին հայտարարեց Լուսնի վրա մարդու մասնակցությամբ վերջին առաքելության՝ «Ապոլոն-17»-ի աստրոնավտ Հարիսոն Ջեք Շմիթը: Երկրաբան Շմիթը 1972 թվականի դեկտեմբերի առաքելության շրջանակում պատասխանատու էր Լուսնից գրունտի (ռեգոլիտի) նմուշներ հավաքելու համար: Նրա հավաքած նմուշների շարքում էր նաև Troctolite 76535-ը, որը NASA-ն անվանել է «անկասկած Լուսնից բերված ամենահետաքրքիր նմուշը»:

Շմիթը պատմեց, որ Լուսնի մակերևույթին իրականացրած աշխատանքների ընթացքում լուսնային փոշին լցվել էր իր ու մյուս աստրոնավտի՝ Լուսնի վրա քայլած վերջին մարդու՝ Յուջին Սերնանի համազգեստի, կոշիկների ու գործիքների վրա: Եվ երբ նա հանել էր իր սաղավարտը, նրա մոտ ալերգիկ ռեակցիա էր սկսվել:

«Առաջին անգամ փոշին շնչելուց հետո ինձ մոտ ալերգիկ ռեակցիա սկսվեց, քթիս խոռոչն ուռեց, անգամ ձայնս փոխվեց: Այս նշաններն աստիճանաբար սկսեցին թուլանալ: Արդեն չորրորդ անգամ, երբ շնչում էի լուսնային փոշին, ես գրեթե ոչինչ չզգացի»,- ներկաներին պատմեց 84-ամյա աստրոնավտը: Շմիթը նշեց, որ հարկավոր է ուսումնասիրություններ անել՝ հասկանալու, թե ինչ տեղի կունենա, եթե մարդիկ խրոնիկ կերպով Լուսնի փոշու ազդեցության տակ լինեն: Նա խոսեց նաև Լուսնի վրա բանջարեղեն աճեցնելու հեռանկարների մասին:

Էկզոմոլորակները՝ հնարավոր այլընտրանք Երկրին

Փառատոնի վերջին օրն աստղագիտության պրոֆեսոր Նատալի Բատալյան/Natalie Batalha հանդես եկավ հետաքրքիր դասախոսությամբ, որն առնչվում էր էկզոմոլորակներին: Այսպես են կոչվում այն մոլորակները, որոնք Արեգակնային համակարգի մաս չեն, պտտվում են այլ աստղերի շուրջ կամ ընդհանրապես զուրկ են աստղերից։

Բատալյան նախ խոսեց Արեգակնային համակարգից մեծ հեռավորությունների վրա գտնվող այդ մոլորակները հայտնաբերելու հնարավորությունների մասին (Դոպլերի մեթոդ, տարանցիկ ֆոտոմետրիա/ transit photometry և այլն): Բնականաբար, նորագույն տեխնոլոգիաների զարգացումը զգալիորեն ընդլայնել է նաև աստղագիտության ոլորտի հնարավորությունների սահմանները: Եթե մինչև 2009 թվականը տեխնոլոգիաները թույլ էին տվել հայտնաբերել 400 էկզոմոլորակ, ապա 2009 թվականից հետո՝ Կեպլեր աստղադիտակի շնորհիվ հայտնաբերված էկզոմոլորակների թիվը, ըստ Բատալյայի, ավելի քան 4000 է:

Աստղագետն ընդգծեց, որ մեր Գալակտիկայում մոլորակների տեսակների բազմազանությունը մի քանի անգամ գերազանցում է Արեգակնային համակարգի մոլորակների բազմազանությանը: Նա պատմեց աստղերին շատ մոտ գտնվող մոլորակների մասին, որոնք, ամենայն հավանականությամբ, պատված են հալված նյութի շիկացած օվկիանոսներով, ձևավորման ընթացքի մեջ գտնվող կամ գիսաստղերի նման «պոչավոր» մոլորակների մասին և այլն:

Բատալյան ևս մեկ հետաքրքիր փաստ ներկայացրեց այն մասին, որ ժամանակակից աստղադիտակների շնորհիվ Գալակտիկայում հայտնաբերվել են այնպիսի մոլորակներ, որոնց անալոգները մեր Արեգակնային համակարգում չկան: Եթե մեր Արեգակի շուրջ պտտվում են գլխավորապես խոշոր ու ոչ շատ խոշոր մոլորակներ, ապա Գալակտիկայում հայտնաբերված մոլորակների զգալի մեծամասնությունը միջին չափսերի են:

Իր ելույթում նա նաև շատ համարձակ հայտարարություն արեց այն մասին, որ Երկրին ամենամոտ և պոտենցիալ բնակելի մոլորակը գտնվում է մեզնից 10 լուսնատարի հեռավորության վրա:

Փառատոնի շրջանակում առաջին անգամ հանձնվեց Lifetime Achievement Award մրցանակը

Ցյուրիխում կազմակերպված փառատոնի ընթացքում արդեն երրորդ անգամ հանձնվեցին Սթիվեն Հոքինգի մեդալները, որոնք երեք անվանակարգերում շնորհվում են գիտությունը հանրայնացնողներին:

Գիտության հանրայնացման գործում ունեցած մեծ ներդրումի համար մրցանակի արժանացավ երաժիշտ Բրայան Ինոն, իսկ ֆիլմի անվանակարգում մրցանակը հանձնվեց նոր փաստագրական «Ապոլոն-11» ֆիլմի ռեժիսոր Թոդ Միլերին:

«Տիեզերական ճամփորդության մեջ ունեցած նշանակալի ներդրման համար»՝ գիտության ոլորտում մեդալի արժանացավ SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը, ով մրցանակի հանձնման արարողությանը միացավ տեսակապի միջոցով՝ Քենեդիի տիեզերական կենտրոնից, որտեղ ժամեր անց թռիչքի էր պատրաստվում Falcon Heavy հրթիռը: Մրցանակի մասին հայտարարեց Queen խմբի լեգենդար կիթառահար, STARMUS փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյը, ով նշեց, որ Մասկը «արել է առաջին հիմնավոր քայլերը տիեզերական ճամփորդության և մասնավոր ընկերությունների կողմից մյուս աշխարհները գաղութացնելու ճանապարհին»: «Նա ստիպեց մարդկանց նորից հավատալ նորարարությունների աշխարհին և Տիեզերքի բացահայտմանը, նա քաջալերեց մի ամբողջ նոր սերնդի նայել աստղերին»,- ասաց Մեյը:

2019 թվականին առաջին անգամ փառատոնի շրջանակում հանձնվեց Սթիվեն Հոքինգի մեդալը կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների համար (Lifetime Achievement Award): Մրցանակի արժանացավ Բազ Օլդրինը՝ «մարդու կողմից կառուցված սարքի միջոցով այլ աշխարհի վրա վայրէջք կատարելով ու Լուսնի վրա քայլելով պատմություն կերտելու համար»: Նշվեց, որ նա «Ապոլոն» առաքելության միակ աստրոնավտն է, ով ավելի քան 1000 դասախոսություն ունի, որոնք բոլորը ոգեշնչել են նոր սերնդին զբաղվելու Տիեզերքի ուսումնասիրությամբ և նոր աշխարհների բացահայտմամբ։

STARMUS-ը գալիս է Հայաստան

2020 թվականի հուլիսին պաշտոնապես հայտարարվեց, որ STARMUS-ի վեցերորդ փառատոնն անցկացվելու է Հայաստանում։

Երկու շաբաթ անց՝ սեպտեմբերի 5-10 Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ կհյուրընկալի շուրջ հինգ տասնյակ տիեզերագնացների, աշխարհահռչակ գիտնականների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների, երաժշտության և արվեստի համաշխարհային աստղերի։ STARMUS VI-ը նվիրված է Մարսի վրա «Մարս-3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին և կրում է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագիրը։

Տեսանյութեր

Լրահոս