
Զելենսկին Պուտին-Թրամփ հանդիպումից առաջ մեկնել է Բրիտանիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ալյասկայում կայանալիք Պուտին-Թրամփ հանդիպումից առաջ՝ օգոստոսի 14-ին Լոնդոնում կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Բրիտանիայի կառավարությունը՝ առանց մանրամասներ հաղորդելու հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակի վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է BBC-ն, ակնկալվում է, որ հանդիպումը նվիրված է լինելու օգոստոսի 15-ին Ալյասկայում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայանալիք հանդիպմանը։
Զելենսկին և եվրոպական երկրների մի խումբ ղեկավարներ, ովքեր չեն մասնակցելու Պուտին-Թրամփ հանդիպմանը, օգոստոսի 13-ին համատեղ հեռախոսազրույց էին ունեցել ԱՄՆ նախագահի հետ՝ վերահաստատելով իրենց դիրքորոշումը ուկրաինական հարցի վերաբերյալ։ Հեռախոսազրույցի ժամանակ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը նշել էր, որ Ուկրաինայի «տարածքային ամբողջականությունը» պետք է պաշտպանվի, և միջազգային սահմանները «չպետք է փոխվեն ուժով»։
Նախորդ շաբաթ Թրամփը զգուշացրել է, որ կարող է լինել «տարածքների որոշակի փոխանակում՝ ի բարօրություն երկու կողմի», ինչը մտավախություն է առաջացրել, որ Ուկրաինան կարող է ստիպված լինել հրաժարվել որոշ տարածքներից՝ արյունալի հակամարտությանը վերջ դնելու համար։
Ուկրաինան պնդել է, որ չի ընդունի Ռուսաստանի վերահսկողությունը բռնագրավված տարածքների, այդ թվում՝ Ղրիմի նկատմամբ։