
«Այո, կան կուլիսային, հայ ժողովրդից տարվող գաղտնի պրոցեսներ, որոնք վերջնականապես կփակեն Հայաստանի պարտության վերջին էջը». Գառնիկ Դավթյան

Ադրբեջանական իշխանամերձ տելեգրամային որոշ ալիքները, որոնք հանրայնացնում են այդ երկրի պաշտոնական քաղաքականությունը, ինչպես նաև՝ պաշտոնական շրջանակների առանձին ներկայացուցիչներ, փորձագետներ, շարունակում են հրապարակումներով կամ հարցազրույցներով տեղեկություններ շրջանառել ՀՀ իշխանությունների հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների, գործողությունների հաջորդականության մասին:
«Հաջորդ քայլը Ղազախի և Քըրքիի 7 գյուղերի ազատագրումն է. գործընթացը սկսվել է, մեկ շաբաթ անց ավարտվում է Լաչինում, Զաբուխում և Սուսում հայերի տեղափոխման համար տրված ժամանակը… Նրանց սպասվող հրաշալի անակնկալը կարող է լինել միայն ադրբեջանական բանակի «երկաթե դարպասը»։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանը Լաչինը մաքրում է հայերից և ամրապնդում դիրքերը սահմաններին, սկսվում է հաջորդ փուլը։ Հաջորդ փուլը Զանգեզուրի միջանցքն է, Ղազախի 7 օկուպացված գյուղերը և Նախիջևանի Քյարքի գյուղը, որոնք ազատագրվել են հայերից և հանձնվել Ադրբեջանին։ Այս ուղղությամբ գործընթացներ արդեն սկսվել են և որոշակի նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ …Նախագահ Իլհամ Ալիևի կողմից Զանգեզուրի հարցի շարունակական բարձրաձայնման և «մենք կարող ենք նաև տարածքային պահանջ ներկայացնել» հայտարարության հետևում կան լուրջ կետեր։ Այդ տեսակետից չի բացառվում, որ առաջիկայում ակտիվորեն քննարկվի նաև Ղազախի և Քըրքիի 7 գյուղերի ազատագրման հարցը։ Այս հարցը կլուծվի հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում։ Այս մասին պայմանավորվածություններ կան, և Երևանը պարտավոր է կատարել այդ պարտավորությունը»,- ասված է տելեգրամային այդ ալիքում։
Այս կապակցությամբ հարցեր ուղղեցինք Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանին:
– Ցավոք, ադրբեջանական տելեգրամային ալիքների, Ադրբեջանի տարբեր փորձագետների և գործիչների կողմից հրապարակված տեղեկությունները՝ տարածքային զիջումների, ՀՀ իշխանությունների հետ բանավոր կամ այլ պայմանավորվածությունների մասին, հաստատվում են: Ահա, ադրբեջանական իշխանամերձ տելեգրամային ալիքներից մեկն այսպիսի տեղեկատվություն է հրապարակել: Որքանո՞վ են դրանք համապատասխանում իրականությանը:
– Որպես Ադրբեջանի հարցերով փորձագետ, ինձ համար վիրավորական կլիներ որևէ հղում տալը թշնամի պետության տեղեկատվությունը, բայց, ցավոք, այսօրվա Հայաստնի թրքամետ կառավարությունն ավելի շատ ապատեղեկատվություն է տարածում կամ փաստի առաջ կանգնեցնում՝ հետևաբար այսօրվա ադրբեջանական ինֆորմացիոն հոսքերը մեզ հնարավորություն են տալիս ճիշտ կանխատեսում անել:
Ձեր հարցին ի պատասխան՝ կնշեմ, որ, այո, Ադրբեջանի փորձագիտական և իշխանամերձ տեղեկատվական դաշտը Բերձորի և Աղավնոյի հայաթափման օպերացիան հաջողությամբ իրականացնելուց հետո թիրախներն ուղղել են Հայաստանի սուվերեն տարածք հանդիսացող և երբևէ ադրբեջանական չեղած գյուղերի կամ, այսպես կոչված, անկլավների ուղղությամբ: Հատկապես նշում էին, որ այսօրվա ստեղծված եռակողմ (Հայաստան, ՌԴ, Ադրբեջան) սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի սեղանին գտնվող էական հարցերից մեկն այդ հայկական գյուղերն Ադրբեջանին վերադարձնելու հարցն է: Ասեմ ավելին, այս հանրային պնդումներին եկավ լրացնելու Ադրբեջանի պետական սահմանային ծառայության հայտարարությունը, որում ասվում էր. «Ղազախական 7 գյուղերի հարցը սահմանազատման խնդիր է: Սահմանազատման աշխատանքներն ավարտելուց հետո կիրականացվեն սահմանագծման աշխատանքները։ Հետագայում, ինչպես մնացած բոլոր հարցերում, հաջողությամբ կկատարվեն այն խնդիրները, որոնք դրվելու են»: Հետևաբար, այո, կա կուլիսային, հայ ժողովրդից տարվող գաղտնի պրոցեսներ, որոնք վերջնականապես կփակեն Հայաստանի պարտության վերջին էջը:
– Մեզ հասած տեղեկություններով՝ Բաղանիս, Ոսկեպար, Ազատամուտ համայնքների սահմաններին՝ առաջնագծի երկայնքով զրահամեքենաների և այլ տեխնիկայի մեծ կուտակումներ կան, ադրբեջանական կողմը ցուցադրաբար վախի մթնոլորտ է առաջացնում: Արդյոք դուք այդ մասին տեղեկություններ ունե՞ք, և ինչպիսի՞ զարգացումներ կարող են լինել:
– Պատահական չպետք է համարել անցած շաբաթ Ադրբեջանի կողմից սոցիալական ցանցում ապատեղեկատվությունը, խոսքը տեսանյութին էր վերաբերում, որ 44-օրյա պատերազմի ժամանակվա կադրեր էին, սակայն ներկայացվում էր՝ որպես այդ պահին նկարահանված կադրեր:
Այն, որ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի տարբեր հատվածներում ունի կուտակած ռազմական տեխնիկա, դա, առնվազն մեր՝ փորձագիտական դաշտի համար, նորություն չէ: Դրա վառ ապացույցն այս 1,5 տարվա ընթացքում Հայաստանի հետ սահմանի տարբեր հատվածներում անցկացված զորավարժություններն են, որի ավարտից հետո, կա մեծ հավանականություն, որ ծանր տեխնիկաները չեն վերադարձրել իրենց տեղակայման վայր:
Ինչ վերաբերում է վախի մթնոլորտի տարածմանը, ապա դա նույնպես վերջին պատերազմից առաջ և հատկապես հետո էական աշխատող հարվածային գործիք է դարձել Ադրբեջանի ձեռքին, որով, առաջինը տեղի բնակչությանը վախեցնելու միտք ունեն, որպեսզի վերջիններս հլու-հնազանդ ենթարկվեն սպասվող զիջումներին, և երկրորդ, Հայաստանի հասարակությանը վախեցնելով՝ կարողանան իրականացնել Հայաստանի պետականազրկման օպերացիան: Փորձագիտական հոտառությունս ինձ հուշում է, որ շատ մոտ ապագայում Տավուշի և Արարատի գյուղերի՝ «անկլավների» հարցն Ադրբեջանի կողմից կմղվի առաջին պլան, իսկ կապիտուլյացված Հայաստանի իշխանությունը կլծվի իրենց քաղաքական հայր Իլհամ Ալիևի պահանջները կատարելուն: