«Համոզված եմ՝ այդ ճանապարհը տրամադրողները ռուս խաղաղապահները չեն, ոչ էլ Արցախի իշխանությունները. Նիկոլ Փաշինյանի մակարդակով բանավոր խոստումներն են հիմքում ընկած». Դավիթ Գալստյան
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի խոսքով՝ ռուս խաղաղապահների հրամանատարությունն առաջիկայում կհանդիպի Արցախի ԱԺ երեք ընդդիմադիր՝ «Արդարություն», ՀՅԴ, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» ուժերի հետ։
«Հանդիպման վերաբերյալ դեռ մանրամասները հայտնի չեն։ Մենք ունենք հարցադրում՝ կապված Բերձորի միջանցքի հետ, ՀՀ-ում ՌԴ դեսպանորդը հայտարարել էր, որ ռուս խաղաղապահները դուրս չեն գալու Բերձորի միջանցքից այնքան ժամանակ, մինչև վերջնական շահագործման չհանձնվի այլընտրանքային ճանապարհը և կստանա միջանցքի կարգավիճակ։ Ամեն դեպքում սա մեկ-երկու օրվա մասին է, ինչու են այսօր Արցախի իշխանությունները փորձում հապճեպ հայաթափել Աղավնոն ու Բերձորը։ Չգիտենք ինչու, երբ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ չկա պայմանավորվածություն այլընտրանքային ճանապարհի կամ միջանցքի տեղափոխման հարցի վերաբերյալ, չի քննարկվել, և ռուս դեսպանորդը հաստատում է, որ դա չկա և մինչև չլինի՝ ռուս խաղաղապահները դուրս չեն գա Բերձորից, բայց մարդիկ դուրս են գալիս։ Տպավորություն է, որ Արցախի ու Ադրբեջանի իշխանություններն են միայն ուզում, որ այդ միջանցքն արագ հանձնվի Ադրբեջանին, համոզված եմ, որ դա այդպես չէ, այստեղ կա Հայաստանի իշխանությունների խորամանկ խաղը, որ այս ամենը բարդի Արցախի իշխանությունների և արցախահայության վրա։ Այդ պատճառով էլ Բերձորի միջանցքի հետ կապված մենք լրացուցիչ պարզաբանումներ ու մեկնաբանություններ ենք ուզում լսել ռուս զորակազմի հրամանատարությունից, որից հետո պարզ կդառնա՝ ով է ազնիվ, իսկ ով՝ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Գալստյանը։
Նա նաև փոխանցեց, որ նախաձեռնությունը երեք քաղաքական ուժերինն է։
«Ինքս ավելի քան համոզված եմ, որ այդ ճանապարհ տրամադրողները ռուս խաղաղապահները չեն և ոչ էլ Արցախի իշխանությունները, այլ ավելի բարձր մակարդակով, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի մակարդակով բանավոր խոստումներն են հիմքում ընկած։ Իսկ թե ինչու այսպես, չեմ կարծում, թե ռուս խաղաղապահները կկարողանան այս հարցերին պատասխանել, քանի որ դա քաղաքական որոշման արդյունք է, նրանք Արցախում հրաման են կատարում, չեմ կարծում՝ ինչ-որ առաջարկով կամ նման ձևաչափի վերաբերյալ հարցերի նրանք կարող են պատասխանել»,- հավելեց պատգամավորը։
Հարցին՝ օգոստոսի 25-ից հետո մարդիկ ինչպե՞ս են կարողանալու հասնել Արցախ և Արցախից՝ Երևան, հնարավո՞ր է՝ ճանապարհի պատճառով մարդիկ դժվարությունների հանդիպեն, Դավիթ Գալստյանը պատասխանեց, որ այդ հարցին պետք է իշխանությունները պատասխանեն։
«Մենք չգիտենք՝ ինչ վիճակ է, չգիտենք՝ իշխանությունը մեր ներուժի ո՞ր մասն է օգտագործում այդ ճանապարհի ավելի արագ շահագործման համար։ Եթե իշխանությունը ցանկանա, որ Արցախի հետ կապը կտրվի, ապա համոզված եմ՝ ճանապարհը չեն կառուցի կամ դրա կառուցման ընթացքը կդանդաղեցնեն։ Այստեղ կա թաքնված մեկ վտանգ, որի մասին որևէ մեկը չի բարձրաձայնում։ Այս ամենը արվում է այն պատճառով, որ երբ Նիկոլին մեղադրում են, թե Հայաստանն Արցախից ձեռքերը լվացել է և չի բարձրաձայնում Արցախի ինքնորոշման հարցը միջազգային հարթակներում, այլ հակառակը՝ չգիտես, թե որ մի հարթակի հորդորն է բերում և Հայաստանի ամենաբարձր ամբիոնից հնչեցնում, որ նշաձողը պետք է իջեցվի։ Հիմա բոլոր մեղադրանքները նա փորձում է բարդել Արցախի իշխանությունների վրա՝ հայտարարելով, թե իրենք պատրաստվում էին պայքարել այդ միջանցքի համար, իսկ Արցախի իշխանությունները կամ արցախահայությունն առհասարակ ընտրել է այլ ճանապարհ, և մենք դրա հետ համաձայնում ենք, և թող իրենց չմեղադրեն։ Այս ամենը կատարվում է Նիկոլ Փաշինյանի լուռ կամ բանավոր խոստումների հիման վրա»,- եզրափակեց Դավիթ Գալստյանը։