Բերձորի այլընտրանքային ճանապարհի Տեղ-Կոռնիձոր հատվածում երեք շինարարարական կազմակերպություն ակտիվ աշխատում են. Տեղ համայնքի ղեկավար

Բերձորն ու Աղավնոն թշնամուն հանձնելուց հետո, Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը Սյունիքի մարզի Տեղ, Կոռնիձոր գյուղերով է միանալու Արցախին՝ Բերդաձորի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով:

168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն ասաց, որ ճանապարհի կառուցման համար Տեղ-Կոռնիձոր հատվածում աշխատում է  երեք շինարարական կազմակերպություն, և ինքը, որպես համայնքի ղեկավար, հաճախ է գնում և հետևում շինաշխատանքներին։

«Հայտարարությունները, թե այդ ճանապարհը վատը կլինի, նախագծով էլ կարելի է  ճշտել։ Այնտեղ ուղղակի մի տեղ կա, ավելի ճիշտ, ի սկզբանե, երբ նախագծողները եկել ու նախագիծ են արել, մենք իրենց ասել ենք, որ այդպես եթե կառուցեն, մի քիչ բարդ կլինի։ Տեղ գյուղի տակի հատվածով տեղ կար, այդպես եթե անեին, ինձ թվում է՝ ավելի հարմար էր։ Բայց իրենք նախընտրեցին այլ հատված՝ Կոռնիձորի տակով։ Նախագծողն էլ այդպես չէր ուզում, բայց չգիտեմ ինչ-ինչ պատճառներով այդտեղից գծեցին՝ Կոռնիձորի տակով։

Հիմա երեք շինարարական կազմակերպություն ակտիվ  աշխատում են»,- նշեց Դավիթ Ղուլունցը։

Կարդացեք նաև

Ըստ համայնքապետի՝ մեկ շաբաթ առաջ Տարածքային կառավարման նախարարը Սյունիքի մարզպետի հետ միասին գնացել ու հետևել են ճանապարհի կառուցման աշխատանքներին։

«Մեզ ասացին, որ մինչև դեկտեմբեր աշխատանքների 80 տոկոսը պետք է կատարված լինի։ Այդ ճանապարհին կանգնելու են ռուս խաղաղապահները, այն անվտանգ կլինի, ինչպես այսօր Բերձորի միջանցքում են կանգնած, նույնն էլ այս նոր ճանապարհին են կանգնելու»,- եզրափակեց Դավիթ Ղուլունցը։

Տեսանյութեր

Լրահոս