«Նիկոլի հայտնի հայտարարությունից հետո մի հատ բուդկա են բերել Սոթք, ադրբեջանցիների համար սահմանը բացելուն են պատրաստվում»․ բնակիչ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է օգոստոսի 4-ին կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։

Նոր անցակետերը նախատեսվում է ստեղծել Գեղարքունիքի (Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային), Արարատի (Երասխ համայնք՝ ավտոմոբիլային), Սյունիքի (Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային) մարզերում հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ:

Նույն հիմնավորմամբ՝ «իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում» երկու նախագիծ է քննարկման դրել Պետական եկամուտների կոմիտեն: Ըստ նախագծերի՝ Կառավարությունը որոշել է հայ ադրբեջանական սահմանին՝ Արարատյան մաքսատուն-վարչության Սոթքի, Երասխի և Հարավային մաքսատուն-վարչության Քարահունջի մաքսային կետ-բաժինների տարածքներում սահմանել մաքսային հսկողության գոտի։

Կարդացեք նաև

Գեղարքունիքի մարզի Գեղամասար (Գեղամասար համայնքը 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ընդգրկվել է Վարդենիս խոշորացված համայնքի կազմում.- Ն․Խ․) խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը 168.am-ի հետ զրույցում մասնավորապես ԱԱԾ-ի ներկայացրած նախագիծը որակեց խիստ վտանգավոր։

«Սա մեզ բոլորիս շատ մտահոգող հարց է։ Ինչքան ժամանակ է՝ թշնամին առաջացել է ու մեր տարածքում տեղակայվել, պարբերաբար կրակոցներ է արձակում․․․ 2 օր առաջ էլ ուժեղ կրակոցներ եղան Նորաբակ և Կութ գյուղերի հատվածում, ճիշտ է՝ զոհ և վիրավոր չեղավ, բայց այդ կրակոցները միշտ էլ կան, ու բնակիչների մոտ լարվածություն, սթրեսային վիճակ է առաջանում․․․

Այսքանից հետո, եթե հիմա էլ թուրքը մտավ ու մեր տարածքով անցավ, ավելի մեծ վտանգներ ենք տեսնում։ Եթե ազատ անցնում են, ո՞վ գիտի՝ գիշերն ո՞ւմ տուն կարող են մտնել, ո՞ւմ վնաս տալ, թեկուզ հենց ճանապարհին․․․»,- ասաց Հակոբ Ավետյանը։

Նախկին համայնքապետը չբացառեց, ավելին՝ վստահ է, որ սահմանը բացելուն պես ադրբեջանցիները տարբեր սադրանքների են դիմելու, ինչը սահմանամերձ գյուղերի բնակիչները չեն հանդուրժելու․

«Օրինակ՝ Սոթքում թուրքը մի անշնորհքություն է անում, հայն էլ՝ ինչքան էլ որ պատերազմից հետո էս վիճակին է, նամուս ունի, չի կարող հանդուրժի դրանց արարքները։ Մի հատ կոպիտ բան ասի թուրքին, կամ հարցը հասնի նրան, որ մի հատ չափալախի, հաստատ մեզ կդատեն դրա համար, բայց թուրքն ինչ էլ անի՝ հեշտ կանցնի կգնա։ Մենք հաստատ չենք կարողանա թուրքին նեղացնել, դա միանշանակ, եթե այդպիսի մի բան լինի՝ ՀՀ իշխանությունները 100 տոկոս մեզ կդատեն։ Ստացվելու է, որ թուրքին տեսնելու ենք հենց մեր գյուղի մեջ։ Տեսնելու ենք, որ թուրքի ավտոն անցավ, կանգնեց, մի հատ սիգարետ ծխեց։ Իրենք արդեն այնքան են իրենց վրա վստահ, որ կարող են դիտավորյալ մի այնպիսի բան անել, որ մենք վիրավորվենք դրանից։ Տեսնում ենք, որ Երևանում կարողանում են անել, Ծիծեռնակաբերդում արդեն արել են, ու ոչ մի պատժամիջոց չկա․․․

Էն ժամանակ Ալիևն ինչ ասում էր, մենք ծիծաղում էինք, ասում էինք՝ էշ-էշ խոսում է, բայց հիմա ինչ ասում է՝ դառնում է իրականություն։ Գյուղացիներից էլ ոչ մեկը մեր ղեկավարության ասածը չի էլ լսում, լուրջ չի ընդունում․․․

Կրկնում եմ՝ ես մեծ վտանգ եմ տեսնում՝ հայ-ադրբեջանական սահմանը բացելու հետ կապված։ Ինձ թվում է՝ արդեն իսկ այդ գործընթացը սկսել են, ու շուտով ճանապարհը կբացվի՝ թուրքերն ազատ կգան ու կգնան․․․»։

Ճշտող հարցին՝ Սոթքի հատվածում անցակետի տեղադրման հետ կապված որևէ աշխատանք այս պահին տարվո՞ւմ է, Հակոբ Ավետյանը պատասխանեց, որ ինքն անձամբ չի բարձրացել նշված հատված, բայց խոսակցություններ կան այդ մասին։

168.am-ը տեղեկությունը ճշտեց Սոթքի աղբյուրներից, բնակիչներրց մեկը մեզ այսպիսի պատասխան տվեց․

«Նիկոլի հայտնի հայտարարությունից հետո մի հատ բուդկա են բերել Սոթք, ադրբեջանցիների համար սահմանը բացելուն են պատրաստվում։ Գիտենք, որ ՊԵԿ՝ մաքսային ծառայողներ չկան այնտեղ, միայն սահմանապահներն են»։

Հիշեցնենք, որ Կառավարության օգոստոսի 4-ի նիստում Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին և ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին հանձնարարել էր ապահովել ադրբեջանցիների երթևեկությունը՝ ՀՀ սահմանով դեպի Նախիջևան։

«Մենք պետք է ապահովենք Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ: Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան: Մենք երաշխավորում ենք այդ երթևեկության անվտանգությունը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Միայն Ղազախ-Իջևան հատվածով չէ, մենք դա կարող ենք ապահովել Վարդենիսի հատվածով, Սիսիանի հատվածում, Երասխի հատվածում, Գորիսի հատվածում, որտեղ վաղուցվանից մաքսային ծառայության հսկողություն ունենք, բայց այս ընթացքում Ադրբեջանը ոչ մի անգամ չի օգտվել, չի էլ փորձել օգտվել»,- հայտարարել էր Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս