1.45 միլիարդ դրամ՝ Տաթև-Աղվանի ճանապարհի խնդիրների վերացման համար

Տաթև-Աղվանի ճանապարհի երրորդ շերտ ասֆալտապատումը իրականացնելու համար ՀՀ կառավարությունը 1 մլրդ 45 մլն դրամ կհատկացնի։ Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Կառավարության նիստի ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ Տաթև-Աղվանի ճանապարհի շինարարությունը սկսվել էր դեռ 2020 թվականի պատերազմից առաջ, և նախատեսված չէր, որ այն նման ծանրաբեռնվածությամբ կաշխատի։

«Տարբեր խնդիրներ ի հայտ եկան շինարարության ընթացքում առաջացած խնդիրների կամ թերությունների պատճառով: Հիմա թերությունները շտկված են, և պայմանագրում փոփոխություն ենք իրականացնում նույն շինարարական ընկերության հետ, որպեսզի ևս մեկ շերտ այնտեղ ասֆալտապատվի»,-  նշեց Սանոսյանը:

Տաթև-Աղվանի Մ-2 12 կմ ճանապարհի ասֆալտապատման 2 շերտ արել է «Բիլդեր Քոնսթրաքշն» ընկերությունը, և հիմա նույն ընկերության հետ պայմանագիր կկնքվի, որպեսզի երրորդ շերտն արվի։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս տարի գարնանը ճանապարհին արդեն փոսեր էին առաջացել, սակայն պատճառը գիտեն` ճանապարհը միջհամայնքային էր, սակայն այն կիրառվել է նաև որպես այլընտրանք Գորիս–Կապան ճանապարհի հատվածի, որն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո։

Տեսանյութեր

Լրահոս