Բաժիններ՝

«Աշխատանքները տարվում են էպիկենտրոնային հատվածում, որտեղ պայթյունի պահին քաղաքացի է եղել»․ ԱԻ նախարար

«Սուրմալու» առևտրի կենտրոնում երեկ երեկոյան դադարեցված որոնողափրկարարական աշխատանքներն այսօր առավոտյան ժամը 8։30-ին վերսկսվել են։ Այս մասին դեպքի վայրում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Ներկա պահին որոնողափրկարարական աշխատանքները տարվում են ենթադրվող էպիկենտրոնային հատվածում և, ըստ տեղեկությունների՝ ենթադրվում է, որ պայթյունի պահին այնտեղ քաղաքացի է եղել։ Մենք ամբողջ ուժով տվյալ հատվածում իրականացնում ենք աշխատանքներ։

Մեզ համար հիմա առաջնայինը՝ կատարել ինժեներական աշխատանքներ, որոնք թույլ կտան չխոչընդոտել մեր որոնողափրկարարական աշխատանքներին, որից հետո նոր պետք է քննարկվի շինության հետագա հարցը։ Ներկա պահին մեր առջև չկա շենքի ապամոնտաժման խնդիր, որովհետև քանի դեռ ունենք չհայտնաբերված քաղաքացի՝ փորձում ենք այդ մասին չմտածել»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ չնայած որոնման տարածքը բավականին փոքրացել է, բայց քանի որ ենթադրվում է, որ դա է պայթյունի էպիկենտրոնը, որից առաջացել է թե հրդեհ, թե հարվածային ալիք, դա բարդություններ է առաջացնում ԱԻՆ փրկարարների համար որոնողափրկարարական աշխատանքները կատարելու համար։

Կարդացեք նաև

«Նման հարվածային ալիքից և նման ջերմաստիճանից, ինչպես նաև այդ հատվածում օրեր շարունակ տեղի ունեցած գոլորշիացումից, շանսերը հուսադրող չեն, բայց ամեն ինչ անելու ենք, որպեսզի կարողանանք բացազատել այդ հատվածը, օգտագործել մեր շների օգնությունը, որից հետո մեր որոնողափրկարարական խումբը փորձի մուտք գործել տվյալ հատված և իրականացնել աշխատանք»։

Անդրադառնալով այն դիտարկումներին, թե ԱԻՆ-ում փորձագետների, մասնագետների պակաս կա, Արմեն Փամբուխչյանը հակադարձեց․

«Պատասխանատու հայտարարում եմ, որ այս օրերի ընթացքում որևէ մարդկային ներուժի, տեխնիկայի, մասնագիտական գիտելիքների որևէ պակաս չի եղել, որևէ երկրից օգնություն խնդրելու կարիք չի եղել։ Մեզ տեղում օգնել են «Կարմիր խաչ»-ի կամավորները և հասարակական կազմակերպության կամավորներ, որոնք հիմնականում կատարել են ձեռքի աշխատանք, իսկ «Կարմիր խաչ»-ի կամավորականներն ունեն որոնողափրկարարական աշխատանքների մասնագիտացում, ավելի պրոֆեսիոնալ մոտեցումներ են ցուցաբերել։ Նաև ունենք կինոլոգիական ջոկատ, բայց նաև օգնության են եկել, կամավորության սկզբունքով մեզ հայտնել են, որ ցանկություն ունեն, որ իրենց կինոլոգիական ծառայությունը մատուցեն նաև արտասահմանցի գործընկերներ, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունից է եղել և Ֆրանսիայի, և Բելգիայի, եթե չեմ սխալվում։ Բելգիա կամ Ֆրանսիա, իսկ Ռուսաստանինը հստակ է։ Հենց առաջին օրը մեզ օգնության կարգով ռուս-հայկական մարդասիրական արագ արձագանքման կենտրոնի մեր գործընկերներն են օգնության ձեռք մեկնել, լուսավորություն են ապահովել, ինչպես նաև իրենց ԱԹՍ-ով հետախուզում են իրականացրել։ Ուզում եմ նշել, որ իրականում մենք որևէ մարդկային ներուժի, տեխնիկայի պակաս չենք ունեցել այս օրերի ընթացքում»։

Ինչ վերաբերում է որոնողափրկարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ  դժգոհություններին, որ դրանք շատ դանդաղ են արվել, ԱԻ նախարարը պարզաբանեց՝ պատճառը ձեռքով կատարված աշխատանքներն են եղել, որպեսզի չվնասեն փլատակների տակ ողջ մնացած մարդկանց կամ զոհված մարդկանց մարմինները։

«Ամեն ինչ արել ենք, որպեսզի չօգտագործենք ծանր տեխնիկա։ Այսինքն՝ մենք գիտակցաբար դա արել ենք, չենք հերքում, բայց դանդաղության առումով նշեմ, որ այս ծավալի փլուզումը, մոտ 1 հեկտար, 4-րդ օրն է, և կարելի է ասել, որ մոտ 90 տոկոսով տարածքը մաքրած է․․․»,- ասաց Արմեն Փամբուխչյանը։

Հարցին՝ արդյոք աշխատանքների ընթացքում փրկարարներ տուժե՞լ են, ԱԻ նախարարն պատասխանեց՝ այո, 1 փրկարար․

«Մեկը ոտքի վնասվածքով է հիվանդանոց տեղափոխվել, մյուսը՝ շատ ծխահարված, սակայն երկուսն էլ, բարեբախտաբար, հենց 2-րդ օրը դուրս են գրվել հիվանդանոցից։ Ընթացիկ 7 փրկարար հենց նշված օրն էր ծխահարվել, բազմաթիվ փրկարարներ էլ չեն ծխահարվել, պարզապես ապահովության համար թթվածին են շնչել, իրենց զարկերակային ճնշումն է չափվել․․․»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, եռահարկ շինությունը մասնակի փլուզվել է։

Օգոստոսի 18-ի ժամը 10։00-ի դրությամբ կա 16 զոհ, որոնցից մեկի ինքնությունը պարզված չէ: Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։

Տեսանյութեր

Լրահոս