Բաժիններ՝

«Սաղ Նիկոլի խաղն են խաղո՞ւմ․ արտաշիրմում արած ոսկոր են տվել ծնողին, էս ամենի հետևում Բիշարյանն է կանգնած, էլ ո՞ւմ վստահենք»․ անհետ կորածների ծնողներ

Էջմիածնի «Քիմիկներ»-ի զորամասից 2020 թվականի 44-օրյա պատերազմի մարտական գործողություններին մասնակցելու համար հոկտեմբերին ռազմաճակատ մեկնած, այնուհետև շրջափակման մեջ հայտնված զինծառայողներից, շուրջ 2 տարի է՝ որևէ տեղեկություն չկա։ Հարազատները սպասում են՝ հուսալով, որ իրենց որդիները գերության մեջ են, ոչ թե զոհված։

Նրանցից շատերին Դատաբժշկական գիտագործնական կենտրոնից մասունքներ են հանձնել՝ վստահեցրել, որ ԴՆԹ համընկնում է եղել։ Որոշ ծնողներ վերցրել և հողին են հանձնել նույնականացված մասունքները, որոշները՝ ոչ։

Անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներն այսօր 168.am-ի հետ զրույցում դժգոհեցին հենց Դատաբժշկական և գիտագործնական կենտրոնի աշխատանքից, մասնավորապես՝ կառույցի ղեկավար Մշեր Բիշարյանից, որը, իրենց խոսքով՝ մասունքներն այնքան պահեց, մինչ «կաշա» սարքեց։

«Մհեր Բիշարյանն անձամբ է մեզ հետ մորգերով ման եկել, դեռ Մասիսի մորգում էլ խառնված իրար՝ ասում էր՝ արագացրեք, սաղ կանենք, խնդիր չի լինի, և այլն, ինչի՞ց էր այդպես ահաբեկվում՝ չգիտենք։ Տղերքը 2020-ի հոկտեմբերից շրջափակման մեջ էին ընկել, արդեն 2020-ի դեկտեմբերին Զանգելանում փոս գտանք, բացեցինք՝ դիակներ, մասունքներ, գանգեր․․․ Էդ ամբողջը տոպրակներով տեղափոխվել էր Դատաբժշկականգիտագործնական կենտրոն։ Ամենաշատը 1 ամսում կարող էին բոլոր մասունքները ԴՆԹ անել, բայց հունվարը դարձավ փետրվար, փետրվարը՝ մարտ, հասցրին մինչև 2021-ի մայիս, էդ ժամանակ էլ, որ ծնողներով դուրս եկանք, ակցիաներ արեցինք, շատ պատահական սկսեցին ԴՆԹ համընկնումներ լինել, ով ավելի բարձր էր գոռում ու էս իշխանություններին վիրավորում, նրանց մասունքներ էին տալիս։

Կարդացեք նաև

Էնպես չի, որ մենք էս պատերազմի համար չենք շարունակում Նիկոլին ու իր անգլուխ թիմին մեղադրել, պարզապես կոնկրետ այս մասով՝ դիեր, մասունքներ, ԴՆԹ համընկնումներ, Բիշարյանն է պատասխանատուն, ինքը բազմիցս խաբել է մեզ․․․»։

Ճշտող հարցին՝ եթե հաստատված և կրկնակի փորձաքնություն անցած մասունքներ կան, ինչո՞ւ ծնողները չեն վերցնում և հողին հանձնում, զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները զայրացած պատասխանեցին․

«Որովհետև սաղիս խաբել են։ Ծնողներից մեկին մասունքներ էին տվել, վստահեցրել՝ կրկնակի փորձաքննություն է անցել, բայց մի ամիս հետո Մեծամորի մորգից իրենց որդու ամբողջական մարմինը գտան։ Արտաշիրմում էին արել, ոսկորները հանել, իրենց երեխու մարմինը հողին հանձնել։ Հետո պարզվեց՝ էդ արտաշիրմում արած ոսկորը տվել են մեր խմբի ծնողներից մեկին, էլի վստահեցրել, որ 2 անգամ փորձաքննություն է անցել․․․ Ու էս ամենի հետևում Բիշարյանն է կանգնած, էլ ո՞նց վստահենք, ո՞ւմ վստահենք․․․

Իրա սև գործն արեց, ում ինչ տվեց, սղցրեց, ում ինչ ձև բերան փակեց․․․ Հիմա ամենն անցել է Քննչական կոմիտեին, դե թող Քննչականը պատասխան տա, թե Բիշարյանն ո՞ւմ խաբեց, ում մասունքն ո՞ւմ տվեց։ Էս ի՞նչ խաղ են խաղում, սաղ Նիկոլի խաղն են խաղո՞ւմ, Նիկոլը վաղն էլ չի՛ լինելու, Նիկոլը կփախնի՝ կգնա, բայց իրենք կմնան․․․

Թող իրենք մեր երեխքին մասունքների մեջ չփնտրեն, թող մեր երեխեքին հասցնեն իրենց ընտանիքներին։

168.am-ը փորձեց կապ հաստատել նաև Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի հետ, սակայն կենտրոնից մեզ փոխանցեցին․

«Պարոն Բիշարյանը փոխանցեց՝ հարգելի՛ս, ձեր բոլոր հարցերն ուղարկում եք Առողջապահության նախարարություն, մենք լրատվական բաժին չունենք․․․»։

Նշենք, որ նախքան Դատաբժշկական գիտագործնական կենտրոն զանգահարելը, 168.am-ը փորձել էր կապ հաստատել նաև Առողջապահության նախարարության պատասխանատուների հետ, սակայն մեր զանգերը մնացել էին անպատասխան։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերին Էջմիածնի N զորամասից 60 զինծառայողներ մեկնել էին Կովսական (Զանգելան)՝ մասնակցելու մարտական գործողություններին, սակայն, ինչպես հարազատներն էին պնդում, սխալ հրամանի պատճառով հայտնվել էին շրջափակման մեջ: Մի մասին հաջողվել էր դուրս գալ շրջափակումից, իսկ 30-ից ավելի զինծառայող մինչև այս պահը համարվում են անհետ կորած:

Նշենք նաև, որ այս դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։

Տեսանյութեր

Լրահոս