Վերջին 8 տարում երբևէ այսքան քիչ երեխա չի ծնվել, ինչքան այս տարի
Մինչ տարիներ շարունակ իշխանությունները խոսում են Հայաստանում ապրելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, քաղաքացիների կյանքը լավացնելու, խաղաղություն հաստատելու ու բարեկեցություն բերելու մասին, դրանից ժողովրդագրական իրավիճակը մեր երկրում ոչ մի կերպ չի բարելավվում։
Չի բարելավվում, որովհետև մի կողմից՝ մարդիկ լքում են երկիրը, մյուս կողմից՝ չեն շտապում իրենց ապագան կապել Հայաստանի կամ Հայաստանի իշխանությունների հետ։ Թերևս դա է պատճառներից մեկը, որ ժողովրդագրական իրավիճակը մեր երկրում շարունակաբար վատանում է։
Մտահոգիչ է հատկապես ծնելիության պատկերը։ Պաշտոնական վիճակագրության տվյալներով, այս տարի Հայաստանում ծնելիությունը դարձյալ նվազել է։
Տարեսկզբի առաջին 4 ամիսներին 9641 երեխա է ծնվել։
Սա աննախադեպ է նրանով, որ նման ցածր ցուցանիշ չի արձանագրվել առնվազն վերջին 8 տարիներին։
Վերջին 8 տարիներին չի եղել որևէ տարի, որ Հայաստանում այդքան քիչ երեխա ծնված լինի տարեսկզբի առաջին 4 ամիսներին։ Առաջին տարին չէ, իհարկե, որ Հայաստանում ծնելիությունը նվազում է, բայց այսպիսի ցածր ցուցանիշ չի գրանցվել։ Նույնիսկ 44-օրյա պատերազմի ու դրան հաջորդած տարում Հայաստանում անհամեմատ ավելի շատ երեխա էր ծնվել, քան ծնվել է այս տարի։
2019թ. առաջին 4 ամիսներին ծնվել էր 10.5 հազար, 2020թ.՝ 10.2 հազար, 2021թ.՝ 11.5 հազար, 2022թ.՝ 10.7 հազար, 2023թ.՝11.4 հազար, 2024թ.՝ 10.5 հազար երեխա։
Անցած տարի էլ Հայաստանում ավելի շատ երեխա էր ծնվել, քան այս տարի, չնայած ծնվածների քանակն իջել էր 10 հազարից։ Այս տարի ծնունդներն ավելի են պակասել։ Ու սա այն պարագայում, որ հիմա Հայաստանում են ծնվում նաև նախկինում Արցախում ծնվող երեխաները։
Արցախի հայաթափումից հետո, հիմա Արցախի երեխաներն էլ են Հայաստանում ծնվում։
Խոսքն առնվազն 120 հազար արցախահայերի նոր ծնվող երեխաների մասին է։ Ու չնայած դրան՝ ծնելիության մակարդակը Հայաստանում գնալով նվազում է, իսկ այս տարի աննախադեպ ցածր ցուցանիշ է գրանցվել։
Ծնելիության նվազման պատճառը միայն այն չէ, որ մարդիկ վստահություն չունեն վաղվա օրվա նկատմամբ, ինչքան էլ իշխանությունները խաղաղությունից ու բարեկեցությունից խոսեն։ Այսօր Հայաստանում պիտի ծնվեին այն երիտասարդների երեխաները, որոնց զոհաբերեցին 44-օրյա պատերազմի ու դրան հաջորդած շրջանում։ Այն տխուր պատկերը, որն ունենք այսօր ծնելիության առումով, սրա ուղղակի հետևանքներից է, ու դա դեռ տարիներ շարունակ զգացնել է տալու։
Երկրորդ տարին է, որ տարեսկզբի առաջին 4 ամիսներին Հայաստանում 10 հազարից պակաս երեխա է ծնվում։ Անցած տարի 9.7 հազար էր ծնվել, այս տարի՝ արդեն 9.6 հազար։ Դրանից առաջ, առնվազն նախորդ 8 տարիներին չի եղել այնպես, որ Հայաստանում 10 հազարից պակաս երեխա ծնվի։ Առանձին տարիներին այն նույնիսկ գերազանցել է 11 հազարը։
Օրինակ՝ 2021թ. առաջին 4 ամիսներին Հայաստանում 11.5 հազար երեխա էր ծնվել։ Ծնունդները 11 հազարը գերազանցել էր նաև 2023թ.։ Հաջորդող բոլոր տարիներին միայն նվազում է տեղի ունեցել։ Արդեն այս տարի 2021թ. համեմատ գրեթե 2 հազարով պակաս երեխա է ծնվել Հայաստանում։ Ու դեռ չհաշված, որ այն ժամանակ Արցախում ծնվող երեխաները Հայաստանում չէին ծնվում։
Ծնելիության նվազումը, որն ուղղակիորեն ազդում է ժողովրդագրական պատկերի վրա, չափազանց մտահոգիչ խնդիր է Հայաստանի համար։ Մի ժամանակ ծրագիր կար, որով ծնելիություն էին խթանում՝ երրորդ երեխայից սկսած միանվագ 1.5 մլն դրամ էին տալիս։ Համարեցին, որ այդ ծրագիրն արդեն կատարել է իր առաքելությունը։ Անցած տարի որոշեցին 1.5 միլիոնը դարձնել 500 հազար դրամ՝ բոլոր նոր ծնվող երեխաների համար։
Այնպես չէ, որ դրա արդյունքում ծնելիության առումով էական տեղաշարժեր էին գրանցվում, բայց էլի որոշակի խթան էր։ Բայց որոշեցին, որ այդ խթանն այլևս սպառել է իրեն։
Ծնելիության խթանման այլ ծրագրեր էլ կան, բայց դրանք գրեթե արդյունք չեն տալիս։ Զարմանալի չէ, որ տարեցտարի Հայաստանում ավելի քիչ երեխա է ծնվում, ու դա իր ազդեցությունն է ունենում բնակչության բնական աճի վրա։
Բնական աճի ճանապարհով բնակչության քանակն ավելացնելու փոխարեն՝ այլազգիներով են լցնում երկիրը։ Վերջին տարիներին այլազգիների քանակը Հայաստանում էապես ավելացել է։ Ու քանի որ հայերով չեն կարողանում բարելավել երկրի ժողովրդագրական վիճակը, ոչ մեկ անգամ են ասել, որ պատրաստվում են դա անել օտարներին Հայաստանում բնակեցնելու հաշվին։
Թերևս զամանալի ոչինչ չկա նրանում, որ հասարակությունը շատ բուռն է արձագանքում այն հայտարարություններին, որ 300 հազար ադրբեջանցիներ պատրաստվում են գալ Հայաստան։ Իշխանությունները որքան էլ փորձում են հերքել պարբերաբար շրջանառվող այդ տեղեկությունները, միևնույն է՝ հասարակությունը չի վստահում այդ հերքումներին ու դրա համար հիմնավոր պատճառներ ունի։
Ժողովրդագրական պատկերը Հայաստանում վերջին տարիներին վատացել ու վատանում է ոչ միայն նրանով, որ ծնունդները գնալով կրճատվում են, այլև նրանով, որ վերջին տարիներին տասնակ հազարներով մարդիկ են հեռացել։ Անցած տարի, երբ ընդամենը 6-7 հազարով ավել մարդ եկավ դրսից, քան գնացել էր, քիչ էր մնում աշխարհով մեկ հայտարարեին, թե համաշխարհային մակարդակի նվաճում են արձանագրել՝ արտագաղթը Հայաստանից ոչ միայն դադարել է, այլև սկսվել է ներգաղթը։ Բայց որ դրանից առաջ ՔՊ իշխանության միայն վերջին 4-5 տարում շուրջ 150 հազար մարդ է հեռացել երկրից, ոչ մի խոսք։
Եթե 2021թ. Հայաստանում շուրջ 2.6 մլն ընտրող կար, արդեն այս տարի նրանց թիվը 2.5 միլիոնի շրջանակներում է։ Ընտրողների քանակը գրեթե 100 հազարով պակասել է՝ հիմնականում այն պատճառով, որ մարդիկ հեռացել են երկից։ Պակասել է, չնայած Արցախի կորստից հետո մի քանի տասնյակ հազար արցախցիներ դարձել են Հայաստանի քաղաքացի ու ընտրող։
Այսքանից հետո էլ Հայաստանում այս տարի ավելի քիչ երեխա է ծնվել, քան վերջին 8 տարիերին։
Այս տեմպերով, թե ո՞ւր է գնում երկիրը, դժվար չէ պատկերացնել։ Այսպես է քաղաքացին տեսնում իր ապագան՝ այս իշխանության բերած խաղաղ, բարգավաճ ու բարեկեցիկ Հայաստանում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

