Փաշինյանը պատժում է իր ընտրողներին

Վերջին օրերին շատերին վրդովվեցրել է տեղեկությունը, որ հուլիսի 1-ից սկսած մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ այլևս սոցիալական նպաստ չեն ստանալու: Դրանց թվին են պատկանում նաև կենսաթոշակառուների շատ խավեր, որոնց թոշակն իշխանությունը բարձրացրել է 10 հազար դրամով, և որոնք դարձել են նաև առողջապահական ապահովագրության համակարգի շահառուներ:

Իշխանության փաստարկն այն է, թե քանի որ նրանց եկամուտներն ավելացել են, այլևս նրանց նպաստ չի հասնում: Վրդովվողներին հունից հանել է ոչ միայն բուն փաստը, այլ նաև այն, որ իշխանությունը մարդկանց նպաստից զրկում է հատկապես հուլիսից, երբ արդեն ընտրություններն ավարտվել են, և Նիկոլ Փաշինյանը ստացել է բոլոր այն մարդկանց քվեները, ում այլ՝ բոլոր հարկատուների հաշվին ընտրակաշառք է բաժանել եկամուտների ավելացման տեսքով:

Տեղի ունեցածը՝ ողջ նողկալիությամբ հանդերձ, իր մեջ որոշակի արդարության բաղադրիչներ է պարունակում: Այն իմաստով, որ բոլոր նրանք, ովքեր կուրորեն հավատացել են Փաշինյանի խոստումներին և ովքեր պայմանական 10 հազար դրամը գերադասել են նրա մեղքով Հայաստանին ու Արցախին պատճառած ողբերգություններին, 5000-ից ավելի երիտասարդների թափված արյանը, զոհաբերություններին, ահա բոլոր նրանց իսկապես հասնում է, այդ թվում՝ զրկվել նպաստից:

Ամեն ինչի համար պետք է վճարել, և հիմա բոլոր այդ մարդիկ վճարում են ընտրությունների ժամանակ պատերազմում պարտված, Արցախը հանձնած, արցախահայերի դեմ ատելություն գեներացնող, հայկականության դեմ պայքարող Փաշինյանին ընտրելու համար:

Կարդացեք նաև

Այդ առումով նրանց բախտը բերել է, քանի որ նպաստն անպատկերացնելի նվազ գին է, որը մարդը կարող է և պետք է վճարի այս խեղկատակությունը Հայաստանի վզին փաթաթելու համար:

Այս պատմությունը, սակայն, ավելի լայն համատեքստ ունի և վեր է հանում ընդհանրապես քաղաքացիական պատասխանատվության, հանրային նշանակության որևէ արարքի համար մարդու վճարման խնդիրը: Ընտրությանը Հայաստանում մշտապես վերաբերվել են՝ որպես պերֆորմանսի, որին մասնակցելն արարողակարգի նման բան է:

Առավել խորամանկները ոչ միայն մասնակցել են, այլ այս կամ այն կողմից նաև ինչ-որ նյութական փոխհատուցում են պոկել: Բայց անհատական ընտրության պատճառով հավաքական պատասխանատվություն կրելու ու դրա դիմաց կրկին անհատապես վճարելու մեխանիզմ՝ որպես այդպիսին, չի եղել ու չի էլ կարող լինել: Բայց կյանքը ցույց է տալիս, որ պետք է լինի՝ առնվազն ապագայում հակապետական տարրերին իշխանությանը մոտ չթողնելու համար:

Վճարման այս մեխանիզմի սատանայականությունը, սակայն, այն է, որ այս իշխանությանն ընտրողները վճարում են ոչ թե բոլոր նրանց, ովքեր չեն ընտրել իշխանությանը և ովքեր ստիպված են կրելու առաջինների պատճառով անխուսափելի դարձած զրկանքները, այլ… նույն իշխանությանը:

Այսինքն՝ սա փողային հաշվարկ է իշխանության ու նրա իսկ էլեկտորատի միջև, ինչն իրական արդարության հետ որևէ աղերս չունի: Մինչդեռ արդարությունն այն  կլիներ, որ ՔՊ-ին ընտրած քաղաքացիները որևէ կերպ վճարեին ավելի քան 700 հազար այն քաղաքացիներին, ովքեր մերժել են Նիկոլ Փաշինյանին: Բայց անգամ վճարման դեպքում էլ արդարության մասին հազիվ թե խոսք լիներ, որովհետև մերժողների մեծ մասը դա արել է ոչ թե նյութական շահի համար, այլ այդպիսով պաշտպանելով արժանապատվությունը, հայկականությունից մնացած վերջին փշրանքները:

Նիկոլ Փաշինյանն, ահա, վարչական լծակները, ուժային կառույցները, արտաքին աջակցությունը և պետական բյուջեն օգտագործելով՝ հաղթել է ոչ միայն ու ոչ այնքան՝ իր քաղաքական հակառակորդներին, որքան հենց այդ մարդկանց՝ ՀՀ քաղաքացիներին, որոնք նրան ընտրած ու սոցիալական նպաստից զրկված քաղաքացիների պատճառով առնվազն ևս 5 տարի ստիպված են լինելու հանդուրժել համազգային ամոթն ու անարժանապատվությունը:

Ամեն ինչ, այո, կյանքում գին ունի: Մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ Փաշինյանի իշխանության համար վճարում են սոցիալական նպաստից զրկվելով, այն դեպքում, երբ առնվազն հինգ հազար մարդ դրա դիմաց վճարել է սեփական կյանքով, իսկ Արցախում ապրող մի ողջ ժողովուրդ՝ սեփական հայրենիքով: Իսկ սա արդեն ոչ թե արդարության, այլ տիեզերական անարդարության մասին պատմություն է:   

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031