Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին
Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին: Երկու կողմում էլ կան զոհեր և վիրավորներ: ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է գիշերն ուկրաինական ավելի քան 340 անօդաչու թռչող սարք խոցելու մասին:
Մոսկվայի մարզի երկնքում խոցվել է 81 ԱԹՍ: Պիոներսկի բնակավայրում անօդաչուի ընկնելու հետևանքով 3 մարդ զոհվել է, կան վիրավորներ: Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկում և Մոժայսկում հարվածների տակ են հայտնվել բազմաբնակարան շենքեր, 2 մարդ վիրավորվել է:
Եվս 1 զոհ և 2 վիրավոր կա Բելգորոդի մարզում:
BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ ըստ Ուկրաինայի զինված ուժերի՝ Ստավրոպոլի երկրամասում թիրախավորվել է նավթաբազա, իսկ Ազովի ծովում՝ ևս 15 ռուսական նավ:
Ռուսական ուժերն էլ Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 3 կառավարվող ավիացիոն հրթիռ և 134 ԱԹՍ: Խերսոնում 2 մարդ է զոհվել, ևս 2 զոհ կա Զապորոժիեում: Օդեսայում կա 2 վիրավոր: Նաև Օդեսայի նավահանգստում ռուսական հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել Տոգոյի դրոշով նավարկող բեռնանավում: Անձնակազմի 3 անդամ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Telegram-ում գրառման մեջ հայտնել է, որ ռուսական ուժերը թիրախավորել են քաղաքացիական օբյեկտներ: Նա շեշտել է, որ երկրին անհրաժեշտ է ավելի շատ օդային պաշտպանություն, քանի որ Ռուսաստանը հրաժարվում է դադարեցնել պատերազմը: Զելենսկին նաև ընդգծել է Ռուսաստանի վրա պատժամիջոցների ճնշումն ավելացնելու անհրաժեշտությունը:
Միևնույն ժամանակ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ փոխհամաձայնություն առայժմ չկա, սակայն կարող է որոշում կայացվել պատժամիջոցների ցանկում ևս 250 ֆիզիկական և իրավաբանական անձանց ընդգրկելու մասին:

