Գեներալ Արայիկ Հարությունյանի գործով բոլոր վկաները հարցաքննվել են

ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի գործով դատակոչված բոլոր վկաներն արդեն հարցաքննվել են: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց գեներալ Արայիկ Հարությունյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը։

«Տասնակից ավելի վկաներ են եղել, ում ծանուցում ուղարկվել է, եկել են: Այսինքն՝ վկաների հարցաքննության փուլն ավարտվել է, հիմա մեր հարցաքննության փուլն է՝ մեղադրյալների»,- ասաց նա՝ չցանկանալով պատասխանել հարցին, թե հայտնի զինվորականներից ովքեր են եղել վկաների շարքում՝ ԳՇ նախկին պետ և այլն:

Թեև ամիսներ առաջ, երբ դեռ բոլոր վկաները չէին հարցաքննվել, փաստաբանը հայտնել էր, որ «հարցաքննվել են գործող զինվորականներ, նշված կորպուսի զինվորականությունից, ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը»:

Գեներալի փաստաբանը, բնականաբար, չցանկացավ անդրադառնալ նաև վկաների հարցաքննությունների բովանդակությանը:

Կարդացեք նաև

2022 թվականի դեկտեմբերին տարածված դատախազության հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին և Նորաբակ համայնքին հարող շփման գծի այն հատվածներով, որտեղ հրամանատարության անգործության հետևանքով սահմանված չի եղել մարտական հերթապահություն, անարգել հատել և մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս, տեղակայել մարտական դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ»:

Այդ ժամանակ, ինչպես նշեցինք, գեներալ Հարությունյանը 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, և այս տարածքները նրա պատասխանատվության գոտում էին:

Իսկ 2021-ի մայիսին ադրբեջանական ներխուժումներից հետո՝ 2021-ի օգոստոսի 9-ին, Արայիկ Հարությունյանը նշանակվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, որից ազատվել էր 2022 թվականի փետրվարի 18-ին:

Նշենք, որ 2021 թվականի՝ Ադրբեջանի կողմից մայիսյան առաջխաղացումներից օրեր անց Նիկոլ Փաշինյանն այցելել էր Կութ, 2-րդ բանակային կորպուս, և տեսագրության մեջ երևում է, որ այդ ժամանակ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանը Փաշինյանին ցույց է տալիս ՀՀ ինքնիշխան տարածք մտած ադրբեջանցիներին, ինչ-որ քայլեր անելու առաջարկներ անում, որին Փաշինյանը բացասական պատասխան է տալիս:

Այս տեսանյութը քննության առարկա նախաքննության փուլում չի դարձել, համենայնդեպս, գեներալ Հարությունյանի փաստաբանական թիմը մեր հարցերին ի պատասխան՝ հակառակ տեղեկությունը չի տվել ժամանակին։

Ի դեպ, 168.am-ը գրել էր, որ 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Փաշինյանն ակամա խոստովանել էր՝ 2021թ. մայիսին բանակին չկռվելու քաղաքական հրաման է տրվել:

Իսկ այս գործով անցնում է նաև գնդապետ Վիգեն Սիմոնյանը, ով 2021-ի մայիսին 2-րդ բանակային կորպուսի ենթակա զորամասերից մեկի հրամանատարն էր, իսկ ավելի ուշ նրան այլ բանակային զորամիավորումում էր պաշտոն վստահվել:

Հավելենք, որ 2025 թվականի նոյեմբերի 11-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որից տեղեկանում ենք, որ 2021 թվականի մայիսյան ադրբեջանական առաջխաղացումների համատեքստում մեղադրվում է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը՝ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու համար: Նա այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալն էր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031