Մեր բանակը մինչև 2020թ. մեզ պահում էր՝ որպես աշխարհաքաղաքական գործոն
Մեր բանակը մինչև 2020թ. մեզ պահում էր՝ որպես աշխարհաքաղաքական գործոն: Այս միտքը երեկ Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում հայտնել է Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Տարոն Սիմոնյանը:
Այս նախադասությունը մինչև 2020թ. կործանարար պատերազմը դժվար թե շատ տպավորիչ լիներ, որովհետև մինչ այս իշխանության գալը բանակն ինքնին ընկալվում էր՝ որպես տարածաշրջանի ամենամարտունակ բանակ, մեր անվտանգության երաշխավոր, ու դրա վերաբերյալ որևէ կասկած չկար:
2020թ. Արցախյան վերջին պատերազմից հետո բանակը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի համար դարձավ քավության նոխազ. բոլոր հնարավոր ու անհնարին եղանակներով 2018թ.-ից սկսված բանակի վարկաբեկման գործընթացը չի ավարտվում մինչ այսօր: Ու հիմա հատկապես առավել մեծ ջանասիրությամբ են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու համանուն խմբակցության ներկայացուցիչները պատերազմում պարտության բոլոր սլաքներն ուղղում բանակի ու նրա հրամանատարության կողմը:
Իրականում, թերևս, բոլորի համար է պարզ, որ չկար ոչ զենքի, ոչ մարդուժի խնդիր. խնդիրը կառավարման, ավելի ճիշտ՝ դրա բացակայության մեջ էր և այն գործոնների, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը, հուսանք, մանրակրկտորեն քնննության առարկա կդառնա պատերազմի հանգամանքների ու հետևանքների գործով հարուցված քրեական վարույթի ընթացքում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարբեր առիթներով խոսել է թե այն մասին, որ ինքը պարտվել է նախկինների բանակին, և թե այն մասին, որ Հայաստանից 5 միլիարդ դոլարի զենք են ոչնչացրել պատերազմի ընթացքում:
«Համարում եմ, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է վերջ դնել Հայաստանի զինմանը։ Հենց Հայաստանը փող չունի զենքի ձեռքբերման համար և երբեք չի ունեցել։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ մենք ոչնչացրել ենք Հայաստանի ռազմական տեխնիկան՝ ընդհանուր 4-5 միլիարդ դոլար ծավալով։ Հարց է առաջանում. որտեղի՞ց այդ աղքատ երկրին այդքան փող… Եթե նորից Հայաստանի զինման համար գումարներ հատկացվեն, ապա մենք դա կգնահատենք որպես ոչ բարեկամական քայլ և կգործենք համապատասխան կարգով»,- ասել է այդ երկրի ղեկավարը։
Երբ Ապրիլյան քառօրյա մարտական գործողություններից հետո ասում էին, որ կանխվել է աշխարհաքաղաքական աղետ, ապագա քայլողների իշխանությունը իրեն պատառոտում էր՝ կորսված 800, իրականում՝ 400 հա տարածքի համար, թմբկահարում, թե Ապրիլյան պատերազմում հայկական կողմը պարտություն է կրել, հանդես էին գալիս ոչմիթիզականության դիրքերից, իսկ հիմա նույնիսկ հպարտանում է իր պարտությամբ:
Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետի պաշտոնակատար եղած ժամանակ հայտարարում էր, թե 2018 թվականից երկրի ռազմական բյուջեն ավելացել է 48 տոկոսով, թե Հայաստանը 2019 թվականին ձեռք է բերել վերջին տասը տարում ունեցած զենքի 62 տոկոսը։ 2018-2020 թվականներին, ըստ նրա, գնել են զենքի ծավալի 75-80 տոկոսը։
Այնինչ, ռազմական ոլորտի մասնագետները և անձամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր հայտարարել, որ Փաշինյանն այս կամ այն զենքը գնելու հետ որևէ կապ չունի, քանի որ այդ զենքերի ձեռքբերման պայմանագրերը դեռ 2015-2016 թվականներին են կնքվել` 200 մլն ռուսական վարկի միջոցներով։
«Իրենք ոչ մի բան էլ չեն բերել։ Պատերազմի ժամանակ, չեմ ժխտում, որ իրենք տվել են ինչ-որ բան։ Սակայն մինչև պատերազմը մեր ծրագիրն են քանդել, և մեր թողած փողերով գնացել 4 ՍՈւ են գնել առանց զինամթերքի, որպեսզի նկարվեն դրա ֆոնին։ Ինձ որևէ մեկը տեսե՞լ է «Իսկանդերի» կողքը կանգնած»,- ասել էր Սերժ Սարգսյանը։
Այս իշխանությունը, որի միակ ձեռքբերումը ելակը բանակ հասցնելն ու սոսկ Նիկոլ Փաշինյանի համար առանց հրթիռների Սու-30ՍՄ կործանիչների համար ահռելի գումար վճարելն է, որի զինվորը պատերազմից շուրջ երկու տարի անց դեռ ապրում է բաց դաշտում տեղադրված կտորից կամ ցելոֆանից պատրաստված վրաններում, որի բանակի հրամկազմը պատերազմից առաջ ամբողջովին փոխարինվեց ոչ կոմպետենտ հրամանատարներով, իսկ ռազմական պլանը՝ անհասկանալի մոտիվացիայով փոփոխությունների ենթարկեցին, դեռ շարունակում է իր ընտրազանգվածին կերակրել նախկինների մասին սարսափազդու պատմություններով: Այն, որ թերացումներ կային՝ ոչ ոք չի հերքում, բայց նախկինների բանակի միտումնավոր ու հետևողական վարկաբեկումը փաստացի ուներ կոնկրետ նպատակ՝ բանակը տանել պարտության:
Մինչդեռ նախկինների բանակն իսկապես մեզ պահում էր՝ որպես աշխարհաքաղաքական գործոն, նախկինների բանակի շնորհիվ էր, որ թշնամի պետության ղեկավարը չէր հոխորտում, ձեռք չէր առնում մեզ, ավելին, ասում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը:
Այս իշխանություններին բանակ պետք չէ, որովհետև բանակը կխանգարի իրենց՝ երկիրը ծվեն-ծվեն անելու ծրագրերին, դրա համար էլ ամեն ինչ անում են բանակ չունենալու համար: