«Կան որոշակի ներքին ու արտաքին ուժեր, որոնք նպատակ ունեն հայ հասարակությանը պահել լարվածության մեջ». Հովիկ Աղազարյան
Օգոստոսի 14-ին «Սուրմալուի» պայթունի հետևանքով տեղի ունեցած ողբերգությունից հետո բազմաթիվ կեղծ ահազանգեր են եղել տարբեր վայրերում ռումբի առկայության վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում, «Զվարթնոց» օդանավակայանում, Գյումրիում։
168.am–ի հետ զրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը խոսելով նման կեղծ ահազանգերի նպատակների մասին՝ ասաց.
«Այս ամենը կապում եմ այն հանգամանքի հետ, որ կան որոշակի ներքին ու արտաքին ուժեր, որոնք նպատակ ունեն հայ հասարակությանը պահել լարվածության մեջ։
Բոլորս էլ գիտենք, որ մենք շատ խնդիրներ ու մարտահրավերներ ունենք, և լրացուցիչ մեկ գործ են ուզում բացել, որպեսզի հասնեն որոշակի նպատակների։ Սրա լուծումն այն կլինի, որ մենք երևի թե անդրադառնանք օրենսդրությանը և շատ մեծացնենք պատասխանատվությունը նմանատիպ դրսևորումների դեպքում»։
Հարցին՝ արտաքին ուժեր ասելով՝ նկատի ունի Թուրքիային ու Ադրբեջանի՞ն, Հ. Աղազարյանը պատասխանեց. «Այո, առաջին հերթին նկատի ունեմ հենց այդ երկրներին»։
Հարցին, թե հասարակությունը կարողանո՞ւմ է համարժեք արձագանքել, թե՞ խուճապի մեջ է հայտնվում, նա պատասխանեց, թե շատ ժամանակ հնարավորություն չունենալով անձամբ ամենայն խորությամբ ճանաչել մյուս ազգերին ու ժողովուրդներին, նրանց վարքն ու բարքը, թվում է, թե միայն հայերն են նմանատիպ արձագանք ցուցաբերում նման իրավիճակներում։
«Բոլորն էլ անհանգստանում են, կարծում եմ՝ նմանատիպ ահազանգերը բոլորի մոտ էլ անհանգստություն են առաջացնում։ Այստեղ գալիս է մեկ խնդիր, որ հասկանանք, յուրաքանչյուրս պետք է զգոնության մեծ աստիճան ունենանք, չէ՞ որ չի բացառվում, որ մի դեպքում կարող է այդ ահազանգը լինել իրական։ Հետևաբար, մենք պետք է մեծացնենք մեր զգոնությունը, բարձրացնենք մեր շրջապատի նկատմամբ ուշադրության աստիճանը և որևէ բան նկատելու դեպքում համապատասխան արձագանքենք»,- ընդգծեց Հովիկ Աղազարյանը։
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ այդ պայթյունի հետևում կանգնած է Ռուսաստանը, Հովիկ Աղազարյանն ասաց՝ բացառում է։
«Ռուսաստանը՝ որպես դաշնակից պետություն, բոլոր առումներով կատարում է իր պարտականությունները, հետևաբար՝ պաշտոնական ռուսական կողմը նման քայլեր անելու որևէ շարժառիթ ու հիմք չունի։ Եթե կլինեն մարդիկ, որոնք կփորձեն նման բան անել, որպեսզի սեպ խրեն հայ-ռուսական հարաբերությունների մեջ՝ այլ հարց է։ Բայց կոնկրետ Ռուսաստանը, չեմ կարծում, որ որևէ շարժառիթ ունի նման բան անելու»,- եզրափակեց Հովիկ Աղազարյանը։