«Մարդիկ այնտեղ ողբի մեջ ապրում են, ես գնամ երգեմ՝ «Հայ քաջե՞ր», ես կգժվեմ․․․ ամաչում եմ գնամ ու նայեմ Աղավնոյի բնակիչների աչքերին»․ Անդրանիկ սարկավագ
Մի խումբ երիտասարդ կամավորներ որոշել են ազգային երգերի երկօրյա փառատոն կազմակերպել Աղավնոյում՝ նպատակ ունենալով ազգային երգերի շունչը ևս երկու օր տարածել հայկական տարածքներում, որոնք օգոստոսի 25-ին հանձնվելու են թշնամուն։
168.am-ի հետ զրույցում «Սասուն» ազգային երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, ում ևս հրավիրել են մասնակցելու Աղավնոյում կայանալիք փառատոնին, ասաց, որ մտորումների մեջ է՝ գնա՝ ի՞նչ երգի իր այն եղբայրների ու քույրերի համար, որոնք մի քանի օրից կորցնելու են իրենց տարիներով ստեղծած տունը։
«Ասել են, որ վաղը գնամ Աղավնո ելույթ ունենամ, համաձայնել եմ, բայց տեսնում եմ, որ Աղավնոյում լույս չկա, մարդկանց մի մասն իրենց տունը այրում է, նման պայմաններում գնամ՝ ի՞նչ երգեմ, անկեղծ, ամաչում եմ։ Ինքս միշտ պատրաստ եմ ծառայել իմ ժողովրդին, հայրենիքին, իմ հող ու ջրին, բայց ի՞նչ երգեմ, ի՞նչ, ինքս ամաչում եմ գնամ ու նայեմ Աղավնոյի բնակիչների աչքերին։
Մարդիկ այնտեղ ողբի մեջ ապրում են, ես գնամ երգեմ՝ «Հայ քաջե՞ր», ես կգժվեմ, ինչպե՞ս կարող եմ։ Եթե սգո պարեր լինեն, խնդրեմ, կամ ողբ երգեմ, հասկանամ, որ ինքներս մեզ արդեն ողջ-ողջ հուղարկավորում ենք։ Սա մեզանից արդեն հեռու չէ, որովհետև ինձ էլ իմ տանը՝ իմ ընտանիքի ու արվեստի հետ սպանում են»,- նշեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։
Նա նշեց, որ ցավ է ապրում՝ տեսնելով, թե ինչպես են մարդիկ իրենց տները լքում, եթե չլքեն, ի՞նչ կարող են անել, սպասեն, մինչև թշնամին գա, սպանի՞, որովհետև իշխանավորներն արդեն ամեն ինչ պայմանավորվել են՝ այդ տարածքները տալիս են։
«Այսօր որևէ իշխանավոր ինչո՞ւ չի գնում ու ասում՝ մնացեք տներում, դուրս մի եկեք, եթե հոտի հովիվը, տվյալ պարագայում՝ երկրի ղեկավարը չի քայլում ժողովրդի առջևից, ժողովուրդն ի՞նչ անի։ Ասում են՝ մարդիկ ի հայտ են գալիս գործերով, հիմա եթե այդ առաջնորդը չի գնում, մարդիկ առանց զենքի գնան կանգնե՞ն, դառնան «էշ» նահատա՞կ։ Առաջնային խնդիրը սա է, որ հոտի հովիվը պետք է կանգնած լինի իր հոտի կողքին, բայց եթե նա ուրացել է ժողովրդին, երկրին, ապա պետք է լավ բան չսպասենք։ Ուստի պետք է մտածենք, ճանապարհներ փնտրենք, թե ինչ պետք է անենք, որպեսզի նման հովիվ չունենանք։
1915 թվականին թուրքը հայերին լցնում էր մարագներն ու վառում էր՝ մեծից փոքր, որպեսզի որքան հայ ազգն ապրի աշխարհում և տեսնի թուրքին՝ վախից փախնի։
Իմ իշխանավորը տունը կորցրած արցախցիներին ասում է՝ եթե տունդ այրես, ապա որևէ բան չեմ տալու, սրանով այդ բնակիչներին, բացի ստորացնելուց, նաև դարձնում են ստրուկ։ Ներսի թուրքերն այս ամենի վրա առևտուր են անում։
Եթե բանը հասել է դրան, ուրեմն՝ բոլորն իրենց տները պետք է հավասարեցնեն հողին, այնպես անեն, որ թշնամին տարիներով չկարողանա վերականգնել»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նաև հավելեց՝ Աստված կարոտ պահի Հայաստանի ներսի թշնամուց ու չարից, քանի որ թշնամին դիմացդ կանգնած է, և հստակ գիտես՝ նա ով է։
«Ցավում եմ մեր ազգի ու երկրի համար, մեր հողն ու ջուրը մեղք է։ Թեպետ դեռ Երևանը չեն հանձնում, բայց ինձ էլ Աղավնոյի ու մյուս բնակավայրերի բնակիչների նման իմ տանից հանում են, որտեղ 30 տարի ապրում ու ստեղծագործում եմ։
Ձուկը գլխից է հոտած, այս ղեկավարներն իրենց նազիր-վեզիրներով թող մտնեն ուղիղ եթեր, խոսեն, ժողովրդին ոտքի հանեն, թե՝ եկեք, գնում ենք Արցախ։ Թե բա՝ բաներ կան, պետական գաղտնիք է, չենք ասում, ի՞նչ պետական գաղտնիք, ազգիդ վերացնում են, դու պետական գաղտնիք ես խաղում քո անձնական շահի ու միլիարդների համար։
Միակ ղեկավարը, որն այսօր իր երկրի մասին մտածում է՝ ՌԴ նախագահ Պուտինն է, նա ամբողջ աշխարհին ասաց, որ եթե աշխարհը չի ուզում ռուս ազգը լինի, ես էլ չեմ ուզում աշխարհը լինի։ Հիմա թե ինչ կանի կամ չի անի, արդեն հարցի մյուս կողմն է»,- եզրափակեց Անդրանիկ սարկավագը։