«Նման տեղերը զբոսանքի համար չեն․ պայթյունից հետո անգամ երեխաների հետ եկել էին «Սուրմալու»-ի տարածքում շրջելու». Արման Հայրապետյան

Երեկ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո Արման Հայրապետյանը որոշել է ընկերների հետ գնալ և մասնակցել կամավորական աշխատանքներին: 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա նշեց, որ գիշերային հերթափոխին է մասնակցել:

«Կարևորն այն է, որ մինչև գնալդ պատրաստ լինես՝ իմանաս՝ ինչ հագնել, ինչ վերցնել, ինչ անել տեղում: Մի քանի ընկերներով գնացինք, երբ հասանք այնտեղ, անմխիթար վիճակ էր: Ավելի կազմակերպված էինք սպասում ամեն ինչ տեսնել: Նախ՝ չգիտեինք՝ ում մոտենալ, ինչ անել: Շատ մեծ ծավալի աշխատանք չենք արել, շատ մարդ կար, իրար խանգարում էին, համակարգված չէր: Խմբերի աշխատանքը պետք է կառավարվեր, թե ով որտեղ աշխատի, անվտանգության կանոնների պահպանումը հսկվեր: Մինչև այնտեղ հասնելը մենք մտել էինք շինարարական խանութ և գնել ամեն անհրաժեշտ պարագա՝ սկսած պաշտպանիչ ակնոցներից՝ մինչև դիմակ, ձեռնոցներ, լապտերներ, սաղավարտ և այլն: Հագել էինք նաև համապատասխան հագուստ: Շատերն ուղղակի եկել էին՝ ոնց պատահի, նաև տեղում չկային անհրաժեշտ պարագաներ, որպեսզի աշխատանքներին միանալիս՝ նրանց անվտանգությունը չվտանգվեր»,- ասաց նա:

Հարցին՝ փրկարարներ այնտեղ շա՞տ են եղել, որովհետև անհետ կորածներից մեկի հարազատը լրատվամիջոցների հետ զրույցում նշում էր, որ գիշերը այնտեղ փրկարարներ շատ քիչ են եղել և հիմնական աշխատանքը կամավորներն են իրականացրել, նա պատասխանեց.

«Կարծում եմ, որ փրկարարները պետք է ավելի շատ լինեին, կամավորներն էին շատ-շատ, երբեմն՝ իրար խանգարում էինք, գուցե որոշ տեղերում պետք է ավելի շատ փրկարարներ լինեին, քան կամավորներ, գուցե որոշ տեղերում փրկարարների աշխատանքը չէր երևում, որովհետև իրենք աշխատում էին այլ գծում, բայց ամեն դեպքում մարդկանց առաջին հերթին արդյունքն է հետաքրքրում: Արդյունքի համար պետք է այդ ամենը ավելի լավ կազմակերպված լինի»:

Կարդացեք նաև

Նա ընդգծեց՝ ճշմարտություն կա հարազատների այն պնդումներում, որ եթե աշխատանքներն ավելի համակարգված լինեին, իրենց հարազատներին գուցե արդեն հայտնաբերած լինեին. «Շատ բան վայրկյաններից է կախված, հատկապես նման գործողությունների ժամանակ, օրինակ՝ լռության պահը ապահովելը: Երբ մի թեթև ձայն ես լսում, լույս ես տեսնում, պետք է շատ արագ կազմակերպել լռությունը, որպեսզի հաջորդ վայրկյանին արձակված ձայնը լսես կամ լույսը տեսնես: Բավականին ժամանակ էր գնում, մինչև մեկը մյուսին էր ասում, հետո տեխնիկան աշխատեցնողներին էին զգուշացնում, և այլն, ինչը ժամանակ էր խլում»:

Արման Հայրապետյանը նշեց, որ աշխատանքներին խանգարում էր նաև այն մարդկանց ներկայությունը, որոնք պարզապես գնացել էին այնտեղ՝ տեսնելու, թե ինչ է կատարվում. «Գուցե դա պետք է մտցնել մարդկանց մեջ, որ նման տեղերը զբոսանքի համար չեն, մենք անգամ տեսանք, որ ընտանիքներով երեխաների հետ եկել էին տարածքում շրջելու: Եթե անգամ անվտանգ է տարածքում՝ պայթյունի առումով, որովհետև մի քանի գիծ այն կողմ էին, բայց շատ ուժեղ փոշի էր և ծուխ: Անգամ հարյուրավոր մետրեր այն կողմ այդ ծուխը դու շնչում էիր, և այդ ժամին գալ երեխայի հետ այդտեղ շրջել, նշանակում է՝ վտանգել սեփական և երեխայի առողջությունը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս