«Ադրբեջանցին 50 մետր հեռավորության վրա է, ու այդ հատվածում պետք է հայ գնա ապրի՞, ինչպե՞ս կարող են ապրել». Աղանուսի համայնքապետ

Օգոստոսի 9-ին Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել էր, որ պատերազմի օրերին Քաշաթաղի շրջանի Աղանուս համայնքի տարածքը հանձնվեց, բայց այսօր Բերձորի այլընտրանքային ճանապարհի կառուցման պայմաններում այդ համայնքի տարածքը վերադառնում է միջանցք. դուրս է գալու Ադրբեջանի վերահսկողությունից։

«Ես դեմ եմ տները վառելուն: Արդեն մի անգամ Չարեքթարը վառել են, թյուրիմացաբար ասեմ, թե միտումնավոր, և այսօր 100 միլիոնավոր դրամներ ենք ծախսում այդ գյուղը վերականգնելու համար։ Ընդամենը մեկուկես տարի է անցել, ինչ Աղանուս համայնքի տարածքը հանձնվեց, բայց այսօր այդ համայնքի տարածքը վերադառնում է միջանցք. դուրս է գալու Ադրբեջանի վերահսկողությունից, բայց այնտեղ ամեն ինչ թալանված ու այրված է՝ սկսած առաջին պատերազմի տարիներից՝ մինչև 2020 թվական: Մեղվաձոր, Հունանավան, Մելիքաշեն, Մարաթուկ բնակավայրերի մասին է խոսքը: Եթե բնակֆոնդը թողնեինք այդ միջանցքում, այսօր այդտեղ հանգիստ կարող էինք բնակեցում անել, բայց այսօր այնտեղ միայն պատեր են վառված ու ավերակներ: Եթե բնակֆոնդը պահպանված լիներ, ապա այդ միջանցքն այսօր հանգիստ կարող էինք բնակեցնել: Ներկայում այնտեղ միայն վառված պատեր են ու ավերակներ»,- ասել է Հայկ Խանումյանը՝ նշելով, որ Աղավնոն շատ մոտ է գտնվում Արցախը ՀՀ-ին կապող նոր երթուղով նախատեսված միջանցքին, և հայտնի չէ, թե մեկուկես-երկու տարի հետո ինչպես կփոխվի իրավիճակը:

«Չէի ցանկանա, որ ամեն ինչ մեր օգտին ընթանալու դեպքում, Աղավնո վերադառնալուց հետո, նույն կերպ այրված ու սևացած պատեր տեսնեինք։ Հետևաբար, կտրուկ դեմ եմ որևէ բան այրելուն, թալանելուն, քանդելուն»,- ասել էր Հայկ Խանումյանը։

168.amԱղանուս համայնքի ղեկավար Արտակ Աբրահամյանից հետաքրքրվեց՝ Բերձորի այլընտրանքային ճանապարհը կառուցելու դեպքում, նպատակ ունե՞ն վերադառնալու գյուղ, և պատերազմից հետո ի՞նչ վիճակում են թողել գյուղը։

Կարդացեք նաև

«Ինքս Աղանուսից վերջինն եմ դուրս եկել՝ 2020 թվականի դեկտեմբերի 1-ին։ Մեզ մոտ եղել է գեներալ Վարդան Ավետիսյանն իր տղաների հետ։ Ես մնացել եմ գյուղում, բնակիչներին հանել ենք, կարճ ժամանակահատվածում բոլորին տեղափոխել են Հայաստան, ես մնացել եմ մեր կամավոր տղաների հետ։ Վստահեցնում եմ՝ որևէ տուն այրված չի եղել, բացառվում է, ուղղակի զարմանում եմ, թե ինչո՞ւ է Հայկ Խանումյանը նման բան ասել։ Հայկ Խանումյանին շատ լավ եմ ճանաչում, ինքն ինձ մոտ համայնքում եղել է, մեր մոտով իրենք խմբով պատերազմի օրերին գնում էին Խծաբերդ։ Զարմանում եմ, որ նման բաներ են ասում, դրանք իրականությանը չի համապատասխանում»,- ընդգծեց Արտակ Աբրահամյանը։

Նա նշեց, որ Աղանուսի տները միայն թալանվել են, քանի որ բնակիչները դուրս էին եկել, իսկ կամավորականներն էլ դիրքերում էին, հետևաբար՝ պարզ է, որ հայերից մտել ու գյուղի տները թալանել են։

«Հիմա այդ տները կան, մեջն ապրանք չկա։ Ճիշտ է, այդ տները լավ վիճակում չեն, քանի որ, երբ գյուղը վերաբնակեցվել է, բնակիչները բնակվել են 4-րդ կարգի վթարային տներում։ Իրական պատկերը սա է։ Գյուղը վերաբնակեցվել է մոտավորապես 1994 թվականի վերջերին, իսկ ես Աղանուսում վերաբնակեցվել եմ 1999 թվականին»,- ասաց նա։

Աղանուսի համայնքապետը փոխանցեց նաև, որ խոսել է համայնքի բնակիչների հետ, որևէ մեկը չի ցանկանում վերադառնալ գյուղ, ոչ թե՝ որ տները լավ վիճակում չեն, այլ՝ չունեն երաշխիք, որ թշնամին որոշ ժամանակ անց գյուղ չի մտնի։

«Բնակիչների հետ խոսել եմ։ Ինքս զարմանում եմ Հայկ Խանումյանի հայտարարության վրա, քանի որ նա անձամբ շատ լավ գիտի, որ մենք 2 տարի առաջ Աղավնո հանձնելու խնդիր չունեինք, բայց այսօր կանգնած ենք այն հանձնելու խնդրի առջև։ 30 տարի բնակիչն ապրել է վառված շինության տակ, ծանր վիճակում, բայց չի հուսահատվել։ Տա Աստված, որ փոփոխություններ տեղի ունենան, և հայկական տարածքների որոշ հատված տան, սակայն դրան չեմ հավատում։ Մեզ խաբել են ու շարունակում են խաբել, ինձանից էլ լավ գիտեք՝ ինչ վիճակ է։

Երբ 2020 թվականի դեկտեմբերին առհասարակ նպատակ չունեի դուրս գալու գյուղից, քանի որ մեր վարչական տարածքում որևէ ադրբեջանցու ոտք չի դրվել, մենք գյուղը թողել ենք ռուսական հրամանատարությանը, որովհետև գեներալ Ավետիսյանին հրաման էր եկել, որ պետք է դուրս գանք այդ տարածքից։ Մենք էլ այն հանձնեցինք ու դուրս եկանք։ Հիմա ադրբեջանցին 50 մետր հեռավորության վրա է, ու այդ հատվածում պետք է հայ գնա ապրի՞, ինչպե՞ս կարող են ապրել, նման բանի չեմ հավատում, մեզ տարիներ են պետք դրա համար»,- հավելեց Արտակ Աբրահամյանը։

Այս պահին Աղանուսի գյուղապետն ապրում է Երևանում, կեսկատակ-կեսլուրջ ասաց՝ Երևանում փողոցում են ապրում, ժամանակավոր այս ու այն տարածքում, անորոշ ինչ-որ ժամանակ են շահում։ Այս պահին էլ նպատակ չունի վերադառնալու Արցախ, խնդիրը հոգեբանական վիճակն է։

«30 տարի մեր ամբողջ երիտասարդությունը ներդրեցինք այդ հողը շենացնելու համար, այս պահին դժվար է գնալ ու այդ ամենը տեսնել ուրիշի ձեռքում։ Սա շատ դժվար հարց է։

Աղանուսը վերաբնակեցման օրվանից մինչև պատերազմն ունեցել է մոտավորապես 300-ից ավելի ընտանիքներ, բայց, օրինակ, ընտանիք եղել է, եկել, մեկ ամիս ապրել է ու հեռացել է։ Սակայն վերջնափուլում ունեցել ենք 13 ընտանիք՝ 102 շունչ։

Աղանուսը խոշորացված համայնք է՝ Մեղվաձոր և Ապրան գյուղերի հետ միասին»,- եզրափակեց Արտակ Աբրահամյանը։

Տեսանյութեր

Լրահոս